ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ Ի՞ՆՉ ԿՏԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԻՆ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Անցյալ շաբաթ Ռուսաստանը իջեցրեց Հայաստանին մատակարարվող գազի գինըՙ 165 դոլարից 1000 խմ համար այն դարձավ 150 դոլար: Մինչ այդ, անցյալ տարի ռուսական կողմը 189 դոլարից իջեցրել եւ 165 դոլար էր դարձրել մեզ տրվող գազի գինը: Անցյալ տարվա իջեցումը որեւէ կերպ չազդեց Հայաստանի սպառողների գազի գների վրա, քանի որ մոտ 14 դոլար կազմող տարբերությունը մնում էր «Գազպրոմ Արմենիային»ՙ 2014-ի դեկտեմբերի դրամ-դոլար փոխարժեքի տատանման կորուստները ծածկելու համար: Դա էլ պայմանավորված էր նրանով, որ «Գազպրոմ Արմենիան» արժեզրկման պատճառով կրած կորուստները ծածկելու համար չէր դիմել գազի սակագնի բարձրացման հայտով: Այժմ, Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, ընդառաջելով Հայաստանի կառավարության դիմումին, կրկին իջեցնում է գազի գինը, ինչը մեր տնտեսության համար բարենպաստ հնարավորություններ է ստեղծում: Կենցաղային նպատակներով սպառվող գազի գինը իջեցնելու պարագայում, նույն չափովՙ 9 տոկոս չի նվազի, քանի որ այդ համակարգում կան ծախսեր, որոնք կատարվում են նույն չափով եւ անկախ գնային փոփոխություններից: Հնարավոր է, որ 4-5 դրամով նվազիՙ ներկայիս 156 դրամ 1 խմ դիմաց գնի համեմատ: Եթե դա տեղի ունենա, ապա սոցիալական նշակակություն կունենա առավելապես ձմեռային ամիսների համար: Հավանակա՞ն է, որ էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես փոխվի: Գազից ստացվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը, իսկ մնացածը ատոմակայանն ու հիդրոկայաններն են արտադրում: Եթե գազի գինն իջնում է 9 տոկոսով, ապա մոտավոր հաշվարկներով դա հոսանքի սակագնի վրա կազդի 2,5-3 տոկոսի չափով կամ մոտ 1,5-2 դրամով: Այդուհանդերձ, ձմռան ամիսներին դա նույնպես որոշակի սոցիալական ազդեցություն կունենա: Գազի գնի իջեցումն առաջին հերթին հնարավորություն է Հայաստանի բիզնեսի համար: Ընդ որում, բոլոր ոլորտներիՙ սկսած գյուղատնտեսությունից եւ արդյունաբերությունից մինչեւ ծառայություններ: Ներկայումս հաշվարկվող բանաձեւով խոշոր գազ սպառողների, այսինքն արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի գինը կազմում է 277-278 դոլարին համարժեք դրամ: 9 տոկոսով այն նվազելու դեպքում այդ գումարը կկազմի մոտ 260 դոլար: Հատկապես հանքարդյունաբերության, մետաղամշակման, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների համար սա ինքնարժեքի իջեցման եւ առավել մրցունակ արտադրանք թողարկելու հնարավորություն է ստեղծում: Նույնը կարելի է ասել նաեւ մշակող արդյունաբերության համար: Գյուղատնտեսության, մասնավորապես ջերմոցային տնտեսությունների համար գազի գնի իջեցումը շատ ավելի պահանջված եւ ցանկալի է, ինչի մասին հաճախ են բարձրաձայնել այդ ոլորտի տնտեսվարողները: Դրա շնորհիվ կավելանա բանջարեղենի արտադրությունն ու արտահանումը դեպի նույն Ռուսաստան եւ այլ երկրներ: Երբ խոսվում է Հայաստանին ԵՏՄ անդամակցության նպատակահարմարության մասին, հարկ է առաջիններից մեկը նշել գազի արտոնյալ գինը Հայաստանի համար: Սահմանին գազի գնի այս անգամվա մոտ 9 տոկոս իջեցման գումարային արդյունքը 25-30 մլն դոլարի խնայողություն կտա Հայաստանին: Նկատի ունենալով համաշխարհային տնտեսության աճի նվազման տեմպերը, պետք է փաստել, որ գազի գնի իջեցումը արդյունավետ միջոց կարող է լինել Հայաստանի վրա արտերկրից եկող բացասական ազդեցությունները չեզոքացնելու եւ տնտեսական աճի տեմպի ավելացման համար: |