RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4279, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ՉԷ, ՆԵՂԱՆԱԼՆ ԷԼՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչը չենք ուզում տեսնել համընդհանուր հիստերիայի մթնոլորտում

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենքՙ նրա դասերը չքաղելու: Առաջին հանրապետության տարիներին նեղանում էինք Անտանտի մեր «դաշնակիցներից»ՙ (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ) եւ պահանջում, որ նրանք իրենց զորքերով պահեն հայ-թուրքական սահմանըՙ Տրապիզոնից մինչեւ Վանա լճի հարավ: Այդ տարիների գործիչների կարճամտությունը թույլ չէր տալիս գնահատել աշխարհաքաղաքական իրավիճակը եւ լուծումներ փնտրել քեմալական Թուրքիայի եւ բոլշեիկյան Ռուսաստանի միջեւ չտրորվելու համար: Դառը հետեւանքները հայտնի են: Ի՞նչ ենք անում հիմա:

Երկրի նախագահի առաջնորդությամբ արշավ ենք սկսել առանց չակերտների դաշնակից գերտերության դեմ, նրանից պահանջելով, որ զենք չվաճառի մեր թշնամի Ադրբեջանին: Դա բացատրվում է որպես ռազմավարական գործընկերոջ կողմից ստանձնած պարտավորությունների չկատարում, կամ ինչպես տարերքի մեջ ընկած «իրավապաշտպան-փորձագետ-լրատվամիջոց-լրագրող-ակտիվիստ» ամերիկյան գրանտակերական համայնքի կարկառուն եւ ոչ այնքան կարկառուն ներկայացուցիչներըՙ դավաճանություն: Նրանց ֆեյսբուքյան բոցաշունչ կոչերը պահանջում են Հայաստանից հանել ռուսական բազան, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից (անգամ նախագիծ են շրջանառության մեջ դնում) եւ այլն: Ասել, թե այդ մարդիկ հիմար են, չի կարելի: Նրանք պարզապես թքած ունեն, թե ինչ տեղի կունենա դրանից հետո Հայաստանի եւ այստեղ ապրողների հետ, քանի որ ցանկացած պարագայում ամերիկյան տերերը նրանց համար «արժեքների» եւ «երազանքի» երկրում տաքուկ անկյուններ կգտնեն: Հետեւաբար «դավաճան» բառն ավելի ճշգրիտ արտացոլում է հենց նման կոչերի հեղինակներին:

Սակայն նախ դիտարկենք, թե ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Ռուսաստանը, որոնք «չի կատարել»:

Ռուսաստանը եւ Հայաստանը մոտ 20 տարի առաջ պայմանագիր են ստորագրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի եւ սահմանապահ զորքերի տեղակայման մասին: Այդ զորակազմը պետք է պաշտպաներ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, որը նաեւ ԱՊՀ, հիմա արդեն նաեւ ՀԱՊԿ ընդհանուր սահմանն է: Կատարո՞ւմ է իր այդ պարտավորությունը Ռուսաստանը: Անշուշտՙ այս տարիների ընթացքում պաշտպանելով Հայաստանը թուրքական ագրեսիայիցՙ սադրանքներից սկսած մինչեւ մասնակի կամ ամբողջական ներխուժում: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Թուրքիան չի վարանի վերացնել իր նախագահներից մեկի ասածՙ թուրքական աշխարհի միջեւ խրված «անիծյալ սեպը»ՙ Հայաստանը: Եթե դեռ կասկածողներ մնացել են, ապա կարող են հիշել 90-ականների Թուրքիայի կողմից նման գործողություններ սկսելու ցանկության մասին հայտնի տեղեկությունները եւ Ռուսաստանի արձագանքից հետո նման ցանկության անհետացումը, իսկ հիմա էլ թուրքական պարբերաբար ներխուժումները մյուս հարեւան երկրներՙ Իրաք, Սիրիա:

Գրանտակերների լոզունգներին հավատացողները մտածո՞ւմ են, թե ինչպե՞ս է հնարավոր երկու ճակատով հակամարտության մեջ մտնելը երկու թշնամի պետությունների հետ, որից մեկիՙ Ադրբեջանի տնտեսությունը գերազանցում է Հայաստանի տնտեսության ծավալները 5-6 անգամ, մյուսինըՙ Թուրքիայինըՙ 60-70 անգամ: Եթե գոնե չունենանք մեկ դաշնակից, որի շնորհիվ կարողանանք չեզոքացնել թուրքական հնարավոր գործոնը, ինչպե՞ս ենք կարողանալու մեր ամբողջ ռեսուրսները եւ հնարավորությունները կենտրոնացնել Ադրբեջանի դեմ մղվող եւ չավարտված պատերազմում:

Ակնհայտ է, որ եթե նժարի մի կողմում դրված է մեր պետության անվտանգության եւ մեր ֆիզիկական գոյությունը, ապա մնացած բոլոր գործոնները դառնում են երրորդական եւ չորրորդական: Այսինքն, միանշանակ է, որ Ռուսաստանն այս պահին կատարում է մեզ թուրքական կողմից պաշտպանելու իր պարտավորությունը: Դիտարկենք Հայաստանի նկատմամբ դաշնակից երկրի մյուս պարտավորությունների կատարումը:

Հայաստանին մատակարարվող գազի գինը աշխարհում ամենաէժաններից է: Այն, նախ 189 դոլար 1000 խմ դիմաց գնից 2015-ին դարձավ 165 դոլար, իսկ օրերսՙ 150 դոլար: Սա ի՞նչ է, եթե ոչ ռազմավարական գործընկերության դրսեւորում, որի շնորհիվ մեր տնտեսությունն ավելի մրցակցային է դառնում, մեր ապրանքների ինքնարժեքը ավելի ցածր եւ մեր արտահանումը մասնավորապես դեպի նույն Ռուսաստանՙ ավելի շահավետ: Կարի՞ք կա բացատրելու, որ այդ ամենի հետեւում բազմաթիվ հայկական ձեռնարկություններ կան, հազարավոր աշխատողներ, տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք ապրելու ու գործելու հնարավորություն են ստանում:

Հայկական ատոմակայանի ժամկետի երկարացման համար Ռուսասատնը տրամադրել է 270 մլն դոլար արտոնյալ վարկ եւ 30 մլն դոլար անհատույց գումար: Սա ռազմավարական գործընկերության պարտավորության կատարում չէ՞: Ընդ որում, երբ հայտարարեցինք նոր ատոմակայանի կառուցման մասին, ոչ մի այլ երկրից ցանկություն հայտնող չեղավ մասնակցելու այդ նախագծին եւ ներդրումներ կատարելու: Ընդհանրապես փոքր շուկա համարվող Հայաստանը արեւմտյան երկրների եւ ընկերությունների համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Հետաքրքրությունը միայն քաղաքական էՙ հանել մեզ Ռուսաստանի ազդեցության գոտուց: Հետո վարվել ինչպես Ուկրաինայի եւ Մոլդովայի հետՙ չկատարել նախապես տրված խոստումները, գցել անդունդը:

Հայաստանում ռուսական ներդրումները մի քանի միլիարդ դոլար են կազմում, տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ են աշխատում «Գազպրոմ Արմենիայում», «Բիլայնում», «ՄՏՍ»-ում, «Արմենալում» եւ հազարավորներՙ ռուսական ներդրումներով գործող փոքր ու մեծ տարբեր ընկերություններում, պայմանագրային ծառայողներՙ ռուսական ռազմաբազայում եւ սահմանապահ զորքերում: Սա՞ էլ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ պարտավորությունները չկատարել է նշանակում: Հարյուր հազարավոր հայաստանցիներ էլ աշխատում են Ռուսաստանում, որոնց համար, Հայաստանիՙ ԵՏՄ մտնելու շնորհիվ, առանց գրանցման մուտքի հնարավորություն է տրված:

Մի՞թե այս ամենը գոյություն չունի, թե՞ չենք ուզում տեսնել համընդհանուր հակառուսական հիստերիայի մեջ :

Հիմա անցնենք բուն խնդրինՙ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն: Ռուսաստանը գերտերություն է եւ ունի իր աշխարհաքաղաքական շահերը նաեւ մեր տարածաշրջանում: Եթե Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից է, դա չի նշանակում, որ իր որոշումներում Ռուսաստանը պետք է ղեկավարվի բացառապես Հայաստանի շահերով: Նման բան չի անում ոչ մի պետություն, առավել եւս գերտերություն: Նման դեպքում Հայաստանը պետք է կարողանա առաջ տանել իր պետական շահը, բայց ոչ նախագահի կողմից ռազմավարական դաշնակցի դեմ հայտարարություններ անելով եւ հանրությանը Ռուսաստանի դեմ «քսի տալով»: Հայաստանը կամ որեւէ այլ փոքր պետություն չի կարող պահանջել գերտերությունից չանել այն, ինչ վերջինս նպատակահարմար է գտնում: Սակայն, որպես դաշնակից, կարող է պահանջել անելու այն, ինչ իրեն անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար: Ընդ որում, դա պետք է անել նախագահների առանձնազրույցների եւ բանակցությունների ժամանակ, ոչ թե հրապարակային հայտարարությամբՙ նեղանալով դաշնակցից: Նեղանալն ընդհանրապես քաղաքական կատեգորիա չէ: Այդպես վարվում է թերեւս միայն մեր հարեւան երկրի նախագահ Էրդողանը, նեղանալով ինչպես Ռուսաստանից, այնպես էլ իր դաշնակիցներ ԱՄՆ-ից, հիմա էլ Գերմանիայից: Ի վերջո, եթե Ռուսաստանը մեր հովանավորը չէ, ոչ էլ մեր մեծ եղբայրը, կամ մայրիկն ու հայրիկը, ապա նրանից նեղանալու պատճառ պետք է որ չունենանք:

Հայաստանի նախագահը ոչ թե պետք է դաշնակից երկրին ասեր Ադրբեջանին զենք մի վաճառի, քանի որ այդ երկրին իր ազդեցության գոտում պահելու համար Ռուսաստանը դա շարունակելու է անել, այլ պահանջեր մեզ եւս ապահովել նորագույն սպառազինությամբ եւ տեխնիկայով: Թեեւ էժան գներով եւ անգամ անհատույց զինտեխնիկա ռուսական կողմը մեզ մատակարարում է: Եթե դա բավարար չէր, ապա ինչո՞ւ ենք նոր հիշում այդ մասին:

Ռուսաստանն արդեն իսկ արտոնյալ վարկ է տրամադրել արտոնյալ գներով ռուսական նորագույն սպառազինություններ ձեռք բերելու համար: Սա՞ էլ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ պարտավորությունների կատարում չէ: Միգուցե մեկ այլ երկի՞ր էլ կա, որ մեզ կասերՙ եկեք ձեզ արտոնյալ վարկ տամ, իմ փողով իմ արտադրության գործարանային գնով զենք գնեք: Չկա:

Գրանտակերների համայնքը մի թեզ էլ է առաջ քաշումՙ Ադրբեջանը չի կարող ձեռք բերել Ռուսաստանի կողմից մատակարարվող զենքի տեսակները (մասնավորապես «Սմերչը») այլ երկրներից, քանի որ ուրիշ ոչ ոք չունի դրանցից: Այլ դեպքում ռուսական զենքի նկատմամբ ամերիկյան փողեր ուտողների նման անվերապահ հավատը նրանց կարող էր զրկել կերակրատաշտից: Այս անգամ դա նրանց չի սպառնում: Պարզապես նշենք, որ գոյություն ունեն «Սմերչի» թե՛ ամերիկյան, թե՛ չինական համարժեքները: Գումար ունենալու դեպքում դրանք ձեռք բերելը դժվար չէ: Սակայն սրա մասին վերոնշյալ անձինք չեն խոսում, քանի որ ստիպված կլինեն ասել, որ Ադրբեջանին հարստացնողը եվրոպական ընկերություններն ու մասնավորապես բրիտանական «Բրիթիշ պետրոլիումն» է: Փոխարենը նրանք հպարտորեն հայտարարում են, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Ադրբեջանին զենք չեն վաճառում: Ճիշտ է իհարկե, դրա համար էլ ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Ադրբեջանին զենք մատակարարող երկրների շարքից եւ զբաղեցնել նրա տեղը: Չմոռանանք նաեւ, որ նույն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բազմամիլիարդավոր դոլարների զենք են մատակարարել մեր մյուս թշնամունՙ Թուրքիային, որի սահմանը Հայաստանի հետ պաշտպանում է այդ նույն Ռուսաստանը: Ինչպես ասում ենՙ շրջանը փակվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ