RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3647, Տպվել է` 158, Ուղարկվել է էլ.փոստով` 155

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՆԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՙ Ի՞ՆՉ ՎՏԱՆԳ Է ԻՐ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առանց տնտեսական աճիՙ անապահով խավը երբեւէ ապահով չի դառնա

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գնաճը Հայաստանում բացասական է: Այսինքն, արձանագրվում է գների նվազումՙ գնանկում: Շատերը գուցե սովորության համաձայն չհավատան այս ցուցանիշին, բերելով մեկ կամ մի խումբ ապրանքների գներ, չիմանալով, թե ո՞րն է կոչվում գնաճ եւ ինչպե՞ս է այն հաշվարկվում:

Տեղեկացնենք, որ գնաճի ցուցանիշը հաշվարկվում է զանգվածային սպառման 470 ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գներիՙ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ: Բոլոր այդ ապրանքների գների փոփոխությունները ամփոփում եւ ներկայացնում է ազգային վիճակագրական ծառայությունը: Այդ տվյալները հասանելի են բոլորին եւ տեղադրված այդ ծառայության կայքում: Հետեւաբար, հավատալու կամ չհավատալու համար, նախ հարկ է տեսնել դրանք, իմանալ, թե ինչպես են հաշվարկվում ապրանքների եւ ծառայությունների միջին գները եւ պատկերացում կազմել, թե որքանո՞վ են օբյեկտիվ գնային ցուցանիշները:

Վերադառնալով այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվող գնանկմանը, հավանական է, որ ոմանք էլ մտածեն, իսկ ի՞նչ վատ է, որ գնանկում ունենք, այլ ոչ թե գնաճ: Իսկապես, շատերն էլ չգիտեն, թե ի՞նչ է գնանկումը, ինչի՞ մասին այն կարող է վկայել եւ ի՞նչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ:

Գնանկումը գնողունակության անկման ցուցիչ է: Դա նշանակում է, որ բնակչության մի զգալի հատվածի եկամուտների նվազում կա: Մարդկանց եկամուտների նվազումը եւ գների անկումը բացասական ազդեցություն է թողնում բիզնեսի վրաՙ նրա շրջանառության ծավալները, հետեւաբար եւ շահութաբերությունը նվազում է: Արդյունքում, ձեռնարկություններից ոմանք, չկարողանալով ապահովել շահութաբերություն, դադարեցնում են գործունեությունը: Ընդ որում, խոսքը բոլոր ոլորտների ձեռնարկությունների մասին էՙ արտադրություն, առեւտուր, ծառայություններ եւ այլն: Բնական է, որ փակվող ձեռնարկությունները վատթարացնում են սոցիալական վիճակը, քանի որ ավելի շատ մարդիկ են մնում առանց աշխատանքի եւ ավելանում է բնակչության եկամուտների նվազման միտումը: Դա էլ ավելի է խորացնում ընկերությունների փակման գործընթացը: Բնականաբար, գնողունակության անկման եւ շահութաբերության նվազման իրավիճակում նոր ներդրումներ կատարողներ էլ չեն լինի: Այսինքն, ստացվում է գլորվող ձնագնդի էֆեկտով փակ շրջան, որից դուրս գալը անհամեմատ ավելի դժվար է, քան գնաճը զսպելը: Տնտեսական զարգացումը խթանելն այդ ժամանակ վերածվում է բարդագույն խնդրի, որի լուծումը պահանջում է մեծ ջանքեր, միջոցներ, ռեսուրսներ եւ երկար ժամանակահատված: Սա է գնանկման իրական վտանգը: Հետեւաբար, գնաճի որոշակի մակարդակի պահպանումն անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար: Ուստի, բոլոր երկրներն ունեն գնաճի 3-8 տոկոսանոց միջակայք, մի կողմիցՙ թույլ չտալու համար գնանկում եւ տնտեսական անկում, մյուս կողմիցՙ զսպելու համար բարձր գնաճը եւ դրա բացասական սոցիալական հետեւանքները:

Այսպիսով, այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել էր 0,4 տոկոս գնանկում, իսկ փետրվարինՙ 2015-ի փետրվարի համեմատՙ 1,7 տոկոս գնանկում: Ընդ որում, նվազել են թե՛ պարենային, թե ո՛չ պարենային ապրանքների գները, եւ միայն ծառայությունների ոլորտում է գնաճ արձանագրվել: Սա այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը Հայաստանում գնաճի թույլատրելի միջակայք է ընդունել 4 + - 1,5 տոկոսը: Մի քանի ամիս առաջ, երբ գնաճի դարձյալ բավականին ցածր ցուցանիշ էր արձանագրվել, նշել էինք, որ չնայած Կենտրոնական բանկի գլխավոր պարտականությունը գնաճի զսպման քաղաքականություն իրականացնելն է, բայց դա չպետք է նշանակի պետության կողմից գների ամրագրում, ինչպես սովետական տարիներին էր տեղի ունենում: Անցյալ տարվա նոյեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,25 էր: Սա նշանակում էր թանկ փող եւ ուժեղ ճնշում գնաճը զսպելու, բայց եւ տնտեսական աճին խոչընդոտելու համար:

Անցած ամիսների ընթացքում ԿԲ-ն աստիճանաբար սկսեց ավելի ընդլայնողական քաղաքականություն վարել եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել: Վերջին անգամ փետրվարի 16-ին այն իջեցվեց մինչեւ 8,5 տոկոսի: Այդուհանդերձ, դատելով գնանկման ցուցանիշից, որը շատ հեռու է նպատակային գնաճի 4 + - 1,5 տոկոսից, կարելի է շարունակել այս քաղաքականությունը եւ ավելի իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Հունվարին Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ: Դա լավ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ կառավարության կողմից հիմք ընդունվածՙ կանխատեսվող տարեկան տնտեսական աճը 2,2 տոկոս է: Այսինքն, 5,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը անհավանական է, որ կպահպանվի: Առավել եւս, եթե գյուղատնտեսության համար այս օրերին խիստ անբարենպաստ եղանակը վնասներ պատճառի սպասվող բերքին: Հետեւաբար, գոնե այլ ոլորտներում զարգացումներ ունենալու համար ոչ միայն պետք է, այլեւ անհրաժեշտ է խթանել տնտեսական ակտիվությունըՙ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների միջոցով, կառավարության կողմիցՙ տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների եւ աջակցության ծրագրերի շարունակությամբ:

Ընդհանրապես, հարկ է որ Հայաստանի իշխանությունները ձերբազատվեն գնաճի նկատմամբ ունեցած խուճապային վախից: Կառավարությունը պետք է շեշտը դնի սոցիալապես անապահով խավին ապահով դարձնելու վրա: Առանց կայուն եւ հնարավորինս բարձր տնտեսական աճի, դա հնարավոր չի լինի, որքան էլ որ ԿԲ-ն զսպի գնաճը ինչ-որ մի ժամանակահատվածում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ