ՆԱՊՈԼԵՈՆԻ ՀԱՅ ԹԻԿՆԱՊԱՀԻ ՀՈՒՇԵՐԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ Հ.Ծ. «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակից Արամ Արքունը թերթի հունվարի 30-ի համարում գրախոսել է Լոնդոնում «Բենետ եւ Բլում» հրատարակչատան կողմից առաջին անգամ անգլերեն լեզվով լույս տեսած «Նապոլեոնի կայսերական թիկնապահ Մամլուք Ռուստամի հուշերը» (The Memoirs of Roustam: Napoleon s Mamluk Imperial Body Guard. London, Bennet and Bloom) գիրքը: Թարգմանիչը Քեթրին Քարպենտերն է, խմբագիրը, ծանոթագրությունների եւ առաջաբանի հեղինակըՙ Արա Ղազարյանցը : Ռուստամ Ռազան (Խաչատուրյան Ռոստոմ Հովնան) ծնվել է Թիֆլիսում 1781-ին, վախճանվել Դուրդանում (Ֆրանսիա) 1845-ին: Յոթ տարեկանում նրան գերել են թաթարները Կովկասում (ավելի ստույգ` Գյանջայում կամ Գանձակում) եւ վաճառել որպես ստրուկի: Յոթ անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո հայտնվել է Եգիպտոսում եւ դարձել մամլուք: Կահիերում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը նրան 1799-ին նվիրել է Նապոլեոնին: Փարիզում Ռուստամը եղել է Նապոլեոնի անձնական թիկնապահը, ուղեկցել է նրան բոլոր արշավանքների ժամանակ: Մոտ 16 տարի նվիրվածությամբ ծառայել է կայսրին եւ վայելել նրա վստահությունը: 1806-ին ամուսնացել է կայսրուհի Ժոզեֆինայի երկու անձնական սպասավորներից մեկի դստերՙ Ալեքսանդրինի հետ, ընդ որում Նապոլեոնն է հոգացել նրա ամուսնության ծախսերը: 1814-ին, երբ Նապոլեոնը աքսորվեց Էլբա կղզի, նա հրաժարվել է հետեւել կայսրին, խուսափելու համար դավադրություններին մասնակից լինելու մասին բամբասանքներից եւ որոշ ժամանակ բանտարկվելուց հետո նա Փարիզում է ապրել մոտ մեկ տասնամյակ (1815-25 թթ.), այնուհետեւ տեղափոխվել, ընտանիքի հետ, Դուրդան, որտեղ փոստի կառավարիչ է նշանակվել Լուի Ֆիլիպ թագավորի կողմից, եւ խաղաղ կյանք վարել մինչեւ կյանքի վերջը: Դուրդանում է նա գրել իր հուշերը, հավանաբար իր ֆրանսիացի կնոջ աջակցությամբ: Դրանք ֆրանսերեն լեզվով հրատարկվել են 1888-ին: Այնուհետեւ թարգմանվել իտալերենի (1935 թ.), վրացերենի, ռուսերենի եւ այլ լեզուների: Լինելով սովորական ստրուկ, կրթություն չստացած մի անձնավորություն, նա այդուհանդերձ, որոշակի առանձնահատկություններ ունեցել է վստահաբար, որպեսզի դառնար Նապոլեոնի նման կայսեր անձնական թիկնապահը, այսինքնՙ ամենամոտիկ վստահելի անձը: Օտարի աչքով կայսրին ներկայացնելու հանգամանքով էլ կարեւորվում են նրա հուշերը: Ռուստամի կերպարին անդրադարձել են իրենց ստեղծագործություններում Բալզակը, Տոլստոյը, Դոստոեւսկին եւ ուրիշ նշանավոր գրողներ: «Ռուստամը ամենաանսովոր եւ ամենահետաքրքրական կերպարներից մեկն է, որին երբեւէ հանդիպել եմ: Նա փաստորեն կարողացել էր վայելել այնպիսի վստահություն, որ նրան շատ լուրջ էին վերաբերվում եւ հաշվի առնում նրա ասածները: Հավաստի փաստեր կան, որ նա օգնել էր Մոսկվայի եւ Վենետիկի իր հայրենակիցներին կարողանալով փոխել Նապոլեոնի որոշումները համապատասխանորեն Սբ. Խաչ եկեղեցու եւ Սբ. Ղազարի Մխիթարյան վանքի վերաբերյալ», նշել է վերջերս կայացած հարցազրույցի ժամանակ Արա Ղազարյանցը, ով հայտնաբերել է սոցցանցերում հայտնված սխալ տեղեկություններ այն մասին, թե իբր Ռուստամը վրացի է կամ ադրբեջանցի: «Այս գիրքը առաջին քայլն է այս արտասովոր մարդու կյանքը օտարներին ճանաչելի դարձնելու գործում: Հույս ունեմ, որ կգտնվի մեկը, ով կշարունակի ավելի խորը ուսումնասիրել եւ ներկայացնել նրա կյանքը: Վստահ եմ ֆրանսիական արխիվներում դեռ շատ չբացահայտված տեղեկություններ կան այս մամլուք հայի մասին», նշել է Ղազարյանցը: Իր հոդվածի վերջում Արամ Արքունը տեղեկացնում է, որ վերջին տարիներին ֆրանսահայ զինվորական-վետերաններ ամեն դեկտեմբերին Ռուստամի դամբարանն են այցելում Դուրդանի քաղաքապետի եւ այլ բարձրաստիճան անձնավորությունների հետ վառ պահելու համար նրա հանդեպ հետաքրքրությունը: 2007-ին նրանք 2 հուշատախտակ են տեղադրել. մեկը իր ապրած տան ճակատին, մյուսըՙ դամբարանի վրա: |