ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑՆ Է Հ. ԱՖՅԱՆ Հեռավոր 1953-ին, երբ այսօր 85-ամյա պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը դեռ ասպիրանտ էր, առաջին անգամ լսեց, որ հայկական հարցը նույն քրդական հարցն է: Առաջին հայացքից ապագա պրոֆեսորին սա վրիպակ է թվացել, այսի՞նքն, ինչպե՞ս թե, չէ՞ որ քրդերը միայն գործիք են եղել Օսմանյան կայսրության, թուրքերի ձեռքերում, միայն միջոցՙ ոչնչացնելու եւ բնաջնջելու հայությանը այդ հրեշավոր գործում: Բայց պրպտող, որոնող եւ հետեւաբար գտնող գիտականին սովորական գիտնականից տարբերում է թերեւս հենց այս հանգամանքը: Եթե երկրորդն աշխատում է կարծրատիպերովՙ կամ իր կամ նախքան ինքը ստեղծված, ապա որոնող գիտնականի համար կարծրատիպեր չկան, կան հարցեր, որոնց պատասխանների փնտրտուքն էլ հենց դառնում է գիտնականի խնդիրը: Պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը 1953-ից որոնում է այս հարցի պատասխանըՙ հայկական հարցը քրդական հա՞րց է: Ավելի ճիշտՙ որոնում էր, քանի որ անցյալ ուրբաթ օրը, ՌԱԿ «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնում, մեր երկրի ռազմական, ազգային անվտանգության, օրենսդիր մարմինների մի շարք ներկայացուցիչների, արեւելագետների մի մեծ խմբի ներկայությամբ տեղի ունեցավ Նիկոլայ Հովհանիսյանիՙ «Քրդերի մասնակցությունը Հայերի ցեղասպանությանը, քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» գրքի ներկայացումը, որը լույս է տեսել ՌԱԿ-ի միջոցներով եւ աջացությամբ: Այս գիրքը պատասխանում է գիտնական Հովհաննիսյանի հարցինՙ այո, հայկական հարցը քրդական հարցն է: ՌԱԿ ատենադպիր Սուրեն Սարգսյանը , ով ներկայացրեց Հովհաննիսյանինՙ որպես կենդանի դասականի, արեւելագիտության, արաբագիտության ոլորտումՙ արդի լեզվով ասածՙ բրենդ, որը, չնայած Գիտությունների ազգային ակադեմիայիՙ ընդամենը թղթակից անդամ է, բայց ավելի ակադեմիկոս է, քան... Քան, որը Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնի կազմածՙ աշխարհի 100 ամենաբարձրակարգ գիտականներից մեկն է, շեշտեց, որ պրոֆեսոր Հովհաննիսյանի գրքում արծարծված խնդիրը բարձրաձայնվում է առաջին անգամ. «Այո, բոլորս էլ գիտեինք, որ քրդերն ամենագործուն մասնակցությունն են ունեցել Ցեղասպանության մեջ, եւ այս գրքի մեծագույն արժեքը, անկյունաքարն այն է, որ ցույց է տրվում, որ քրդերը սոսկ գործիք չեն եղել Օսմանյան կայսրության ձեռքում, նրանք իրենց շահերն են ունեցել եւ ունեն», ասաց Սուրեն Սարգսյանը: Ո՞րն է այդ շահը, իհարկե Քրդստան պետության ստեղծումը երբեմնի հայկական պետության տարածքում, հակասո՞ւմ է արդյոք դա հայկական շահերին, անշուշտ հակասում է, ունե՞նք այսօր մենք ազգային-պետական հայեցակարգՙ այս նուրբ եւ կարեւոր հացի շուրջ, չունենք, պե՞տք է արդյոք ունենալ... Պրոֆեսոր Հովհաննիսյանի գիրքն այս ամենի մասին է, այս հարցերին եւ ոչ միայն սրանց պատասխանողն է: Երեք գլխից կազմված, չափերով, սակայն միայն չափերով փոքր այս գրքում, առաջին գլխում հեղինակը ներկայացնում է քուրդ պատմաբան Քամալ Ահմադի տեսակետըՙ քուրդ-հայկական, ինչպես ինքն է ձեւակերպելՙ «հարաբերությունների բարդ հանգույցի սոցիալ-տնտեսական, էթնիկական եւ կրոնական բաղադրիչները»: Հեղինակը մեջբերում է Քամալ Ահմադիՙ 1977-ին, Բաղդադում լույս տեսածՙ «Քրդստանն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» աշխատությունը, որտեղ քուրդ պատմաբանըՙ Հայոց ցեղասպանության մասին գրում է. «Մեծ ցավով պետք է նշել, որ քրդերն այս կամ այն աստիճանի, գիտակցաբար, թե անգիտակցաբար, ուրիշների կողմից հրահրված, թե կանխամտածված, մասնակցել են այդ սպանդին»: Սա արդեն փաստ չէ, կամ սա ոչ միայն փաստ է. սա խոսոտավանություն է, որից արժե հետեւություններ անել, որից պետք է հետեւություններ անել: Երկրորդ գլխում հեղինակը ներկայացնում է արաբական արդի պատմագիտությունը Օսմանյան կայսրությունում Հայկական ջարդերի եւ Հայոց ցեղասպանության իրականացման մեջ քրդական գործոնի դերակատարման մասին: Արաբներին ներկայացնելով որպես հայ ժողովրդին բախտակից ժողովուրդ, հեղինակը, վկայակոչելով արաբ պատմիչներին եւ պատմագիրներին, մեջբերումներ է անում նրանցից, մասնավորաբար Մուսա Պրենսից, Ուսման ալ-Թուրքից, Ֆուադ Հասան Հաֆիզից, ովքեր միաբերան պնդում են, որ քրդերը մասնակից են եղել հայերի Ցեղասպանությանը եւ դա արել են ոչ պարտադրված: Երրորդ գլխում, որն, ըստ իս, ամենաուշագրավն է, հեղինակը ներկայացնում է քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հիմնահարցի կարգավորման հայկական հայեցակարգում: Պրոֆեսոր Հովհաննիսյանը ներկայացնում է Հայկական հարցի լուծման մի շարք տարբերակներՙ սկսած իդեալականից, իսկ, թե ո՞րն է այդ իդեալական տարբերակը եւ որոնք են մյուս տարբերակները, կարելի է ծանոթանալՙ գիրքն ընթերցելով: Գիրք, որը պետք է որ հայտնվի մեր պետական, ազգային քաղաքականություն իրականացնողների եւ ազգային անվտանգության պատասխանատուների սեղաններին: Բանն այն է, որ հայկական հարցը քրդական հարցն է, կամՙ հակառակը, քանի որ հայկական հողերում այսօր ապրում են քրդերը, ի տարբերություն որոնց, սակայն, մենք այսօր պետություն ունենք, հետեւաբարՙ գործելու լայն դաշտ: «Ընդունեք սա որպես ահազանգՙ ուղղված հայ ժողովրդին, որ մենք անելիք ունենք», իր գիրքը ներկայացնում է Նիկոլայ Հովհաննիսյանը: ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը տեղեկացրեց, որ պրոֆեսորի գիրքը կթարգմանվի նաեւ ռուսերեն եւ անգլերեն, չի բացառվում նաեւ թուրքերեն: Ի դեպ, Նիկոլայ Հովհաննիսյանի գիրքը վերջին մեկ ամսում ՌԱԿ օժանդակությամբ տպագրված երկրորդ գիրքն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԱԿ-ի օժանդակությամբ լույս էր տեսել պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանիՙ «Էներգետիկ անվտանգությունը եւ աշխարհաքաղաքկան մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում» աշխատությունը: Այնպես որ գրքեր կան, դրանք կարդալ է պետք, իսկ որն ավելի կարեւոր էՙ դրանք օգտագործել է պետք, կարդալուց հետո, քանի որ եւ Կովկաս-կասպյան տարածաշրջանի մարտահրավերները, էներգետիկ անվտանգությունն առհասարակ եւ, իհարկե քրդական գործոնը լուրջ եւ անգամ օրակարգային հարցեր են այսօր մեր պետության համար եւ այսօր դրանց մասին գրքեր կան, սակայն միայն գրքեր կան, սակայն միայն գրքե՞ր կան... |