RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3376, Տպվել է` 160, Ուղարկվել է էլ.փոստով` 144

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մարտի 17-ին եւ 18-ին, երբ Բրյուսելում ԵՄ-ը բանակցությունների սեղան էր նստել Թուրքիայի հետՙ առաջին հերթին փախստականների հարցը կարգավորելու նպատակով, Անկարայում եւ Ստամբուլում, անվտանգության միջոցառումներից ելնելով, փակվեցին ԳԴՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, դպրոցները, հաստատությունները : Ըստ գերմանական հեռուստատեսության ARD-ի Թուրքիայի թղթակից Միշայել Շրամմի , վտանգի աստիճանն իրոք բարձր լարման է հասել, իսկ քրդերի սլաքն ուղղվել է Գերմանիային, քանի որ ԳԴՀ-ն է դիտարկվում որպես ԵՄ կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցող: PKK եւ ըստ լուրերի նրա ազդեցության տակ գտնվող առավել հարձակողական TAK-ըՙ «Քրդստանի ազատագրության բազեներ» կազմակերպությունը, ուզում են հիշեցնել բանակցությունների մասնակից եվրոպական երկրների ղեկավարներին Թուրքիայի հարավ-արեւելքում քրդերի դեմ թուրք ուժայինների իրականացրած պատժիչ գործողությունների, քրդերի իրավունքները ոտնահարելու, նրանց ճնշելու մասին:

ԱՄՆ-ն մի քանի օր առաջ նախազգուշացրել էր Թուրքիայում հնարավոր նոր ահաբեկչության վերաբերյալ: Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարեց, թե մարտի 17-ին եւ 18-ին փակում է Անկարայում ԳԴՀ դեսպանությունը, Ստամբուլում իր հյուպատոսարանը, հիշյալ քաղաքներում գերմանական դպրոցները, Ֆրիդրիխ Էբերտ, Ֆրիդրիխ Նաումանն հիմնադրամները, Գյոթե ինստիտուտը, գերմանական մշակույթի ինստիտուտը Ստամբուլում: Ինչպես ծանուցում է արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը , գերմանական ներկայացուցչությունների հասցեին ահաբեկչական հարձակումների վտանգը կոնկրետ է, հետեւաբար լուրջ են մոտենում հարցին եւ մարտի 16 - ի գիշերն արդեն որոշում են կայացրել փակել դրանք: Գերմանիայի քաղաքացիներին հորդորել են չմոտենալ Ստամբուլի Թաքսիմ հրապարակին մերձակա հյուպատոսարանին, իսկ զբոսաշրջիկներին տարեսկզբից են զգուշացնումՙ առավել ուշադիր, զգոն լինել: Թուրքիայի իշխանությունները, մասնավորապես Ստամբուլի տեղական պաշտոնյաները, խիստ քննադատություն են հնչեցրել ԳԴՀ արտգործնախարարության հիշյալ վճռի վերաբերյալ, բայց վարչապետ Դավութօղլուն հաղորդել է, թե ըմբռնումով է մոտենում գերմանական կողմի անվտանգության միջոցառումներին: Հիշեցնենք, հունվարին Ստամբուլում գերմանացի 12 զբոսաշրջիկ ահաբեկչության զոհ էր դարձել, որի համար Թուրքիան պատասխանատու համարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, կիրակիՙ մարտի 13-ին 37 զոհ էր գրանցվել Անկարայում: Թուրքիան պատասխանատվությունը բարդեց քրդական PKK-ի վրա, ինչը չհերքեց Քրդական աշխատավորական կուսակցությունը :

Երեկ հետմիջօրեին գերմանական «Շպիգել»-ն իր ընթերցողներին ծանուցեց, թե Թուրքիայի իշխանությունները խախտել են մամուլի ազատության մասին դրույթը, քանի որ իրենց թղթակից Հասնային Քազիմին զրկել են հավատարմագրումից: 2,5 տարի Ստամբուլում աշխատող 41-ամյա թղթակցին կառավարական պաշտոնյաները պարզապես հաղորդել են, թե «Շպիգելը» կողմնակալ է լուսաբանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Լրագրողի պարզաբանմամբՙ իրեն չեն հանդուրժում, քանի որ զրուցել ու ներկայացրել է Թուրքիայում «ահաբեկիչ» համարվող քրդական կազմակերպության անդամներից մեկի կարծիքը: Նա միակը չէՙ «Դի վելթի» թղթակից Դենիս Յուչելն էլ նույն հիմնավորմամբՙ քրդական շարժման համակիր լինելու պատճառով, զրկվել է Թուրքիայում լրագրողական հավատարմագրումից: Բունդեսթագի բոլոր 4 խմբակցությունները ներկայացնող 135 պատգամավոր նամակով իրենց խոր մտահոգությունն են հայտնել Թուրքիայում քրդերի հետ խաղաղ բանակցությունների ավարտի, ինչպես նաեւ մամուլի, կարծիքի ազատության սահմանափակման վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ