RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3025, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 101

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ

Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի վերջին երկու համարները գրեթե ամբողջությամբ նվիրված են անցած տարվա կարեւորագույն իրադարձությանըՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ դրա հետ կապված միջոցառումներինՙ Հայաստանում եւ հիմնականումՙ արտերկրում:

Ամսագրի ծավալուն հարցազրույցը հայտնի ցեղասպանագետ, դոկտոր Միհրան Դաբաղի եւ իրավաբան-միջազգայնագետ Վլադիմիր Վարդանյանի հետ, անդրադառնում է մի շարք կարեւորագույն հարցերիՙ առնչվող ցեղասպանությունների համեմատական բաղդատման համատեքստում Հայոց ցեղասպանության տեղին, ցեղասպանությունը պատմականացնելու, միջազգային իրավունքի տեսակետից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին, փոխհատուցմանն ու դրա հետ կապված գործընթացներին: «Ցեղասպանության հարցին կարելի չէ մոտենալ որեւէ մեկ պատմական դեպքի տեսանկյունեն: Ոչ միայն այն պատճառով, որ այն այլ որակ ունի, այլ քանի որ անոր հետեւանքներուն մեջ կապրին ցեղասպանվածներու հաջորդող սերունդները: Ցեղասպանված ժողովուրդ մը կապրի ցեղասպանության հետեւանքներու մեջ, հետեւաբար կպահանջե քաղաքական լուծում: Հարցը պատմաբաններու ձգել կնշանակե ցեղասպանությունները պատմականացնել եւ պատասխանատվությունից հրաժարիլ». այս հարցի հետ կապված Միհրան Դաբաղի տեսակետները վերջին շրջանում համեմատաբար ավելի են շրջանառվում եւ հանրայնացվում, ինչը խնդրի ոչ միայն բազմակողմանի ու խորը մոտեցում է, նաեւ հոգեբանական վերլուծում է եւ մանավանդ այժմեականՙ նկատի առնելով արեւմուտքում տարածված մտայնությունները, եւ մեզ համար էականՙ միջազգային Ճանաչման հարցի կարեւորությունը. «1945-ից եւ Հոլոքոստից (Ողջակիզումից) հետո Եվրոպայում ստեղծվեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված ոճիրների կոնսենսուս: Այդ կոնսենսուսը աշխուժացրեց Հայկական ցեղասպանության ճանաչման պահանջը: Միջազգային ճանաչում, ըստ իս , կնշանակե նախՙ ապահով տեղ մը ստեղծել ցեղասպանված ժողովուրդին հիշողության համար: Զոհի հիշողությունը կպահանջե միջազգային սատարումՙ հաշմված ինքնության կենսունակ շարունակությունն ապահովելու համար: Այլ խոսքովՙ պատմության մեջ տեղ տալ զոհին, պարտվողին, ինչ որ մինչեւ 1945 թվականը, մինչեւ հոլոքոստյան փորձառություն, հաղթողներուն վերապահված էր»:

Գրականության, արվեստի մեջ Հայոց ցեղասպանության արձագանքների համատեքստում է զրույցը գրականագետ, գրող Ալեքսանդր Թոփչյանի հետ. մասնավորապես հետաքրքրական է խորհրդային եւ հետանկախության շրջաններում այս թեմայով ստեղծված մշակութային արժեքների համեմատական անդրադարձը:

«Օրերի» այս էջերում տեղ են գտել իսպանախոս երկրների մտավորականների կարծիքները Հայոց ցեղասպանության մասին, Չեխիայում եւ եվրոպական այլ երկրներում 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին պատմող ակնարկներ:

Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ «Օրերը» շարունակում է եվրոպահայ համայնքային կյանքը լուսաբանող հրապարակումների շարքըՙ հիշյալ համարում ներկայացնելով լիտվահայության, իսկ հաջորդումՙ Լատվիայի եւ Էստոնիայի հայ համայնքների կյանքը, նշանավոր ներդրում ունեցող անձանց գործունեությունը: Այս շարքերն ուղեկցվում են պատմական անցյալի անդրադարձներով. էստոնահայության հետ կապված, հիշատակումը սկսվում է Դորպատի առաջին հայ ուսանողներիՙ Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանցի, Ռափայել Պատկանյանի եւ մյուսների ուսանելու տարիներից: Առանձին անդրադարձներ, զրույցներ են արված ազգային միավորումներին, համայնքային կազմակերպություններին, եկեղեցական համայնքներին, դպրոցներին, մամուլին, մշակութային կյանքին: Ներկայացված են հայ հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ:

Այս համարում ծանոթանում ենք «Կարպիս Փափազյան» մրցանակի այս տարվա դափնեկրինՙ իսպանացի հրապարակախոս Խոսե Անտոնիո Գուրիարանին, որի մի շարք գրքեր նվիրված են հայությանը, որոնցից առավել հայտնի La Bomba գիրքը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մասին է: Վենատիկի 56-րդ միջազգային բիենալեի հայաստանյան մասնակցության, սփյուռքահայ 18 արվեստագետների մասնակցությամբ հայկական տաղավարի «Արմենիթի» ցուցահանդեսի մասին է պատմում Անահիտ Թորոսյանի հրապարակումը: Մասնակիցների եւ հայկական տաղավարի համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրստենբերգի ջանքերի շնորհիվ հայկական նախագիծն արժանացավ 2015-ի բիենալեի գլխավորՙ «Ոսկե առյուծ» մրցանակին:

Առանձին էջեր են հատկացված Հայոց ցեղասպանության անդրադարձներին Ավստրիայում եւ Սլովակիայումՙ հայկական խաչքարի օծում, վերանորոգված մատուռի ու թանգարանի բացումՙ Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, Բրատիսլավայում ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո, գրքի շնորհանդես, 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես:

Ներկայացված է Աննա Կարապետյանի կարճ, սակայն նպատակային ու սուր հարցադրումներով զրույցը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետՙ Պրահայում չեխահայ համայնքի գործարարների հետ նրա հանդիպումից հետո

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ