RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3819, Տպվել է` 171, Ուղարկվել է էլ.փոստով` 163

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թեեւ այս պահին ռուսական կողմի մտահոգությունները փարատված են

Հայաստանից Ռուսաստան այս տարվա առաջին ամսիներին բանջարեղենի եւ մասնավորապես լոլիկի արտահանման ծավալների զգալի ավելացման կապակցությամբ այդ երկրի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունըՙ «Ռոսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնելՙ արդյո՞ք Ռուսաստանում արգելքի տակ գտնվող թուրքական լոլիկը չի արտահանվում Հայաստանից: Այն, որ նման քայլի ընդունակ ենք եւ անպայման կգտնվեն «գործարարներ», որոնք թքած կունենան ազգային արժանապատվության, ազգային-պետական շահերի, դաշնակցային հարաբերությունների վրա, կասկածի ենթակա չէ: Ապացույցըՙ թուրքական ապրանքների հեղեղվածությունը Հայաստանում եւ թուրքական հանգստավայրերում մեր երկրից հազարավոր հանգստացողների առկայությունը: Այս մասին բազմիցս անդրադարձել մեր թերթումՙ կոնկրետ թվերով եւ տվյալներով փաստելով ասվածը:

Ռուսական կողմի կասկածները թերեւս միայն վերոնշյալ հանգամանքներով չեն պայմանավորված: Հայկական բանջարեղեն արտադրողների շրջանում Հայաստանից Ռուսաստանՙ թուրքական լոլիկի վրա հայկական պիտակ դնելովՙ վերաարտահանման մասին խոսակցություններն էլ կարող են զուտ խոսակցություններ լինել:

Խնդիրն այն է, որ 2013-ի հունիսի 7-ի գյուղնախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի հրամանը` թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին: Այսինքն, թշնամական երկրներից, որոնցից մեկի հետ պատերազմական վիճակի մեջ ենք, իսկ մյուսը ավելի քան 20 տարի մեզ ենթարկել է շրջափակման եւ արգելում է հայկական որեւէ ապրանքի ներկրումն իր երկիր եւ մշտական սպառանալիք է մեր անվտանգությանը, կարող են ազատորեն իրենց բուսական եւ կենդանական ապրանքը Հայաստան արտահանել: Նման պայմաններում, երբ թուրքական բուսական ապրանքներն անարգել Հայաստան են մուտք գործում, անհավասար մրցակցություն ստեղծելով մեր արտադրողների համար, ապա դրանք կարող են հայտնվել նաեւ միասնական տնտեսական տարածքում գտնվող Ռուսաստանում:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուսական կողմին տեղեկանք-հիմնավորում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում լոլիկի արտադրության ծավալների ու ջերմոցային տնտեսությունների կարողությունների վերաբերյալ: Ըստ նույն տեղեկատվության, կողմերը պայմանավորվել են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել օպերատիվՙ ապրանքների տեղաշարժն ամբողջությամբ վերահսկելու նպատակով:

Հայկական կողմի ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ճյուղ եւ մի շարք ծրագրեր է իրականացնում այս ոլորտում: Նշվել է նաեւ, որ, մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների տարածքը հասել է մոտ 700 հա-ի, որին այս տարի կավելանա եւս 70 հա: Արդյունքում ավելացել է նաեւ լոլիկի արտահանման ներուժըՙ հասնելով մինչեւ ամսական 9 հազար տոննայի: Սրանով կարծես թե ռուսական կողմի կասկածներն այս պահին փարատվել են, բայց ասել, թե բացառված է թուրքական բանջարեղենի նման ձեւով արտահանումը Հայաստանից Ռուսաստան, չի կարելիՙ արդեն նշված պատճառներով :

Ի դեպ, երբ մեր պաշտոնյաներին հարցնում ենք, թե ինչո՞ւ թուրքական ապրանքների նկատմամբ Հայաստանը չի կիրառում եթե ոչ նույն արգելքները, ինչ Թուրքիան, այլ ապա գոնե մաքսատուրքերի որոշակի բարձրացում, ստանում ենք այն պատասխանը, որ այդ երկրից էժան ապրանքներ են ներմուծվում Հայաստան, իսկ էժան ներմուծումը պետք չի արգելել: Հենց այս պարագայում պետք է արձանագրենք մեր եւ ռուսների, Հայաստանի եւ Ռուսաստանի պետությունների կեցվածքներիՙ ի վնաս մեզ տարբերության մասին:

Որպես պետություն, Ռուսաստանը արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը եւ թուրքական զբոսավայրերում հանգիստ առաջարկող ընկերությունների գործունեությունըՙ խփված ռազմական ինքնաթիռի եւ երկու ռուս զինվորականի սպանությունից հետո: Ռուսաստանյան հանրությունը միակարծիք եղավ երկրի ղեկավարի որոշմանը, չնայած թուրքական մթերքների ներմուծման արգելքը հարվածում էր յուրաքանչյուրի գրպանինՙ առաջացած դեֆիցիտի պատճառով բարձրացնելով այլ երկրներից ներմուծվող համանման մթերքների գները: Սակայն ազգային արժանապատվությունն ու պետական շահը գերակշռեց ստամոքսային մտածելակերպին:

Թուրքերի կողմից ցեղասպանության ենթարկված հայերս եւ մեր երկիր Հայաստանը շարունակում ենք սիրահոժար եւ առանց սահմանափակումների թուրքական ապրանքներ ներկրել, դրանց էժան լինելու խիստ «զորավոր» փաստարկով: Հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կլինի, եթե Հայաստանի նախագահը կամ կառավարությունը որոշեն ոչ թե արգելել, այլ, ենթադրենքՙ 15 տոկոս մաքսատուրք սահմանել Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների համար: Ինչո՞ւ հենց 15 տոկոս, որովհետեւ դրա իրավունքն ու հնարավորությունն ունենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով: Չնայած, եթե ավելի խիստ արգելքներ կիրառենք, այդ կազմակերպությունը ոչինչ չի կարող առարկել, որովհետեւ Թուրքիան մեր նկատմամբ վաղուց է նման միջոցներ կիրառում:

Մի խոսքով, նման մաքսատուրքի ընդունումից անմիջապես հետո «օրվա փող ենք աշխատում» կարգախոսով բողոքի ցույցեր կսկսեն նախՙ տոնավաճառների առեւտրականները, նրանց կմիանան Թուրքիայից ապրանքներ ներկրող եւ այստեղ վաճառող մեծ ու փոքր ընկերությունների սեփականատերերն ու աշխատակիցները, հետո արեւմուտքից ֆինանսավորվող եւ «ոչ» ու «դեմ» մշտական կարգախոսներով հաստիքային ցուցարար-ակտիվիստները: Լոզունգ էլ կգտնվիՙ օրինակՙ «մի խեղդեք փոքր բիզնեսին» (որի տակ բացառապես թուրքական ապրանք ներմուծող ու վաճառող առեւտրականներն են նկատի առնվում): Կամՙ «այստեղ էլ են մենաշնորհ հաստատում» եւ այլն: Նման ամբոխային լոզունգներ հնարելու հարցում իսկապես որ մրցակից չունենք:

Այս ամենի արդյունքում, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, նախագահը անպայման կվերանայեն իրենց որոշումը, եւ թուրքական ապրանքների շքերթը Հայաստանում կշարունակվի: Եվ ոչ ոք չի համարձակվի պաշտպանել նախագահի կամ վարչապետի այդ որոշումը, որովհետեւ անմիջապես կարժանանաՙ «իշխանության դրածո», «ծախված» եւ ակտիվիստական նմանատիպ պիտակավորումներին: Ամեն ինչ կվերադառնա «ի շրջանս յուր»: Արդյունքում մենք կունենանք այն ինչին արժանի ենք եւ ինչն այս պահին ունենքՙ ազգային արժանապատվության բացակայություն, ստամոքսային մտածելակերպի հաղթանակ եւ թշնամուն աջակցելուց հրաժարվելու դիմաց որոշակի զրկանքներ կրելու անկարողություն: Այս կացությունում դարձյալ նույն հարցին ենք վերադառնումՙ եթե մենք մեզ չենք հարգում եւ թուրքական ապրանքների համար կանաչ լույս ենք վառում, ի՞նչն է խանգարելու, որ դրանք Ռուսաստան ուղարկվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ