ԵՐԲ ՍԱՆՐՎԱԾՔԴ ՈՒՇԱԳՐԱՎ Է, ԿԻՆԴ ԷԼՙ ԳԵՂԵՑԻԿ, ԱՍԱԾՆԵՐԴ ՔՉԵՐՆ ԵՆ ԼՍՈՒՄ Հ. ԱՖՅԱՆ Համացանցում տարածվել է մի տեսանյութՙ Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումից: Բազմաթիվ տեսախցիկների առջեւ եւ օգտվելով Մեհրիբան խանըմի բացակայությունից, Իլհամ Ալիեը չի բավարարվում Էրդողանի ձեռքը միայն սեղմելով, այն քաշում է իր կողմը, գրկում Թուրքիայի նախագահին, վերջինս էլ, քանի որ դաստիարակված է եւ կամ զգացմունքները նրանց մոտ փոխադարձ են, պատասխանում է Ալիեւի գրկախառնությանը, ապա Ալիեւը համբուրում է Էրդողանի այտը, ձա՛խ այտը, սա կարեւոր է, որովհետեւ աջ այտը տեսախցիկների տեսադաշտում չէր եւ երկու նախագահները խորհրդավոր հեռանում ենՙ դեպի սենյակ, ես կասեի հեռանում ենՙ դեպի խորհրդավոր սենյակ: Այս տեսանյութը, չնայած լրիվ թարմ է, բայց արդեն հասցրել է մեծ դիտում ապահովել, եւ այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն աշխարհում ամենադիտվող նախագահներն են: Նրանց ավելի շատերն են տեսել, քան Լեհաստանի նախագահին, կամ Մեքսիկայի նախագահին (ի դեպ, ո՞վ է): Ավելին, եւս մեկ նման տեսանյութՙ եւ Էրդողան-Ալիեւ զույգն իր հանրահայտությամբ կշրջանցի ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին եւ նրա գեղեցկուհի, երիտասարդ եւ անշուշտ նրան շատ սիրող տիկնոջը միասին վերցրած: Չի բացառվում, որ շուտով Ստամբուլում եւ Բաքվում արձաններ տեղադրենՙ Ալիեւ-Էրդողան զույգի, որտեղ այս պարոններն իրար գրկած կլինեն եւ որի տակ փորագրված կլինիՙ «յախշը»: Մաղթենք հարեւան երկրների նախագահներինՙ մի բարձի ծերանան, եւ դառնանք մեկ այլ հարեւան երկրի նախագահին: Վրաստանի նախագահ Գերոգի Մարգելաշվիլին, ով, հիշեցնենք Վրաստանում որոշ պաշտոնյաների մասնակցությամբ սեքս սկանդալից հետո հայտարարել էր, թե սեքսով զբաղվելն ամոթ բան չէ եւ որ ինքը սեքսով զբաղվելու հարուստ փորձ ունի, ամենայն հավականությամբ շուտով հանդես կգա իր իսկ խոսքերի հերքմամբ, ավելի ճիշտՙ սրբագրմամբ: Նայելով Էրդողան-Ալիեւ սիրատոչոր տեսանյութըՙ Վրաստանի նախագահն անպայման կհասանա, որ ...շատ էլ ամոթ է, ավելի ճիշտՙ երբեմն ամոթ է, եւ հենց այդպիսի հայտարարությամբ էլ հանդես կգա: Ի դեպ, չի բացառվում, որ Ալիեւը Էրդողանի ձախ այտը համբուրելով պարզապես ցանկացել է հետ չմնալ Վրաստանի նախագահից եւ փորձել է անել մի բան, ինչի մասին Վրաստանի նախագահը խոսում է, սակայն միայն խոսում է: Եւ վերջապես, ուշադիր եւ մանրակրկիտ նայելով տեսանյութը, հայտարարությամբ հանդես կգա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ կնշի, որ իրենք դատապարտում են Ադրբեջանի նախագահի նախահարձակ գործողությունները, որոնք Էրդողան-Ալիեւ տեսանյութում պարզ երեւում են: Չի բացառվում, որ հայտարարությամբ հանդես գա նաեւ Էրդողանի կինըՙ Էմինե խանըմը, որտեղ կնշի, որ թուրք տղամարդիկ ոչ միայն իրավունք ունեն հարեմ պահել, որը կանանց համար կյանքի մեծագույն դպրոց է, այլ նաեւ ընկերներ ունենալ: Մի խոսքով, Էրդողան-Ալիեւ տեսանյութը ցնցել է համացանցը, դե սա մոտավորապես նույնն է, ինչ Պուտինի հրամանըՙ ռուսական զորքը Սիրիայից մասամբ հանելու մասին, կամ Անջելինա Ջոլիի հյուծող հիվանդությունը, կամ Եվրոտեսիլ-2016-ում Հայաստանի երգը, կամ էլ, վերջապես այն, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը շատ է նիհարել: Համացանցը, ավելի ճիշտՙ համացանցում այսօր այս թեմաների մասին են ամենաշատը խոսում, ինչպես նաեւ Թրամփի սանրվածքի կամ նրա կնոջ բարեմասնությունների, ավելի քչերըՙ Թրամփի հայտարարությունների, որովհետեւ երբ սանրվածքդ ուշագրավ է, կինդ էլՙ գեղեցիկ, ասածներդ քչերն են լսում, դրանք պակաս կարեւոր են դառնում, ինչպես Էրդողան-Ալիեւ հանդիպումը, որը եւ որտեղ ստորագրված փաստաթղթերը, հնչած հայտարարությունները ավելի պակաս կարեւոր են, քան այն, որ Ալիեւը համբուրել է Էրդողանի ձախ այտը: Սա խնդիր չէ, սա իրականություն է: |