RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3821, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հ. ԱՖՅԱՆ

Ես անկեղծորեն հավատում եմ, որ հայ հովիվը անձամբ է վնասազերծել ադրբեջանական անօդաչու թռչող սարքը, որն իրականում իսրայելական է: Այսինքն ես հավատում եմ, եւ շատ անկեղծ, որ ղարաբաղցի հովիվը սարում նստած իր ոչխարը կամ տավարը արածացնելիս է եղել, տեսել է երկնքում բան է պտտվում, իսկ քանի որ այդ հողից բացի նաեւ այդ երկինքն է իրենը, վերցրել է մոտի զենքը եւ նշան բռնել, նշան բռնել եւ կրակել, կրակել եւ վնասազերծել: Ես հավատում եմ այս ամենին, այդ թվում նրան, որ հայ հովիվն իր մոտ զենք ունի:

Բայց ես անկեղծորեն չեմ հասկանում այն մարդկանց ուրախությունը, որ սա հենց այսպես է տեղի ունեցել, կամ մոտավորապես այսպես: Հովիվը հո սահմանի բերան, ռազմաճակատի վայրում իր գործը չէ՞ր անում, պարզ է չէ՞, որ նա թիկունքում է եղել, եթե, իհարկե, Ղարաբաղում մի սար կա, դաշտ կա, որը թիկունքում է: Համենայն դեպս, պարզ է չէ՞, որ հովիվը սահմանագծին չի եղել: Ու քանի որ հենց ինքն է խոցել, ուրեմն խոցված սարքը հատել է սահմանագիծը, հատել եւ ներս մտել. եթե հովիվն այնտեղ չլիներ, ավելի ներս կգար: Դրանցից մեկն, օրինակ, Ստեփանակերտ հասավ, միայն հասավ: Հովիվն այնտեղ է եղել, բայց արդյոք այնտեղ հովի՞վը պետք է լիներ, մի՞թե դա հովվի տեղն էր, կամ հովվի գործն էր:

Տղերք, հակառակորդի կողմից մեր տարածք եկող յուրաքանչյուր սարք, զինտեխնիկա, մարդ պետք է նկատվի եւ հնարավորության դեպքում ոչնչացվի նախքան այն պահը, երբ նա այնքան է մեզ մոտեցել, որ կարող է կրակել: Սա պետք է նկատի հովիվից առաջ զինվորը, զինվորից առաջ մասնագետը, մասնագետից առաջ մասնագետիՙ հատուկ նկատելու համար սարքը: Ու երբ ասում եք, թե հովիվն է խոցել, ուրեմն մինչեւ հովիվը չեն աշխատել: Բանակում աշխատում են երեւի ավելի շատ, քան ծառայում են: Օրինակ, այն բանակում, որտեղից անօդաչուներ է Ադրբեջանը ստանում, բանակում ոչ միայն աշխատում են, այլեւ բանակն ամենամեծ աշխատաշուկան է: Ու քանի դեռ իսրայելական անօդաչուները մեզ վրա են գալիս, մենք Իսրայել չենք դառնալու, եւ քանի չենք դարձել, մեզ այնքան են մոտենալու, որ կարողանան կրակել: Իսրայելի ուժը ոչ թե այն է, որ ինքը խոցում է իր թշնամիների կրակակետերը, այլ այն է, որ ինքը թույլ չի տալիս իր վրա կրակեն: Համենայն դեպսՙ մոտենան, որ կրակեն, ներս մտնեն եւ փորձեն կրակել:

Ես գիտեմ, որ դուք այս ամենն ու կռվելը ինձանից լավ գիտեք, ինչը շատ հաճախ գործով եք ապացուցել, ցավոք նաեւ կյանքով երբեմն, բայց ինձ համար ուրախալի չէ, որ մեր հովիվներն են վնասազերծողը: Հովիվը, անգամ եթե չորս հատ հայկական գամփռ ցեղատեսակի շուն ունի, որոնցից բոլորի հետ էլ լեզու է գտնում, խաղաղ բնակիչ է, նա վնասազերծող չէ: Պատերազմն էլ հովվերգություն չէ եւ մի շարք կանոններ ունի, որոնցից մեկի համաձայն հակառակորդին հաղթում են ոչ թե այն ժամանակ, երբ կրակում ենՙ ի պատասխան, այլ այն ժամանակ, երբ կրակում են, որպեսզի չկրակիՙ այդ թվում հովիվների վրա:

Անշուշտ այդպես էլ արվում է. ես անկեղծորեն հավատում եմ, որ հենց այդպես էլ արվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ