ԵՐԿԻՐԸ ԼՔԵԼՈՒ ՀՐԱՄԱՆՙ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻՆ ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանն Իսպանիայից Բելգիա է տեղափոխվել 2012-ին: Մինչ օրս ապրում է Բելգիայում եւ մրցամարտերում հանդես գալիս Բելգիայի դրոշի եւ օրհներգի ներքո: Պրոֆեսիոնալ ռինգում մեր հայրենակիցը մինչ օրս չունի պարտություն, միջին քաշային կարգում դարձել է Բենիլյուքսի չեմպիոն: WBF (Աշխարհի բռնցքլամարտի ֆեդերացիա) վարկածով վաստակել է նաեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Բելգիայի թագավորից եւ թագուհուց ստացել է հատուկ շնորհակալանքներ եւ շնորհակալագիր: Բելգիացիները հպարտանում են հայ բռնցքամարտիկի հաղթանակներով: Սակայն, պարզվում է, հաղթանակներն այնքան էլ բավարար չեն` երկրում բնակություն հաստատելու համար: Սաշա Ենգոյանն անսպասելիորեն, առանց որեւէ լուրջ հիմնավորման, երկիրը լքելու հրաման է ստացել: Արդեն մեկ շաբաթ է, աղմկահարույց հրամանը դարձել է բելգիական լրատվամիջոցների եւ հասարակության լայն քննարկման թեման: Բելգիացիները Սաշա Ենգոյանին սատարելու բազմաթիվ փորձեր են ձեռնարկում, հուսալով, որ բելգիական կառավարությունը մեր հայրենակցին, այնուամենայնիվ, աշխատանքի թույլտվություն կտրամադրի: Սաշա Ենգոյանի ընտանիքը գտնվում է անորոշ իրավիճակում: Կինը մոտ օրերս լույս աշխարհ է բերելու երկրորդ երեխային, սակայն չունի բժշկական ապահովագրություն: Հայ բռնցքամարտիկին սատարելու համար մոբիլիզացվել են բելգիական լրատվամիջոցները: «Ստացվում է, որ Բելգիան մեդալներ ստանալու, հաղթանակներ վայելելու համար պատրաստ է խոստումներ շռայլել, սակայն խոսքից գործին անցնելու, բելգիական կացություն տրամադրելու համարՙ մոռանում, ուրանում է տրված խոստումները: Հայ բռնցքամարտիկը մեդալներով համարվում է բելգիացի, բայց, ոչ թղթերով», այսպես են մեկնաբանում բելգիական լրատվամիջոցները, հուսալով, որ արձագանքն այնուամենայնիվ դրական ազդեցություն կունենա, եւ Սաշա Ենգոյանի ընտանիքի երկրից արտաքսման վերաբերյալ որոշումը կկասեցվի: Ապրիլի 29-ին, Բելգիայի Գենտ քաղաքում սպասվում է հայ չեմպիոնի մենամարտը. մեր հայրենակիցը հուսով է, որ կպայքարի մինչեւ հաղթանակ եւ չի հիասթափեցնի իր երկրպագուներին: |