RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3705, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՌՀՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ռուսաստանի հայերի միություն, 2016-04-11-15:26

Ռուսաստանի հայերի միությունը խորը մտահոգություն է հայտնում կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:

Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության եւ գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալած ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

Մի կողմից ադրբեջանական ագրեսիայի լայնամասշտաբ դատապարտումը միջազգային հանրության կողմից, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի, եւ, հատկապես, Ռուսաստանի միջամտությունը մյուս կողմից, ագրեսորին ապրիլի 5-ին պարտադրեցին հաշտեցման գնալ: Այդ օրերին ռուսական իշխանությունները ակտիվացրեցին իրենց միջնորդական ջանքերը ռազմական բախումների դադարեցման, լայնամասշտաբ պատերազմի բացառման եւ բանակցային գործընթացի վերականգնման համար, ինչը դրականորեն ընդունվեց Հայաստանում եւ աշխարհի բազմամիլիոն հայկական սփյուռքի կողմից:

Սակայն, Ռուսաստանի ցանկության բացակայությունըՙ հրաժարվել զինել մի երկիր, որը պատերազմ է մղում ՌԴ-ի երկար տարիների դաշնակցիՙ այն պետության դեմ, որը ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ է, բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում եւ Ռուսաստանում, եւ, ցավոք, հակառուսական տրամադրությունների բռնկման առիթ դարձել Հայաստանում, որը հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական հուսալի դաշնակից լինելու սկզբունքներին չդավաճանած միակ պետությունն է եղել:

Ռուսաստանի դիրքորոշումն առավել քան անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ: Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ սիրախաղը եւ նրա իրական բնույթը ճանաչելու ցանկության բացակայությունը Ռուսաստանին հանգեցրին նրան, որ չնայած երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված նրբանկատ պայմանավորվածություններինՙ Թուրքիան դանակ խրեց Ռուսաստանի թիկունքին: Հայ ժողովրդի նկատմամբ հարյուր տարի առաջ ցեղասպանություն իրականացրած այդ երկիրն այսօր էլ, չնայած բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտմանը, հետեւողականորեն շարունակում է իր քաղաքականությունը:

Ադրբեջանըՙ որպես Թուրքիայի բնական դաշնակից, այսօր նմանօրինակ քաղաքականություն է իրականացնումՙ ազգային հերոսների շարքին դասելով սպայի, ով սպանել էր քնած իր հայ գործընկերոջը, ում հետ նա Բուդապեշտում վերապատրաստում էր անցնում ՆԱՏՕ-ի ծրագրով: Կամ էլ նրանց, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց լուսանկարներըՙ հայ զինվորների կտրված գլուխներով:

Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել այն բանին, որ իրենց իրական դաշնակցինՙ Թուրքիային հետեւելով, նա կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքինՙ միայն այն տարբերությամբ, որ դա կլինի «դանակ», որը նրան վաճառել է Ռուսաստանը:

Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները, այլեւ դարավոր եղբայրական զգացմունքները, որոնք ստուգվել են ժամանակի եւ փորձությունների միջոցով: Հենց Ռուսաստանի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի պատճառով հայ հանրությունը, ռուսական հանրության աջակցությամբ, այսօր կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին (առաջին հոդվածի համաձայն ՙ անդամները չպետք է մասնակցեն մյուս անդամ-պետության դեմ ուղղված միություններին եւ գործողություններին), այլեւ իր վարած քաղաքականությունում առաջնորդվել բարոյականության եւ արդարության նորմերով:

Մենք համոզված ենք, որ արդարությունը Ռուսաստանի համար լավագույն քաղաքականությունն է. Ռուսաստանը մյուսների, առավել եւսՙ իր դաշնակիցների հանդեպ արդար լինելով միայն կարող է ապավինել իր նկատմամբ վերաբերմունքինՙ որպես համաշխարհային գերտերության, որն այսօր աշխարհի շատ ազգերի համար դարձել է պաշտպանության եւ արեւմտյան միաբեւեռության հակազդեցության խորհրդանիշ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ