RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4456, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ, ԱՅԼԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻ՛Ց ԲԱՆԱԿ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեղադրանքներն ավելի շուտ սկսվեցին, քան ենթադրվում էր: Ոգեւորության ալիքը, որի մասին գրել էի նախորդ շաբաթՙ նախատեսելով դրա հետզհետեական մարումը եւ դրա փոխարինումը դժգոհություններով, այս օրերին ամենուր էՙ մամուլի էջերում, համացանցում, մարդկանց հոգիներում: Նահատակներին հուղարկավորելու, վերքերը կապելու, խոշտանգումներից սահմռկելու պահն է հիմա, պահը խորը ափսոսանքիՙ այսքան զոհ ու վիրավոր չպետք էր տայինք. թշնամու տասնապատիկ կորուստները չեն կարող մխիթարել մեզ. մեր քիչը շատից շատ է միշտ:

Մի կողմ թողնելով զգացմունքայինն ու երեւակայականը, հաստատենք ընդհանուր տպավորությունըՙ մենք անպատրաստ էինք, մանավանդ առաջին հարվածին: Այլապես թշնամու ներխուժման փորձը մահացու ծուղակ կդարձնեինք հենց նրա գլխին: Անպատրաստ էինք ոչ միայն զինվածությամբ ու զինատեսակներով, այլեւ զգոնության եւ ընդհանուր պատրաստականության տեսակետից: Հայկական փնթիությունը նորից կատարեց իր տխուր գործը: «Կամաց-կամացի», «Հետո կանենքի», «Աստված մեզ հետի» փիլսոփայությունից պրծում չունե՞նք: Հիշո՞ւմ եք Վարդանանց պատերազմի մասին անեկդոտը: Ճակատամարտի նախօրեին, գիշերը, Աստված նայում է վերեւից եւ տեսնում Տղմուտ գետի այն ափին պարսկական բանակը աշխույժ նախապատրաստությունների մեջՙ փղերին կերակրելիս, թրերը սրելիս, աղեղները լարելիս: Տպավորված դրանիցՙ Աստված վերեւից մոտենում է գետի այս ափին բանակած հայկական զորքին: Տեսնում է մեր զինվորներին կրակների շուրջ խումբ-խումբ նստոտածՙ թրերի ծայրին շամփրած միսն են խորովում ու հետն էլ զրից անում: Աստված զարմացածՙ իրեն-իրեն հարց է տալիս. «Չլինի՞ էս հայերը կրկին իրենց հույսը դրել են իմ վրա»...

Ոչ ոքի վրա, նույնիսկ Աստծու, հույս պետք չէ դնել: Խոստումները, երդումները, բարեկամության ու փոխօգնության պայմանագրերն անգամ կարող են խախտվել, չհարգվել, դրժվել: Մեր հույսը մենք ենք, եւ Հայաստանի հույսը, որի իրական սահմանն սկսվում է Արցախի պաշտպանական առաջնադիրքերից, մենք ենք, միայն մե՛նք: Ուրիշ ոչ ոքի չմեղադրենք:

Եվ որքան մեծ լինի մեր վրա դրած մեր հույսը, այնքա՛ն բծախնդրությամբ, ջանասիրությամբ, ճշտապահորեն պետք է աշխատենք, սրբագրենք մեր թերություններըՙ վերեւից ներքեւ, ներքեւից վերեւ, ամբողջ ծավալով, ողջ հայությամբ: Ունենք մարտունակ բանակ, ուրեմն արժե այն վերածել ժամանակակի՛ց բանակի, ողջ երկիրն ընդգրկող պաշտպանական գիտականահե՛նք համակարգի: Որպեսզի մեր նախագահը, մեր բոլո՛ր նախագահները, մեկ էլ չկրկնեն 138 տարի առաջ, նույն Բեռլինում, Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփի» պատմությունը: Երբե՛ք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ