«ԻՆՉՈ՞Ւ ԳԴՀ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԿՆՔԵԼ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼՂ հակամարտության մասին քննարկմանը առաջարկ է արել Օտտո Լուխտերհանդտը Ապրիլի 12-ին ժամը 18.30-ին Բեռլինում Գերմանական ընկերակցության եւ գերմանահայկական ֆորումի հրավերով բանավեճ-քննարկում է կայացել «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը . էսկալացիայի պատճառները, լուծման ուղիները» թեմայով, որին մասնակցել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դոկտ. Քրիստոֆ Բերգները (ՔԴՄ), Վիսմարի Արեւելքի ինստիտուտի իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը , Բեռլինի Գիտություն եւ քաղաքականություն հիմնադրամի աշխատակից դոկտ. Ուվե Հալբախը : Քննարկումը վարել է Երեւանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոխեն Շմիդտը : Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հիշյալ բանավեճը մեծ լսարան է հավաքել, ներկա են եղել հիմնահարցի գերմանացի այլ մասնագետներ, նաեւ Երեւանում պաշտոնավարած նախկին դեսպաններ, հայեր, բնականաբար նաեւ ադրբեջանցիներ , որոնք եղանակ չեն կարողացել ստեղծել: Լուխտերհանդտը նկատել է տվել, որ 1918-1920, 1991 թվականների իրադարձությունները վկայում են, որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարողացել խաղաղ գոյակցել, դրա համար բնական պատճառներ կանՙ Ստալինը 1921 թվականին Ղարաբաղը տվեց Ադրբեջանին, սահմանները սխալ են գծվել: Ադրբեջանը հայերի հանդեպ շարունակական ատելություն է սերմանել: Իսկ վերջին քառօրյա կայծակնային պատերազմը տանուլ է տվելՙ ոտնահարելով 1994-ին ձեռք բերված հրադադարի մասին պայմանագիրը: Կովկասյան հարցերի փորձագետ Ուվե Հալբախը հետխորհրդային չլուծված այլ հակամարտությունների հետ համեմատելով նշել է Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկություններից մի քանիսըՙ հրադադարի դժվար պահպանում, մոնիթորինգի անկատարություն, վստահելի տեղեկատվության բացակայությունՙ ով է իրականում սկսել, գրավյալ - ազատագրյալ տարածքներ, հակամարտության կողմ հանդիսացող Ղարաբաղի բանակցային կողմ չլինելը, Ռուսաստանի անուղղակի ներգրավվածությունըՙ Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարար եւ Հայաստանի անվտանգության երաշխավոր, փոխզիջումների պատրաստակամության բացակայությունը, հիշողության պատերազմ, պատմության պատերազմ , պատմության մանիպուլյացիա, հիշատակի օրվա ստեղծումՙ Խոջալու: 2008 թվականից ի վեր փաստաթղթերը տեղից տեղ են տարվումՙ հույս չկա, որ հակամարտությունը կլուծվի: Բունդեսթագի պատգամավոր Բերգները ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ մոնիթորինգի գործառույթինՙ առաջարկելով ընդլայնել այն: Խորհրդարանի պատգամավորը հիշեցրել է նաեւ, թե այս պատերազմում հաղթողներ չեն լինելու: Հալբախը պարզաբանել է Մադրիդյան սկզբունքները: Քոչարյանիՙ Ղարաբաղը բանակցություններից հեռու պահելու սխալը կարելի է ուղղել, ասել է Լուխտերհանդտը: Նրա կարծիքով, Լաչինը, Քելբաջարը եւ Աղդամը պիտի մնան հայերի վերահսկողության տակ: Նա լսարանին պարզաբանել է նաեւ, որ 1923-24 թվականներին սահմանն այնպես է գծվել, որ Ղարաբաղը ոչ միայն որեւէ ճանապարհով ուղիղ չի կապվել Հայաստանի հետ, այլեւ ներքինՙ հյուսիսից հարավ հաղորդակցությունն այնպես է կառուցվել, որ ադրբեջանական տարածքը շրջանցելու հնարավորություն չլինի: Քննարկմանը խոսվել է նաեւ հակամարտության լուծման մեջ Իրանի դերի մասինՙ մասնավորապես հստակեցնելով, թե այդ երկրի ներգրավվածությունը իր հետ նոր խնդիրներ կարող է հարուցել: Թեսա Հոֆմանը բարձրաձայնել է հայ զոհերի մարմիններիՙ ադրբեջանցիների կողմից անարգման փաստի մասին եւ դրա իրավական պատժիչ մեխանիզմների մասին հարցի պատասխանը ստացել բանավեճին մասնակից Օտտո Լուխտերհանդտից: Պետք է հայց ներկայացնելՙ որպես ռազմական, պատերազմական հանցագործություն: Հայաստանը իրավասու է դիմել Հաագայի դատարան, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչներըՙ Ստրասբուրգՙ Մարդու իրավունքների միջազգային դատարան, ասել է Լուխտերհանդտը: Ադրբեջանցիների հնչեցրած հարցը եղել է մոտավորապես հետեւյալ բովանդակությանՙ ադրբեջանցիները հանդուրժող են, իսկ հայերըՙ ոչ, ինչի վկայությունն այդ երկրներում առկա ազգային փոքրամասնությունների վիճակն է, օրինակ քրդերի վիճակը բարվոք չէ Հայաստանում: Լուխտերհանդտը պատասխանել է, թե Ադրբեջանում չկա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, փոքրամասնությունները դժվար վիճակում են, դպրոցներ չկան: Երբ այդ երկիրը Ղարաբաղին առաջարկում է ինքնավարությունՙ մարդու իրավունքների ոտնահարման այս պայմաններում, ինչպե՞ս է դա հնարավոր պատկերացնել, ասել է Լուխտերհանդտը եւ հորդորել գնալ Հայաստանը եւ տեսնել, թե ինչպես են հարգվում էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Ադրբեջանցիները հիասթափված հեռացել ենՙ չսպասելով նույնիսկ իրենց հարցի ամբողջական պատասխանը լսել: Կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Շթայնմայերը ՀՀ նախագահ Սարգսյանին լավ ընդունելուց բացի ինչո՞ւ չեն առաջարկում կնքել ագրեսիայից հրաժարվելու պայմանագիր (Gewaltverzichtsvertrag, non-aggression treaty) ինչպիսին պատմության մեջ հայտնի ԽՍՀՄ-ում կնքված 1970-ի պայմանագիրն էր, լսարանի ուշադրությունն է հրավիրել Օտտո Լուխտերհանդտը: Գերմանիա |