RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4073, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԱՌԱՋՆԱԴԻՐՔԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ

ՆԱԻՐ ՅԱՆ

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ապրիլի երկուսի երեկոյան կամավորների հետ մեկնել է Ղարաբաղՙ տեսախցիկով: Նրա նպատակը ստեղծված իրավիճակն արձանագրելն է եղել հենց առաջնագծումՙ նկարահանել խրամատները, կռվող տղաներին, ազատագրված Թալիշը, ռմբակոծված Մատաղիսը, մի խոսքովՙ այն ամենն, ինչը տեսել է նրա աչքը:

Ահռելի նյութ է ստացվել. ինչը որ թույլատրելի է, նա հրապարակել է հեռուստատեսությամբ ու համացանցով, իսկ մնացածը գաղտնի է, հրապարակման ոչ ենթակա: «Ցենզուրա կա, որը չի կարելի անտեսել: Ամեն ինչ չէ, որ կարելի է ցույց տալ հանրությանը: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ եթե մեր նկարահանումները դիտում են մի քանի հազար հայեր, ապա դրանց ուշի ուշով հետեւում են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ: Շատ ժամանակ կադրը կիսատ եմ նկարել կամ ցույց եմ տվել սարի գագաթի մի փոքր հատվածը: Անգրագետ ռեժիսոր չեմ, անվտանգությունն է այդպես պահանջում, չէ՞ որ մեր յուրաքանչյուր հրապարակում տեղեկություն է հաղորդում ադրբեջանցիներին մեր իրավիճակի, զինվորների եւ այլնի մասին»,- ի գիտություն Արցախում նկարահանումներ ու լուսնկարներ անողներիՙ ասաց Արշակ Զաքարյանը:

Երեք սպանված ու խոշտանգված թալիշցիների մասին պատմեց, որ հարձակման ժամանակ ադրբեջանական հրոսակախումբը մտել է գյուղից կտրված այդ տունըՙ իմանալով, որ այնտեղ միայն ծերեր են, մյուս տները չեն համարձակվել մտնել: «Էդքան պլոճիկ ունեի՞ն որ մտնեին, հազիվ ծերերին են սպանել: Հետո, իհարկե, մերոնք հրոսակախմբին ոչնչացրին: Նրանք նաեւ հայ վարորդի էին մորթել, բայց նրա բեռնատարին ձեռք չէին տվել: Իսկ մյուս դեպքում էլ 2,5 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու սարքն էին գործի դրել ու դրանով մեր ՈՒԱԶ-ը խփել, որի մեջ մարդ չկար: Ուզում եմ ասել, որ միլիոնավոր դոլարների նորագույն տեխնիկա ունեն, բայց չեն կարողանում ճիշտ օգտագործել: Մենք չգիտեինք, որ նրանք իսրայելական կամիկաձեներ ունեն: Պետությունից անկախՙ պետք է ստեղծել հիմնադրամ եւ օգնել մեր բանակին, գումար հավաքել: Շատերն ասում ենՙ էդ փողերը կգողացվեն: Եթե գումարները բաց, թափանցիկ մուտքագրվեն ու ծախսվեն, ոչ մի բան էլ չի գողացվի, վստահեցնում եմ: Հիմա կասեքՙ մյուսները ջիպերով են ման գալիս, ժողովո՞ւրդը պիտի բանակի զինման համար գումար հավաքի: Իսկ ես կասեմՙ մի նայեք, թե կողքիններդ ինչ են անում, յուրաքանչյուր ոք իր խղճի առաջ է պատասխան տալիս: Եթե պիտի սպասենք, որ Պողոսն իր ջիպը ծախի ու փողը բանակին տա... Նա որ իր ջիպը ծախող լիներ, էդ ջիպն էն գլխից չէր ունենա էլի»,- նկատեց առաջնագծից նոր վերադարձած կինոռեժիսորը:

Նրա տեսախցիկն արձանագրել է խանդավառված զինվորների, որոնք առաջին գիծ գնալու համար իրար հետ կռիվ են անում: Արձանագրել է, թե ինչպես են զինվոր ու գնդապետՙ կողք կողքի, կռիվ մղում թշնամու դեմ: Այդ հավաքական, միասնական, հերոսական ուժը դրոշմված է նրանց բոլորի աչքերում: Տեսախցիկը դա էլ է արձանագրել: Բայց եւ ցավալի, սահմռկեցուցիչ տեսարաններ ու պատկերներ էլ են հավերժացվել: Զինծառայող ամուսինները, որոնց համատեղ կյանքն ընդամենը երեք ամսվա պատմություն ունի, ուս ուսի կռվել են թշնամու դեմ: Ամուսինը զոհվել է, բայց ոչ ոք չի համարձակվել կնոջը հայտնել բոթը: Արշակ Զաքարյանը միացրել է տեսախցիկն ու արձանագրել այն պահը, երբ վերջապես կնոջը հայտնում են ամուսնու մահվան լուրը: «Այդ դաժան պատկերը, կնոջ ապրումները նկարահանել եմ, բայց հանրությանը ցույց չեմ տա, մինչեւ որ չունենամ այդ կնոջ թույլտվությունը: Կսպասեմ մինչեւ որ նրանց երեխան ծնվի, այդ ժամանակ էլ տեսագրությունը կհանձնեմ նրան: Ես մինչեւ գետին խոնարհվում եմ բոլորի առաջ: Նրանք հերոսներ են: Ես տեսագրել եմ նաեւ, թե ինչպես են մերոնք ադրբեջանական դիվերսիոն խմբին ոչնչացնում: Մի քանի առաջարկներ եմ ստացել. ուզում են իմ նկարահանած տեսանյութը ֆիլմ դարձնել: Պատրաստ եմ նրանց հանձնել այն, ինչը հրապարակման համար թույլատրելի է»,- հայտնեց կինոռեժիսորը:

Նա հորդորում է բանակում զինվոր ունեցող ծնողներին չզանգել իրենց զավակներին: «Հավատացեք, ձեր զանգերը 50 տոկոսով մեծացնում են նրանց զոհվելու հավանականությունը: Ես չեմ ուզում մանրամասնել, թե ադրբեջանցիներն այդ զանգերի միջոցով ինչպես են տեղեկություններ իմանում մեր զինվորների մասին, բայց նկատի ունեցեք, որ դուք վտանգում եք նրանց կյանքը»,-հավելեց Արշակը:

Չկա մի պատերազմ, որը դասալիքներ չունենա. մերօրյա պատերազմը միակն է, որ դասալիք չունեցավ: Ադրբեջանի մշակած ծրագիրը շատ ավելի մեծ է եղել, քան իրականացվել է: Առաջնագծի իրադարձությունների ականատեսը վկայում է, որ մերոնք դժգոհությամբ են ընդունել հրադադարի հայտարարությունը: Բայց կռիվն ու հրադադարն իր աչքերով տեսած կինոռեժիսորի համար բարձրագույն արժեքը զինվորն է: Իսկ ձորակը, որ մնաց թշնամուն, հավատացած է, առանց զոհերի ենք հետ վերցնելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ