ԱՐԱԲԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Դամասկոսի «աշ-Շարկ» հրատարակչատունը լույս է ընծայել անվանի արեւելագետ-պատմաբան, Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի «Արեւմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» փաստագրական նյութերի արաբալեզու ծավալուն ժողովածուն, որում տեղ են գտել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ տեղի ունեցած անմարդկային, սահմռկեցուցիչ ոճրագործություններիՙ ցեղասպանության մասին ականատեսների, մասնավորապեսՙ արեւմտյան պաշտոնական արխիվների ու զեկույցների հրապարակած բազմաթիվ նյութեր, պետական բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներ եւ վկայություններ: Արաբ ընթերցողին ներկայացված սույն աշխատությունում հանգամանալից լուսաբանվում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, ծրագրվածությունն ու թուրքական կառավարող ռեժիմի կողմից դրա իրագործման հետեւողականությունը: Աշխատությունը հեղինակի առաջին փորձը չէ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների լուսաբանման ուղղությամբ: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ մենագրություններ ու հոդվածներ, որոնք լույս են տեսել Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում եւ այլուր: Անկասկած, հեղինակին նոր արժեքավոր եւ հարուստ գիտական նյութ պարունակող աշխատությունը արաբ ընթերցողին կտա Հայոց ցեղասպանության բազմաթիվ հարցերի պատասխանըՙ 101-րդ տարելիցի հիշատակման նախաշեմին: |