RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



MASS-MEDIA

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3935, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՂԱՐԱԲԱՂԸ ԴԱՐՁՅԱԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐՆԱԳՐԵՐՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածը գրելու պահին հրադադարի խախտումները ԼՂՀ-ի հակամարտության շփման գծում շարունակվում էին, հակառակ պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին համաշխարհային կոչերին: Չնայած այդ խախտումները 1994 թվի մայիսի 5-ից սկսած ամենօրյա բնույթ էին կրում, այն ինչ կատարվեց Ղարաբաղում ապրիլի 2-ին, լայնամասշտաբ էր: Իրականում դա ադրբեջանական ուժերի կողմից «բլիցկրիգ» էր, որն իր ուղերձն էր հղում ինչպես թշնամիներին, այնպես էլ բարեկամներին: Վաշինգտոնում պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից երկու օր անց, բացարձակապես արհամարհելով ղարաբաղյան հակամարտությունը խաղաղորեն կարգավորելու նրա հորդորները, Ալիեւը սանձազերծեց նախապես մշակված սցենարով մարտական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով, ընդ որում օգտագործված սպառազինությունների տեսակետից աննախադեպ մեծության ու ծավալով: Մոսկվան վստահեցրել էր Հայաստանին, որ Ադրբեջանին վերջերս վաճառված ծանր հրանետային համակարգերը չեն օգտագործվելու Հայաստանի եւ/կամ Արցախի դեմ: Հակառակ այդ հավաստիացումներին, Բաքվի զինուժը օգտագործեց այդ զինատեսակներըՙ պատճառելով մարդկային կորուստներ: Այդ հավաստիացումները ցինիկաբար բացահայտում են նաեւ այն փաստը, որ Մոսկվան Բաքվի հետ համաձայնեցնում է, թե որ զենքը կարելի է օգտագործել Հայաստանի դեմ, որըՙ ոչ:

Հասցված վնասն ու զոհվածների քանակը մեծ է: Տեղեկատվական պատերազմը շարունակվում է: Հակառակ այն փաստին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհավորել է Բաքվի իր գործընկերոջ Ալիեւին «հաղթանակի» առիթով, մարտական գործողությունների արդյունքները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի «բլիցկրիգը» ամբողջովին ձախողության է մատնվել: Բոլորի համար հստակեցվել է նաեւ, որ ագրեսորը այս անգամ էլ Ադրբեջանն է:

Սովորաբար, ամեն անգամ որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում էր նախանշվում, շփման գծում բախումները սաստկանում էին: Այս անգամ չնայած ենթադրություններ կային, որ Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում հանդիպում տեղի կունենա երկու երկրների նախագահների միջեւ, այն տեղի չունեցավ: Սակայն բախումներ, այն էլ կատաղի, այդուհանդերձ տեղի ունեցան:

Ալիեւն ու Էրդողանը Վաշինտգոնից տուն վերադարձան վհատված: Ալիեւը նախքան Բաքվից մեկնելը ազատ էր արձակել 15 լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների, հույս ունենալով վարձատրվել դրա համար անձամբ նախագահ Օբամայի հետ հանդիպելով Վաշինգտոնում: Այն ամենը, որ նա, ինչպես նաեւ Էրդողանը, ստացավ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումն էր: Անցյալ նոյեմբերին ռուսական մարտական օդանավ խփելու եւ հետո էլ Թուրքիայի հարավարեւելյան մասում քուրդերին ոչնչացնելու առիթներով Օբաման պաշտպանել էր Էրդողանին հայտարարելով, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու ինքն իրեն»: Այս անգամ, սակայն, նա խուսափեց հանդիպել նրան, հավանաբար հասկացնելով, որ գոհ չէ լրագրողների, մարդու իրավունքների ակտիվիստների եւ գիտաշխատողների, ինչպես նաեւ քուրդ բնակչության հանդեպ Էրդողանի որդեգրած պատժիչ քաղաքականությունից:

Նոր թշնամական հարձակման, ուխտադրուժ ագրեսիայի հետեւանքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձյալ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կիզակետում: Սովորաբար նման դեպքերում տեղեկատվությունն ու մեկնաբանությունները նախկին հաղորդումների կրկնություններն են լինում: Այս անգամ էլ բացառություն չէր: «Նյու Յորք Թայմսը» ապրիլի 3-ին նման մի հրապարակում զետեղեց իր էջերում Անդրու Կրամերի ստորագրությամբ: «Էլ Ջեզիրան» սակայն, որի հրապարակումները Հայոց ցեղասպանության կամ հայկական հարցերի վերաբերյալ սովորաբար նմանվում էին պրոֆ. Դավութօղլուի «դասախոսություններին», այս անգամ շատ անաչառ էր մոտեցել հարցին, եւ հաղորդավարը ուղղակիորեն մեղադրեց Ստալինին այդ հողակտորըՙ Ղարաբաղը Հայաստանից պոկելով 1922-ին ազերիների իշխանության տակ դնելու մեջ: (*)

Դժվարանալով երբեմն գլուխ հանել տեղեկությունների շփոթեցնող հորձանուտում, փորձենք այդուհանդերձ որոշ դիտարկումներ կատարել:

Հստակ է, որ նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական հանկարծակի ճգնաժամը պատճառներից մեկն էր թե՛ ներքին, թե՛ արտաքին հասարակության ուշադրությունը մեկ այլ ոլորտ շեղելու:

Այդուհանդերձ, եթե առավել լայն առումով մոտենանք հարցին, կարող ենք հաստատել, որ բռնկումը տեղայնացված արձագանքն էր նորահայտ սառը պատերազմի, որտեղ Թուրքիան, ՆԱՏՕ-ի փոխարեն, իր վրա է վերցրել Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու պարտավորությունը: 2015-ի նոյեմբերին ռուսական ռազմական օդանավի խորտակումից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սառեցվել էին: Անկարան թաքնվում էր ՆԱՏՕ-ի թիկունքում, իսկ Վաշինգտոնը խուսափում էր հարցի քննարկումից: Էրդողանը հույսը դրել է Մ. Նահանգների առաջիկա նախագահական ընտրությունների վրա, քանի որ բոլոր թեկնածուներն էլ կողմնակից են հրազենի շնիկը շարժման մեջ դնելու քաղաքականությանը, ինչը անհրաժեշտ պայմանները կստեղծի նոր սառը պատերազմի բոցը վառ պահելու համար:

Անկարան Մոսկվայի հետ իր բանավեճերի ժամանակ միշտ էլ քավության նոխազ է ընտրել Հայաստանին: Դա սկսվեց, երբ վարչապետ Դավութօղլուն Սելահադդին Դեմիրթաշին մեղադրեց Մոսկվա այցելելու եւ այնտեղ քուրդական ներկայացուցչություն բացելու մտադրության մեջ: Արդարացնելու համար PKK-ի եւ ընդհանրապես քուրդ բնակչության դեմ իր սանձազերծած զանգվածային պատերազմը, Դավութօղլուն մեղադրեց քուրդերին ռուսների հետ համագործակցելու մեջ, ասելով. «Ճիշտ այնպես, ինչպես հայկական հրոսակախմբերն էին նրանց հետ համագործակցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»: Նրան հաջորդեց Էրդողանի մեղադրանքը, որ Ռուսաստանը Հայաստանին էր օգտագործում ՆԱՏՕ-ի դեմ պայքարելու համար: «Your-newswire.com»ը ապրիլի 4-ին նշում էր, որ համաձայն ռուսական հետախուզական աղբյուրների Թուրքիայի նախագահը մտահոգություն է արտահայտել, որ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը դարձել է «ամենամեծ սպառնաիլքը համաշխարհային խաղաղության», եւ որ ինքը երդվել է «մի բան ձեռնարկել»: Այս լրատվությունը հաստատվում է Էրդողանի մեկ այլ հայտարարությամբՙ արված Վաշինգտոն կատարած իր վերջին այցի շրջանակներում «Բրուկինգզ ինստիտուտում» դասախոսության ժամանակ, որտեղ դարձյալ Հայաստանի «ուրվականին» անդրադառնալով հիշեցրել է ԱՍԱԼԱ-ի մասին:

Վերոնշյալ լրատվությունը ավարտվում է խիստ պայթուցիկ եզրակացությամբ, որտեղ ասվում է. «Իսկ թե իրականում ինչու են Էրդողանը եւ որդինՙ Բիլալը, որոնք ֆինանսավորում են ԻՊ-ին, մտադիր պատերազմ հրահրելու Լեռնային Ղարաբաղում, հետեւանք է Ռուսաստանի եւ Օբամայի վարչակազմի միջեւ շարունակվող այն բանակցություններին, որոնց արդյունքում նրանք համատեղ ջանքերով մշակում են հարձակվել Թուրքիայի պաշտպանության տակ գտնվող ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի վրա (Հյուսիսային Սիրիայում), որպեսզի խորտակեն վերջնականապես Մերձավոր Արեւելքի գերիշխանությանը ձգտող Թուրքիայի երազանքը»:

Լուրի հրատարակումից անմիջապես հետո աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներից զսպվածություն պահպանելու կոչեր հնչեցին: Անսովորն այն էր, որ Քերրին եւ Լավրովը իրենց հեռախոսային խորհրդակցությունից հետո ԼՂՀ-ի ռազմական գործողությունների անմիջական դադարեցման կոչ հնչեցրեցին, մեղադրելով դրանցում «որոշ արտաքին դերակատարների» ջանքերը: Լավրովի հայտարարությունը որոշ շփոթմունք առաջացրեց. նա ասաց, որ Ռուսաստանը չի մեղադրում Թուրքիային Ղարաբաղում կացությունը սրելու համար եւ շարունակեց. «Չեմ կարող դատել, թե ինչ դեր է խաղացել, կամ չի խաղացել, կամ շարունակում է խաղալ Անկարան այս հարցում, բայց ի շահ բոլոր կողմերի, ներառյալ նույնիսկ Թուրքիայի ժողովրդի, խելամիտ կլինի, եթե Անկարան իր ուժերը կենտրոնացնի ահաբեկիչներին պաշտպանելու գործընթացին վերջ տալու վրա»:

Հասկանալի է, որ բոլոր փաստերը Թուրքիային են մատնանշում, մանավանդ որ նա պատճառներ ունի տագնապալի իրավիճակներ հարուցելու իր շրջապատում պարզապես շեղելու համար մարդկանց ուշադրությունը այն քաղաքացիական պատերազմից, որ նա մղում է արեւելյան Թուրքիայում: Ի դեպ, քուրդ առաջնորդ Դեմիրթաշը Էրդողանին եւ Դավութօղլուն է մեղադրել Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկման համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, միայն մեկ սադրիչ կարող է լինել: Ապրիլի 3-ին Երեւանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեեւ միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ հետո կատարված հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձեւավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արեւելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից»: Նախագահը նաեւ հայտարարեց, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Նախագահ Սարգսյանը չհետաձգեց իր նախապես ծրագրված այցը Բեռլինՙ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելին, եւ դա նշանակում է, որ իրադրությունը Հայաստանի կառավարության վերահսկողության տակ էր գտնվում: Այցը նաեւ առիթ էր ներկայացնելու թուրքական ագրեսիային շարունակ ցույց տրվող գերմանական աջակցության հետեւանքները տարածաշրջանում:

Սփյուռքահայությունը անշուշտ չէր կարող անտարբեր մնալ: Թուրք-ադրբեջանական ապատեղեկատվությանը հակադարձելը հսկայական մարտահրավեր է: Ժամանակն է նաեւ օրենսդրական գործողությունների: Նվազագույնը, որ Օբամայի վարչակազմը կարող է անել, վերականգնելն է Ազատությանը աջակից օրենքի 907 հոդվածը, որպեսզի զգուշացնի Բաքվին: Մեր պարտքն է զգաստ վիճակում պահել ամերիկյան մեր օրենսդիրներին եւ խնդրել նրանց գործել անհապաղ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

(*) Այստեղ հարկ է ճշտել, որ «Էլ Ջազիրայի» անգլերեն եւ արաբերեն հեռուստածրագրերը էապես տարբերվում են միմյանցից: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ