ՍԻՈՆԻԶՄԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Այս գիրքն, իմ կարծիքով, չափազանց ճշգրիտ վերնագիր ունիՙ «Անբացատրելի անտարբերություն»: Հեղինակը հրեա գրող Յաիր Աուրոնն է: Բնօրինակը գրված է Իսրայելի հինավուրց պաշտոնական լեզուներից մեկովՙ եբրայերենով: Թարգմանված է անգլերեն, ռուսերեն, իսկ հիմա արդենՙ հայերեն: Ես այն տպավորությունն ունեմ, թե ողջ կյանքում սպասել էի այս գրքին (հենց այս, հենց այսպիսի): Նույնիսկ երազում էի այդ գրքի համար գրել ներածական խոսք, անհրաժեշտ առաջաբան: Եվ առաջինը, ում հայտնեցի իմ «Խոսք»-ի իմաստն ու էությունը, հենց Յաիր Աուրոնն էր, որը եկել էր մեզ մոտՙ Երեւան, որտեղ տպագրության էր նախապատրաստվում նրա «Անբացատրելի անտարբերություն» գիրքըՙ հայերեն: Հայաստանն այսօր մեկ երրորդով գտնվում է, ավելի ճիշտՙ բնակվում է օտարության մեջ: Երկիր մոլորակի բոլոր հինգ աշխարհամասերում: Համարյա հարյուր երկրներումՙ ՍՓՅՈՒՌՔ ընդհանրացված անվամբ: Երեւույթն աննախադե՞պ է: Ո՛չ, կա եւս մի այդպիսի երկիր եւ այդպիսի ժողովուրդ: Իսրայելը եւ հրեաները: «Սփյուռք» տերմինը սկզբնապես կապված է եղել բացառապես Իսրայելի հետ: Դա եղել է մեր թվարկությունից առաջ VI դարում: Բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքան ավերեց Երուսաղեմը եւ բռնությամբ Բաբելոնում վերաբնակեցրեց բնիկ հուդայականներին: Օտարության մեջ նրանց գտնվելու ժամանակը պատմության մեջ մտավ որպես «Բաբելոնյան գերություն»: Հենց այդ ժամանակ էլ հայտնվեց «սփյուռք» տերմինը: Վերաբնակեցումը: Հին ժամանակներում այդ բառը մեկնաբանում էին որպես «Պաղեստինից դուրս (մ.թ.ա. 586-539 թվականների Բաբելոնյան գերությունից հետո) վերաբնակված հրեաների ամբողջություն»: Անհամար են օրինակները, երբ ավերելով երկիրը, հակառակորդը օտարության մեջ է բնակեցնում տեղի բնակչությանը: Եվ այդպիսով, շատ ժողովուրդներ, կամ դրանց մասը, հայտնվելով պատմական հայրենիքի սահմաններից հեռու, աստիճանաբար ուծացվում էին, կորցնում իրենց ազգային ինքնությունը: Մի խոսքով, խոր մտորելիս գիտակցում ես, որ վերջնական արդյունքում խոսքն ամենաիսկական ցեղասպանության մասին է, ժողովրդի, տոհմի ոչնչացման մասին: Եվ իրոք, մարդկության պատմությունը հարուստ է օրինակներով, երբ ամբողջ ժողովուրդներ պարզապես դադարել են գոյություն ունենալ: Իսկ նման ողբերգություն, որպես կանոն, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ժողովուրդը կորցրել է անկախությունը, պետականությունը, հայրենիքը: Այդ ողբերգական ճակատագրին բազմիցս են արժանացել երկու հինավուրց պետություններ, երկու ժողովուրդներ. Հայաստանը եւ Իսրայելը: Հայերը եւ հրեաները: Եվ այն, որ երկուսն էլ գոյատեւել են մինչեւ XX դար, բոլորովին էլ հրաշք չէ: Դա հանուն ազգի գործուն հիշողության մղված հավերժական, անվերջանալի պայքարի արդյունք է: Ինքն իրեն եւ սեփական պարտությունը հաղթելու գործուն կարողություն: Գործուն գիտակցումն այն բանի, որ ժողովուրդները պետք է ապրեն իրենց համար, բայց արարեն ողջ մարդկության համար: Եվ դարձյալ իմաստունն ասել է, թե ինքնապաշտպանությունը ոչ միայն յուրաքանչյուր ազգի բնական իրավունքն է, այլեւ պարտականությունըՙ ողջ մարդկության հանդեպ: Այդ իմաստունը հայ մեծ ռազմավար եւ փիլիսոփա Գարեգին Նժդեհն էր: «Իմ մահազանգն է հնչում, ես վախկոտ չեմ եւ կարող եմ հանգիստ դիմավորել վախճանը, առավել եւս, որ զուր չեմ կորցրել կյանքիս վերջին տարիները... ես կարծում եմ, որ վատ չեմ ծառայել իմ ժողովրդին». իսկ այ սա ասել է մեկ ուրիշ իմաստունՙ հրեական պետության նախագուշակ Թեոդոր Հերցլը: Կրկնում եմ, երկու ժողովուրդներն էլ գոյատեւեցին եւ իրենց երազանքը հասցրին մինչեւ XX, գուցե եւ ամենաքաղաքակիրթ, գիտական հայտնագործություններով ամենահարուստ դար: Եվ հենց այդ, մշակույթի ու գիտության գլուխգործոցներով առլեցուն դարում երկու ժողովուրդներՙ հայերը եւ հրեաները ընտրողաբար դարձան մարդկության ողջ պատմության մեջ ամենածանր, պետական քաղաքականության աստիճանի բարձրացված հանցագործությունների զոհեր, պանթուրքիզմի կողմիցՙ Հայոց ցեղասպանության եւ գերմանական նացիզմի կողմիցՙ հրեական Հոլոքոսթի հրեշավոր հանցագործությունների զոհեր: Այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար բոլորովին էլ ինքնանպատակ բան չէ: Ավելին, խնդրի նկատմամբ նման մոտեցումը, կարծում եմ, վիրավորական կլիներ մեր ժողովրդի համար: Քանզի պահանջելով հայկական հարցի արդարացի լուծում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ցեղասպանության հանցագործության եւ դրա համար պատիժ կրելու մասին» համաձայնագրի (9 դեկտեմբերի, 1948թ.) շրջանակներում, խոսքն այսօր նաեւ այն մասին է, որ ապագայում կանխվեն ու կանխարգելվեն մարդկության դեմ հանցագործություններըՙ համամոլորակային մակարդակով: Հիշենք, թե ինչպես 1939 թվականի օգոստոսի վերջին իր մարդասպաններին ուղղելով դեպի Լեհաստան, Հիտլերը հանգիստ ու ինքնաարդարացմամբ նրանց հետեւից լկտիաբար նետեց, թե ավերե՛ք, սպանե՛ք, մորթե՛ք, հրկիզե՛ք, առանց վախենալու բարոյական պատասխանատվությունից, միաժամանակ հավելելով. «Ո՞վ է այսօր հիշում թուրքերի կողմից հայերի ոչնչացման մասին»: Ի դեպ, այդ մասին եւս Յաիր Աուրոնը գրում է իր գրքում, որը թարգմանվեց հայերեն եւ հրատարակվեց Երեւանում շնորհիվ հայտնի գործարար եւ բարեգործ Կարեն Բաղդասարովի : Կարծում եմ, զուր են շատերը վկայակոչում Գերմանիայի բավական ցայտուն, եթե կարելի է այդպես ասելՙ նախադեպային օրինակը, որը ոչ միայն ճանաչեց Հոլոքոսթը որպես ֆաշիստական Գերմանիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործության փաստ, այլեւ սկսեց հրեաների նկատմամբ տրամաբանական գործընթացՙ ռեստիտուցիա եւ ռեպարացիա (փոխհատուցման եւ վերադարձման): Սակայն աչքաթող չանենք մի կարեւոր հանգամանք. Գերմանիան Թուրքիա չէ: Ես բազմիցս եմ համոզվել, որ մեր ժողովուրդը առանց ակնհայտ հանդիմանության եւ գիտակցված ըմբռնումով է մոտենում Իսրայելի, ավելի ճիշտՙ Իսրայելի կառավարության եւ երկրի պառլամենտի լռությանը: Քանզի, ինչպես հնում իմաստունն է ասել, ժողովրդի կարծիքն արտացոլվում է ոչ թե կառավարության որոշումներում, այլ փիլիսոփաների աշխատություններում: Եվ ահա իր գրքի նախաբանի առաջին իսկ տողերով Աուրոնն ընդգծում է, որ իր հետազոտության գլխավոր նպատակը կայանում է ոչ թե պաշտոնական կարծիքն ընկալելու մեջ, այլ «հասկանալու Պաղեստինի հրեական համայնքի եւ սիոնիզմի առաջնորդների վերաբերմունքը XX հարյուրամյակի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման նկատմամբ»: Ինձ համար ամենակարեւորը, եթե չասենքՙ ամենատրամաբանականը այն է, որ Աուրոնը չի կենտրոնանում միայն 1915 թվականի վրա, այլ պատմությանը քաջատեղյակ, ընդգծում է. «Հայերի նկատմամբ հաշվեհարդարներն սկսվեցին XIX դարի վերջին տասնամյակներին եւ բարձրակետին հասան XX դարի սկզբին»: Այսինքն, այնպես, ինչպես մենքՙ հայերս ենք արդեն շատ տարիներ պահանջում մեր խորհրդարանից, ուղղում մտցնել 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված Հայոց ցեղասպանության մասին օրենքի մեջ, ընդամենը 1915 թվականի փոխարեն նշելով 1893-1923 թվականները: Կարդալով «Անբացատրելի անտարբերություն» գիրքը, չեմ թաքցնում, հաճախ էի մտածում, որ մեր երկու ժողովուրդների պատմությունը, ցավն ու ողբերգությունը նման են: Թվում է, թե նման եւ միանման պետք է լինեին տրված գնահատականները: Բայց այդպիսի բան, չգիտես ինչու, բացորոշ եւ անկեղծորեն տեղի չունեցավ: Մեկ անգամ չէ, որ անձամբ զգացել եմ, թե ինչպես է հոգիս ճնշում իրոք անբացատրելի մի միտք, թե մի ինչ-որ հակասական բան է կատարվում: Չգիտես ինչու, որոշակի տարբերություններով են մեկնաբանվում «ցեղասպանություն» եւ «հոլոքոսթ» հասկացությունների իմաստն ու էությունը: Եվ այդ տարբերակման մեջ մի ինչ-որ մտացածին բան կա: Ես չէի ասի, թե Յաիր Աուրոնը միանշանակ հավասարության նշան է դնում երկու տերմինների միջեւ: Նա անկեղծորեն խոստովանում է, որ Իսրայելում հակված են ընդգծելու «հոլոքոսթ» հասկացության յուրահատկությունըՙ երբեմն առանց համեմատելու կամ հղումներ կատարելու այլ ժողովուրդների նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողություններին: Հեղինակի կարծիքով, այդ ամենը չի նշանակում նույնականացում: Նմանությունը հավասարության նշան չէ: Աուրոնը տարբերությունը փնտրում է ոչ թե բուն տերմիններում, այլ երկու ժողովուրդների պատմության փաստերում եւ, ես կասեիՙ նրանց աշխարհագրության պատմության փաստերում: Նա գրում է, որ շատ դարերի ընթացքում երկու փոքրամասնություններըՙ հրեաները եւ հայերը, ապրել են մեծ տերությունների ստվերում, եւ միաժամանակ ընդգծում է, որ երկուսն էլ ակնհայտորեն տարբերվում էին կայսերապետական ժողովուրդներից էթնիկական եւ կրոնական հատկանիշներով: Եվ բերում է պատմական օրինակներ. «Այն բանից հետո, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, հայերի մեծամասնությունը մնաց ապրելու իր պատմական հայրենիքում եւ շատ դարեր քրիստոնեական անկլավ էրՙ մահմեդական Թուրքիայում: Իսկ հրեաները վտարվեցին իրենց հողից եւ կարողացան վերադառնալ միայն շատ սերունդներ անց»: Կարդալով Յաիր Աուրոնի գիրքը, ակամա մտորում ես, որ առհասարակ ոչ մի իմաստ չունի բանավիճել «ցեղասպանություն» եւ «հոլոքոսթ» տերմինների շուրջը: Վերջիվերջո, բուն «ցեղասպանություն» տերմինը, ինչպես հայտնի է, կիրառվել է ընդամենը 1933 թվականին, հրեա իրավագետ Ռաֆայել Լեմկինի կողմից (ի դեպ, Աուրոնն էլ է գրում այդ մասին), իսկ «հոլոքոսթը», ինչպես արդեն նշել ենք, խոշոր հաշվարկով բառացիորեն եզակի տերմին է, յուրահատուկ, այսպես ասածՙ միակը իր տեսակի մեջ: Խոսքը, եթե կուզեք իմանալ, սեփական առանձնահատուկ կոդի մասին էՙ խորհրդանիշների, նշանների, պատմական ընկալումների իր ամբողջությամբ: Մի խոսքով, «Հոլոքոսթը» շատ ավելի լայն հասկացություն է, քան միայն օսվենցիմյան «հիմնահատակ հրկիզումը»: Գրքի հեղինակը հաստատում է, որ հրեաները եւ հայերը պարզապես ազգային-կրոնական փոքրամասնություն չէին, որը տուժեց հզոր մեծամասնության ձեռքից, որ նրանք իրենք են զոհի վերածվել, եւ ոչ մեկ անգամ, քանզի «զոհի ինքնազգացողությունը նրանց ինքնագիտակցության եւ վերաբերմունքի կարեւոր մասն էր այն հասարակության հանդեպ, որում ապրում էին»: Եվ ապա երկրորդ հավելվածով ներկայացնում է իր հայրենակից Շմուել Տոլկովսկու խոսքը, գրված 1918 թվականին, երբ Թուրքիայում դեռեւս շարունակվում էր հայերի ցեղասպանությունը. «Մենքՙ սիոնիստներս, հայ ժողովրդի ճակատագրին վերաբերվում ենք խորին եւ անկեղծ կարեկցանքով: Եվ կարեկցում ենք որպես հրեաներ, քանզի վտարումը նախնյաց հողից, դեգերումների դարերը ողջ երկրագնդով մեկ, դարձրել են մեզ, համարձակվում եմ ասել, մասնագետներ նահատակության գծով: Մարդկայնության մասին մեր հասկացությունները սրված են ծայր աստիճան, այնքան, որ ուրիշների տառապանքը, նույնիսկ նրանց, ովքեր օտար են մեզ արյամբ եւ ապրում են հեռավոր եզերքներում, դիպչում են մեր հոգիների խորքային լարերին եւ տառապանքի գծով մեր եղբայրակիցների հետ մեզ կապում են խորին կարեկցանքի թելերով, որը կարելի է կոչել նաեւ համերաշխություն վշտում: ...Ես, չգիտես ինչու, բոլորովին չզարմացա, որ մի բարի, սրտագին հրեա վերցրել ու մի բարի, սրտագին գիրք է գրել: Մի շատ կարեւոր եւ շատ անհրաժեշտ գիրք: Բոլորովին չզարմացա նաեւ, որ գրքի հրատարակման ոգեշնչողըՙ Կարեն Բաղդասարովը, կազմակերպեց նաեւ Յաիրի այցը Երեւան: Հիշարժան երեկո անցկացրինք այդ համեստ, ժպտուն, լուսավոր ճակատով մարդու, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի հետ: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը եւ գրքի թարգմանիչ Աննա Սաֆարյանը: Խոսք գնաց նաեւ Հավելվածների առանձնահատուկ կարեւորության մասին, որոնցով Աուրոնը ներկայացրել էր «վշտի ու տառապանքների գծով մեր եղբայրների» նյութերը, գրված հայերի դեռեւս շարունակվող ցեղասպանության ժամանակներում, 1916-1918 թվականներին: Հենց այդ ժամանակ է հնչել Շմուել Տոլկովսկու նվիրական, եղբայրական սրտացավությամբ լեցուն հարցը. «Իսկ նրանց մեջ, ովքեր տառապում են մեր կողքին, կա՞ արդյոք մեկ ժողովուրդ, որի զոհացուցակն այդքան նման լինի մերին, որքան հայ ժողովրդինն է»: Կրկնում եմ, սա գրվել է այն ժամանակ, երբ Արեւմտյան Հայաստանի բոլոր հայկական տներում արյուն էր հեղվում, երբ ողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես վերածվել էր մեծ նահատակի: «Զոհացուցակը» հենց սա է. բառ, որն այնքան ծանոթ է նաեւ հրեա ժողովրդին, բառՙ հունական ծագմամբ («մարտիրոլոգ»), որ թարգմանվում է որպես «խոսք նահատակի մասին», հալածանքների ու հետապնդումների զոհերի մասին: Եվ այդ կապակցությամբ ես կասեի, որ Յաիր Աուրոնի գիրքը ոճական առումով ե՛ւ զոհացուցակ է, ե՛ւ գիտական մենագրություն: Հեղինակը մշակել է մեծաքանակ արխիվային նյութեր, հանդիպել է բազմաթիվ հետազոտողների հետ, այդ թվում նաեւ ականավոր հայ հեղինակների: Յաիր Աուրոնն ինչ-որ բանով ինձ հիշեցնում է իր հայրենակցինՙ խորհրդային ականավոր վիպագիր, էսսեիստ եւ, որ ամենակարեւորն էՙ հրապարակախոս Իլյա Էրենբուրգին, որն իմ սերնդին նվիրեց լեգենդար «հալոցք» բառը, որով մեր պատմության մեջ փոխաբերաբար նշում ենք Ստալինի մահից հետո ընկած ժամանակահատվածը: Ես բախտ եմ ունեցել հանդիպելու այդ զարմանալի մարդու հետ: Մեկ անգամ չէ, որ գրել եմ մեր հանդիպման մասին: Եվ հաճախ եմ վկայակոչել նրա զուլալ, անկեղծ, ես կասեիՙ մի ինչ-որ առնականությամբ արտասանված բառերը. «Մարդու մասին կարելի է դատել արդեն նրանով, թե ինչպես է նա վերաբերվում հայերի ցեղասպանությանը»: Այո, Յաիրն իրոք ինձ հիշեցնում է այդ հանճարեղ մարդուն: Ես այդ մասին պատմեցի իմ բարեկամ Կարեն Բաղդասարովին եւ, հիշում եմ, հարցրի նրան. - Քեզ չի՞ զարմացնում, որ այս մարդը, մի կողմ դրած իր բոլոր գործերը, ձեռք է մեկնել դժվարությամբ ու բարդությամբ այդքան դժոխային աշխատանքի: Չէ՞ որ նա ուսումնասիրել է հարյուրավոր, եթե չասենքՙ հազարավոր պատմական փաստաթղթեր: - Չի զարմացնում,- վստահությամբ ասաց Կարենը,- պարզապես այդ մարդը շատ է սիրում իր ժողովրդին: |