RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1940, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 51

«ՔՈՌ-ՔՈՌ» Ի՞ՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆՔ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդյոք Հայաստանն ու Եվոմիությունը վերջնականապես համաձայնեցրե՞լ են Ասոցացացման համաձայնագրի բոլոր դրույթները, քանի որ արդեն աշնանը Վիլնյուսում այն պետք է նախաստորագրվի: Բնականաբար` համաձայնագիրը եվրոպական ընդհանուր մոտեցումների վրա տվյալ երկրների խնդիրներին համապատասխանեցվող մի պլատֆորմ է, որն առաջարկվում է Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին, Բելառուսին, Ադրբեջանին (յուրաքանչյուր երկրի հետ բանակցությունները տարբեր փուլերում են), սակայն, անշուշտ, տեղայնացված փաստաթղթերում կլինեն դրույթներ, որոնք կվերաբերեն տվյալ երկրների ամենակարեւոր խնդիրներին:

Հետեւելով Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների տարբեր ռաունդներին` հանգում ենք այն եզրակացության, որ այս պահին, երբ երեք ամսից համաձայնագիր է ստորագրվելու, այն պետք է հրապարակված լիներ, եւ հանրությունը դետալ առ դետալ պետք է իմանար` ինչի՞ մասին է խոսքը: Շատ զարմանալի է, որ մինչեւ հիմա անգամ փորձագիտական շրջանակները չգիտեն ըստ էության ի՞նչ է այդ փաստաթուղթը, չնայած տարբեր հանդիպումներում եւ քննարկումներում այնտեղ արտացոլված շատ խնդիրների մասին խոսվել է: Հասկանալի է, որ այն հիմնված է եվրոպական 6 աներկբա գերակայությունների վրա, նրա բաղկացուցիչն է Խոր եւ համապարպակ առեւտրի գոտու համաձայնագիրը, եւ որ` մեր երկրի ներքին բարեփոխումներն այդ համաձայնագրի առյուծի բաժնի առարկան են: Սակայն երկրի հետագա ուղու վերաբերյալ մի փաստաթուղթ, որը երեք ամիս հետո նախաստորագրվելու է (եթե նախաստորագրվելու է), եւս մի երեք ամսվա մեջ էլ վավերացվի խորհրդարանում, տարօրինակ է, թե ինչու մինչեւ այժմ հասանելի չէ: Որովհետեւ այս կարգի համապարպակ փաստաթղթերը, որոնք վերաբերում են երկրի արտաքին ու ներքին ընթացքին, պետք է քննարկումների փուլ անցնեն երկրի ներսում: Բայց եթե այդ փաստաթղթի ամբողջական տեքստը չկա` ի՞նչը քննարկեն` եվրոպական բարի ցանկություննե՞րը, որի մասին սովորաբար բարձրաձայնում են եվրոպաշտոնյաները:

Օրինակի համար հիշենք հայ-թուրքական արձանագրությունները: Թվում էր` այնտեղ որեւէ նախապայման չկա, սակայն կային ձեւակերպումներ, որոնք թաքնված վտանգներ ունեին իրենց մեջ: Գումարվեց այն, որ Թուրքիայի ղեկավարները բանավոր կերպով անընդհատ պնդում էին իրենց նախապայմանները:

Իսկ թե արդյոք ԵՄ-Հայաստան ասոցացման պայմանագրում ի՞նչ թաքնված վտանգներ կան` մանրամասն չտիրապետելով մենք չենք կարող իմանալ: Գիտենք, որ վեց գերակայություններ կան եվրոպական արժեքների հիմքով, եւ դրանց Հայաստանը պետք է հետեւի, գիտենք, որ վիզային արտոնյալ ռեժիմներից բնակչության տարբեր շերտեր կարող են օգտվել, Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ Համապարփակ եւ խոր ազատ առեւտրի համաձայնագրով գուցե կարողանանք մեր շուկան ընդլայնել եւ տնտեսությունը կարգի բերել եւայլն: Սակայն չգիտենք` արդյոք Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձեւակերպում կա՞ այնտեղ: Ո՞ր սկզբունքների հիման վրա է այդ ձեւակերպումը, եթե այն կա, ի՞նչ են պարտադրում Հայաստանին մի ձեւակերպումով, որը, եթե հավատալու լինենք եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, պարտադիր է լինելու իրականացման համար, ու նույնիսկ եթե ժամկետների մեջ չտեղավորվենք նախաստորագրելիս, Ֆյուլեն էր կատակում, ԵՄ-ն դատի կտա Հայաստանին:

Կամ արդյո՞ք Ադրբեջանի հետ ԵՄ համաձայնագրում էլ այդպիսի ձեւակերպումներ կան, ու եթե Հայաստանը ստորագրի համաձայնագիրը, Ադրբեջանը` առայժմ ոչ, ինչ է լինելու այդ դրույթների ճակատագիրը: Հազար Ասոցացման պայմանագիր լինի` իր գերգաղտնիությամբ, եթե ԵՄ-ն որոշել է առաջ անցնել գործընթացներից եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որեւէ ձեւով դրույթ ձեւակերպել համաձայնագրի մուտքում, ապա սա ազգային անվտանգության խնդիր է, վերաբերում է ողջ հայությանը, եւ այս իմաստով` հայերս գոնե պետք է տեղյակ լինենք դրան հիմա: Իսկ եթե Ասոցացման պայմանագրում այդպիսի կետ չկա` ավելի եւս մերոնք պետք է հայտարարեն այդ մասին եւ հանգստացնեն անհանգստացողներին: Համենայն դեպս` անհասկանալի է, թե ինչ ենք քոռ-քոռ ստորագրելու աշնանը, եւ ով պետք այդ բոլորը բացատրի ժողովրդին:

Դեռ մարտի 20-ին Հայաստան-ԵՄ բանակցություններում եվրոպական կողմից բանակցող Գունար Վիգանդն ասել էր, ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի տեքստը նախաստորագրումից առաջ պետք թարգմանվի 23 լեզուներով, ու ամեն ինչից երեւում է, որ այն հիմա պատրաստ ու թարգմանված պիտի լինի:

Համենայն դեպս` մի քանի օր առաջ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր այցի ժամանակ առաջընթաց էր արձանագրել Հայաստանի հետ բանակցություններում եւ նշել, որ Հայաստանը մոտեցել է համաձայնագրի նախաստորագրմանը, այս դեպքում զարմանալի է, թե ինչու է այն փակ հայ հանրության համար:

Ինչի մասին խոսում ենք` երեկ մի փոքր փարատել փորձեց ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեն (համակարգող` Բորիս Նավասարդյան)` մեծ քննարկում կազմակերպելով ԵՄ-Հայաստան Ասոցացման պայմանագրի բանակցությունների եւ նախաստորագրման վերաբերյալ, սակայն, միեւնույն է, հարցերը պատասխաններ չունեն եւ դրանք մնում են բաց, քանի որ համաձայնագրի փաստաթուղթը հրապարակային չէ եւ այն դեռեւս ամբողջովին համաձայնեցված չէ: Իսկ մինչ այդ առաջարկված ճանապարհային քարտեզը չի կարող թաքնված վտանգները մատնացույց անել: Թե որ հարցերի շուրջը Հայաստանն անհամաձայնություններ ունի ԵՄ հետ, կամ որ հարցն է անորոշ` դա եւս հայտնի չէ: Կարելի է աղոտ եզրահանգումների գալ, որ ԵՄ Ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի շահերը հակասում են Եվրասիական միության շահերին, ուր դեպի ուզում են քաշել Հայաստանը ռուսները, համենայն դեպս վերջին շրջանի ռուսական ազդակներն են այդպիսին: Չնայած Ֆյուլեն ակնարկում էր, որ Ասոցացման հարաբերությունները առավել կօգնեն, որ ռուսների հետ էլ ավելի լավ հարաբերվենք: Կամ միգուցե Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ որոշում արդեն ունի՞ մտքում, այդ պատճառով հարկ չի համարում փաստաթուղթ հրապարակել:

Այսուայն նախաձեռնության կողմից Հայաստանում Եվրասիական միության լոբբիինգի իրականացումը հուշում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանի մասով այս երկու նախաձեռնությունները կատաղի պայքարում են միմյանց դեմ Հայաստանի համար, եւ այդ պայքարը ռուսական կողմից արտացոլվել են կոնկրետ գործողությունների մեջ` զանգվածային ոչնչացման զենքի վաճառք Ադրբեջանին, տնտեսական ճնշիչներ: Իսկ ԵՄ կողմից նույնպես ֆինանսական ազդակը դեր ունի. կստորագրենք համաձայնագիրը` ֆինանսներ կլինեն, չենք ստորագրիՙ ոչ: Բոլոր դեպքերում, եթե ամեն ինչ այնպես սահուն եւ հստակ լիներ, որ մեր ուզած «եւ-եւի» փոխարեն մեզ չեն առաջարկում «կամ-կամ», ապա Հայաստանի նախագահը հազիվ թե երկու անգամ` Լեհաստանում եւ Մոլդովայում հիշեցներ Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանները փակ լինելու եւ այդպիսի սահմաններով տնտեսական ծրագրերին մասնակցելու աննպատակահարմարությունը: Հիշեցնենք` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված` Թուրքիան սահմանի բացումը կապում էր «գրավյալ» տարածքների եւ Ղարաբաղյան հակամարտության հետ: Ահա եւ շրջանը փակվեց: Եվրոպաները վերստին թող տեսնեն Թուրքիայի իրական դեմքը, եւ միգուցե ԵՄ-ն ջանա Թուրքիային պարտադրե՞լ սահմանների բացումը, ու նախագահ Սարգսյանն էլ այլեւս ոչ մի պատճառ չունենա անարդյունավետության մասին խոսելու:

Բոլոր դեպքերում` տարածաշրջանը չի կարող մնալ նույնը, Եվրոպան եւ Ռուսաստանը մշտական երկընտրանք լինելով մեր տարածաշրջանի (նաեւ` հետխորհրդային) երկրների համար` նաեւ միմյանց դեմ պայքարելու մշտական վիճակում են լինելու, ու Հայաստանն, այո, պետք է հաղթահարի այս դժվար ժամանակը` իր համար ընտրելով նվազագույն կորուստներով ուղի: Քայլի կեսից հետ դառնալը երկու հակադիր պատուհանից` կամ անցած ճամփից հետ դառնալն անիմաստ է, ինչպես Ֆյուլեն էր ասում, կամ էլ սխալի կեսից հետ դառնալը չարիքի փոքրագույնն է: Բոլոր դեպքերում` որոշման կայացմանը պետք է մասնակից լինի լայն հանրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ