ԱՐԱՐԱՏԸ ԵՎ ARARAT-Ը ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Այն, որ ՌԴ Պետդուման մերժելու է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումըՙ ՌԴ տարածքում պարզ էր հենց այն պահից, երբ Դումայում որոշ «արդար ռուսներ» («Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչներ), բարձրացրեցին այս հարցը: Այո, ռուս-թուրքական հարաբերություններն այսօր գերլարված են, բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունները ընկալվում են որպես ռազմավարական, ավելին, ինչպես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն է հայտարարել, «Մոսկվան երբեք չի անի որեւէ քայլ, որը կվտանգի Ադրբեջանի հետ մեր բարեկամությունը»: Եթե ռուսները քրեականացնեին Ցեղասպանության ժխտումը, Մոսկվան հենց այդպիսի քայլ կաներ, քանի որ օրինագծի ընդունումից հետո Ռուսաստանում ապրող ադրբեջանական հոծ համայնքը կա՛մ պետք է ձայնը կտրեր Ցեղասպանության շուրջ, կա՛մ պետք է ողջ կազմով հայտնվեր ռուսական բանտերում: Էլ չենք խոսում նոր փերինչեքների մասին, որոնք վստահաբար կհայտնվեին Ռուսաստանում, եթե Դուման որոշեր լսել «արդար ռուսներին»: Բայց Մոսկվայի այս մերժումը միակը չէ, որ տեղի ունեցավ վերջին օրերին: ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով պատասխանել է Դումայի որոշ պատգամավորների կոչինՙ խզել 1921-ի մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված բարեկամության պայմանագիրը: Այս կապակցությամբ Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր չի համարում 1921-ի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի խզումը: Խաղաղության պայմանագրերը, որոնցով որոշվում են պետությունների սահմանները, խզելու միջազգային նախադեպ չկա: Այս համատեքստում էլ իրավական տեսանկյունից Պայմանագրի խզումը, որով հստակեցվում են Թուրքիայի սահմաններըՙ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ այս պետությունների առաձին սուբյեկտների կարգավիճակը, հակասում է միջազգային պրակտիկային: ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Պայմանագրի խզումը որեւէ դրական փոփոխություն չի մտցնի, այլ ճիշտ հակառակըՙ ապակայունացնող քաղաքական հետեւանքներ կունենա Հարավային Կովկասիՙ առանց այդ էլ անկայուն իրադրության վրա, քանի որ Պայմանագրի խզումը կբարձրացնի ՌԴ-ի անմիջական հարեւանությամբ գտնվող այդ երկրներիՙ գոյություն ունեցող սահմանագծերի վերանայման հարցը»: Անկեղծ ասածՙ վստահ չենք, որ իրոք միջազգային պրակտիկայում խաղաղության հաստատման պայմանագրերը չեն խզվել, բայց քանի որ ՌԴ ԱԳՆ-ն այդ մասին վստահ հայտարարում է, հավատանք: Խնդիրն այստեղ դա չէ, այլ այն, որ ռուսները մեզ Արարատը հետ վերադարձնելու գործում ոչ միայն աջակից չեն եւ չեն լինելու, այլեւ Արարատի հայրենադարձումը հակասում է ՌԴ-ի շահերին, գոնե այսօրվա ՌԴ-ի այսօրվա շահերին: Ավելին, ճիշտ է, ՌԴ ԱԳՆ-ն խոսում է Թուրքիայի հետ ունեցած հարավկովկասյան երկրների սահմանագծերի մասին եւ բացառում դրանք վերանայելու «հայամետ» հնարավորությունը, բայց թեթեւ ակնարկում է նաեւ, որ Հարավային Կովկասի պեսՙ առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում իրեն առհասարակ պետք չեն սահմանային ձեւափոխություններ: Այսինքն Մոսկվային ձեռնտու է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան եւ, այս պարագայում ամենակարեւորը, Հայաստան-Ադրբեջան սահմանագծերը մնան նույնը: Ընդ որում Մոսկվան չի շեշտում, թե հարավկովկասյան երկրների սահմանագծերի անփոփոխություն ասելով ինքը նկատի ունի սահմաններըՙ մինչ աբխազական եւ օսական պատերա՞զմը, թե՞ դրանից հետո: Եթե դրանից հետո, ապա Ղարաբաղը դրանից հետո Ադրբեջանինը չէր, եթե դրանից առաջ, ապա Ղարաբաղը դրանից առաջ Ադրբեջանինը չէր: Ինչ վերաբերում է Արարատին: Մոտ օրերս Մոսկվայի արբիտրաժային դատարանը կքննի հանրահայտ Philip Morris-ի հայցնՙ ընդդեմ Ararat ծխախոտի: Բանն այն է, որ Philip Morris-ը պնդում-պահանջում է, որ Ararat ծխախոտը պետք է արգելել ՌԴ տարածքում, քանի որ այն իր տուփով նման է իր` Marlboro ծխախոտին եւ դրանով իսկ մոլորության մեջ է քցում սովորական ռուսաստանցի սպառողներին: Նշենք, որ Ararat ծխախոտի տուփի վրա պատկերված է Արարատ լեռըՙ գրաֆիկական ձեւով: Հայաստանյան գրանցում ունեցող այս ընկերությունից կարծիք են հայտնել, որ իրենց տուփը բոլորովին նման չէ Marlboro-ի տուփին, բացի այդՙ մեր ծխախոտը Եվրասիական տնտեսական միության անդամ յուրաքանչյուր երկրում իրավունք ունի անխոչընդոտ շրջանառվել, եւ այս իրավունքն ամրագրված է ԵԱՏՄ պայմանագրերով: Ուշագրավ է, որ սա Marlboro-Ararat առաջին դատական վեճը չէ: Նույն հարցով նույն գործերը քննվել են Լիբանանում եւ Թայվանում եւ երկու այս երկրներում էլ դատարանը որոշում է կայացրել հօգուտ հայաստանյան ընկերության: Գործն ուսումնասիրող որոշ ռուս իրավաբաններն էլ նկատում են, որ եթե Թայվանում դատարանը հօգուտ հայերի որոշում է կայացրել, ապա նույնը անկասկած կարելի է սպասել Ռուսաստանում, քանի որ, եթե անգամ թայվանցիներին կարելի է շփոթեցնել տուփերով, սովորական ռուսաստանցիները գիտեն, ծանոթ են հայկական Ararat անվանմանը եւ գիտեն, թե ումն է Ararat-ը: Կարեւորը գիտեն, ռուսների, լիբանանցիների, առավել եւսՙ թայվանցիների, մյուսների, ուրիշների պարագայում, իսկապես կարեւորն իմանալն է, մեր պարագայում, սակայն, իմանալը քիչ է: |