ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Պ. Ք. Նախագահ Էրդողանի վարչակարգը դեպի ո՞ւր է տանում Թուրքիան: Թուրքական բանակն ինչո՞ւ է կռվում քրդերի դեմ եւ կներխուժի՞ արդյոք Սիրիա: Անկարայում կլինի՞ արդյոք եւս մեկ զինվորական հեղաշրջում: Մոսկովյան «Քարնեգի» կենտրոնում այդ մասին պատմել է Լոմոնոսովի անվան պետհամալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի դոցենտ, պատմագիտության թեկնածու Պավել Շլիկովը: Ահա՛ նրա զեկուցման հիմնական դրույթները: Առաջնորդության մարմաջ Ներկայումս Թուրքիան շատ բարդ վիճակում է: Հասարակությունը քաղաքականապես բեւեռացված է, տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, երկրում եւ արտերկրում սրվում է լարվածությունը: Ի տարբերություն 1970-ականների եւ 1990-ականների քաղաքական ու տնտեսական անկայունության, այսօրվա ներքին ճգնաժամը Անկարայի 2000-ականների ներքին ու արտաքին քաղաքականության գործնականության եւ նրա ներկայիս առաջնորդական մարմաջի հակամարտության արդյունքն է: Այդ ճգնաժամին բնորոշ են նոր տարբերիչ գծեր. - Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտները եւ բոլոր պետական կառույցները համակած խնդիրների բազմամակարդակ բնույթը, - երկրի կառուցվածքի ներկա սոցիալ-քաղաքական մոդելի սպառումը սրությամբ զգացող հասարակության հարաճուն անվստահությունն ապագայի հանդեպ, - բանակի ազդեցության աստիճանական աճը եւ հերթական զինվորական հեղաշրջման հնարավոր վտանգը, - քրդական հարցի նոր ձեւաչափը (երկրի հարավ-արեւելքում ներկայումս գրեթե աննկատելի քաղաքացիական պատերազմ է ծավալվել), - Սիրիայի պատերազմի ազդեցությունը Անկարայի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, - կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության եւ դրա ոչ պաշտոնական առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական հեռանկարների անորոշությունը: Թուրքական բանակի երթը Քաղաքական կյանքին բանակի ակտիվ միջամտությունը մշտապես եղել է Թուրքիայի նորագույն պատմության առանձնահատկություններից մեկը: Վերջին տասնամյակում Էրդողանն ամեն ջանք գործադրել է, որպեսզի զինվորականները մնան զորանոցներում եւ ծառայեն քաղաքացիական իշխանություններին: Թուրքիայում զինվորական հեղաշրջումը հնարավոր է երեք պայմանների միաժամանակյա առկայության դեպքում. դրանք են ներքաղաքական ճգնաժամի խորացումը, արտաքին վտանգի ուժեղացումը եւ քրդական հարցի կտրուկ սրումը: Ներկայումս բոլոր երեք գործոններն էլ առկա են: Երկրում քուրդ առաջնորդրի հետ հաշտության բանակցությունների դադարեցումից հետո Էրդողանը ստիպված էր մարտավարական դաշինք կնքել բանակային վերնախավի հետ, որին ինքը ճնշել էր 2007-2008 թթ.: Դա զգացվեց մանավանդ 2015-ի աշնանը, երբ առավելապես քրդաբնակ հարավարեւելյան շրջանների «զտումների» ժամանակ կառավարությունը գործողությունների ազատություն տվեց բանակի հրամանատարությանը: Բանակային վերնախավի հետ իրավիճակային դաշինքի պատճառով Էրդողանը խոստովանեց երկրի քաղաքական կյանքից զինվորականներին դուրս մղելու իր ուղեգծի սխալ զինելը, իսկ նրանց հետապնդումների համար մեղավոր հայտարարեց ինքնակամ ԱՄՆ տարագրված թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Իհարկե, թուրքական բանակը այժմ էլ պահպանում է երկրի ամենաազդեցիկ քաղաքական կառույցի կարգավիճակը, բայց դժվար թե հեղաշրջման փորձ անի (ինչպես 1960, 1971 եւ 1980 թթ.), քանզի զինվորականները լիովին վստահ չեն, թե հասարակությունը կպաշտպանի իրենց: Այսօր բանակի դերը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ գեներալները փորձում են հակակշռել Էրդողանի արտաքին քաղաքական վտանգավոր նկրտումները: 2015 թ. գարնանը զինվորականները նախագահին դժվարությամբ հետ պահեցին Սիրիա ներխուժելու մտքից: Նույնը կրկնվեց 2016 թ. փետրվարին: Պայքար քրդերի դեմ Քրդական հարցը ներկա վիճակով ավելի քան երեսուն տարվա պատմություն ունի: Մոտավոր հաշվարկներով, Թուրքիայում 15-20 մլն քուրդ է ապրում. դա բնակչության շուրջ 15 տոկոսն է: Քուրդ փոքրամասնությունը պատմականորեն աչքի է ընկնում անջատվածության բարձր աստիճանով: Քաղաքական տեսակետից Թուրքիայի քրդերին կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի. - իշխանությունների դեմ զինված պայքար ծավալած PKK-ի կողմնակից ազգայնականներ, - ձախական եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող ալավի քրդեր, որոնք ընտրություններում քվեարկում են Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին, - կրոնական-պահպանողական մեծամասնություն (երկրի քրդերի 50 տոկոսից ավելին), որը 2000-ականներին հավատարիմ էր Էրդողանին եւ նրա կուսակցությանը: Վերջին խմբի դիրքորոշումը իշխանություններին թույլ էր տալիս այն հանել քրդական հարցի շրջանակներից եւ ներգծել երկրի սոցիալ-քաղաքական համակարգի մեջ: Ամեն ինչ փոխվեց Սիրիայի պատերազմի եւ «Իսլամական պետության» հռչակման հետեւանքով. քրդերը անսպասելիորեն դրսեւորեցին ազգային-քաղաքական համախմբման ունակություն: Այն բանից հետո, երբ Անկարան որոշեց չօգնել ջիհադիստների պաշարած սահմանամերձ Քոբանի քրդական քաղաքին, Թուրքիայի քրդերի կրոնական-պահպանողական մեծամասնությունը հիասթափվեց Էրդողանից եւ նրա կուսակցությունից: Էլ ավելի մեծ հիասթափություն առաջացրեց վերադարձը քրդական հարցի լուծման ուժային մեթոդներին: Անկայունության կարեւոր գործոն է 822 կիլոմետրանոց թուրք-սիրիական երկկողմանի թափանցիկ սահմանը: Ջիհադիստները հարեւան պետությունից Թուրքիա են անցնում ոչ միայն բուժվելու եւ ուժերը վերականգնելու համար, այլեւ ահաբեկությունների իրականացման նպատակով, ինչը թուլացնում է երկրի ներքին անվտանգությունը: Դա պառակտում եւ քաղաքականապես բեւեռացնում է հասարակությանը: Սիրիական թակարդ 2015 թ. Սիրիայում իրադարձությունները զարգացան Թուրքիայի համար հույժ անցանկալի ուղղությամբ, իսկ ռուսական «Սու-24»-ի ոչնչացման միջադեպից հետո Անկարան վերջնականապես զրկվեց հարեւան երկրի վրա ազդելու հնարավորությունից: Անկարան դժվար թե համարձակվի ներխուժել Սիրիա: Դրա պատճառները մի քանիսն են: Սիրիա ներխուժելը Անկարայի համար կունենա դիվանագիտական լուրջ հետեւանքներ: Կծագի հակամարտություն Արեւմուտքի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ: Բացի դրանից, թուրքական բանակը ստիպված կլինի կռվել մի քանի ճակատներում: Սիրիայի պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում Անկարան անխուսափելիորեն կբացի ռազմաճակատ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում: Այդ տարածքներում տեղայնացած հրդեհը կարող է տարածվել ամբողջ երկրում: Թուրքական ճամփաբաժան Աթաթուրքը փորձում էր երկրի արդիականացման եւ արեւմտականացման միջոցով ստեղծել կառավարելի ընդդիմություն: Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի ժողովրդավարացման բոլոր փորձերը տարօրինակ արդյունքներ են տալիս: Իր կառավարման առաջին տարիներին Էրդողանը Եվրոմիությանը մերձենալու նպատակով ձեռնարկեց քաղաքական ու տնտեսական մի շարք բարեփոխումներ: Մինչեւ 2007 թ. նրա ձեռնարկած քայլերը արդարացիորեն ընկալվում էին որպես արդիականացում: Բայց հետագայում, մանավանդ 2010 թ. սահմանադրական բարեփոխումից հետո, նախորդ տասնամյակի բոլոր ձեռքբերումները վերանայվեցին, եւ սկսվեց աստիճանական հետընթաց: Ներկայումս Թուրքիան հայտնվել է ճամփաբաժանում. երկիրը Էրդողանի գլխավորությամբ կա՛մ կդառնա գերնախագահական հանրապետություն, կա՛մ էլ կշարունակի զարգանալ որպես լիարժեք լիբերալ-դեմոկրատական խորհրդարանական համակարգ: Ճանապարհի ընտրությունը մեծ չափով կախված է երկրի ղեկավարի անձից: Գժտություն Ռուսաստանի հետ «Սու-24»-ի միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները ոչ միայն վատացան, այլեւ դարձան բացահայտ թշնամական: Պավել Շլիկովի կարծիքով, մոտ ապագայում դժվար թե արձանագրվի դրանց լուրջ բարելավում: Կա իրադրության զարգացման երեք հավանական սցենար. - անհապաղ հաշտություն, - հանուն բարիդրացիական հարաբերությունների վերահաստատման Թուրքիան զոհաբերում է քաղաքականապես նշանակալի որեւէ գործչի եւ նրան մեղավոր է հայտարարում 2015 թ. նոյեմբերի 24-ի միջադեպի համար, - հաշտեցման երկար ուղի, որի դեպքում կողմերի փոխզիջման բացակայության պատճառով հակամարտությունն իրեն սպառում է ժամանակի ընթացքում: Առայժմ իրադարձությունները զարգանում են ըստ երրորդ տարբերակի: Ռուս-թուրքական երկարատեւ ու խոր ճգնաժամը աստիճանաբար կթուլանա քաղաքական ասպարեզից դրա գլխավոր գործող անձանց հեռանալուց հետո: |