ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ Պրոֆեսոր ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Դասեր, հետեւություններ, հեռանկարներ Պատերազմը, անկախ նրա մասշտաբայնությունից եւ տեւողությունից, միշտ աղետաբեր է լինում, եւ ոչ միայն նրա մասնակից երկու կողմերի համար, այլեւ նրանց հեռու եւ մոտիկ, բարեկամ կամ թշնամի երկրների համար: Պատերազմները, անգամ լոկալ կամ ռեգիոնալ պատերազմները, իրենց հետքն են թողնում միջազգային հարաբերությունների վրա, ստեղծում հավելյալ բարդություններ եւ առաջացնում շղթայական ռեակցիա: Դա հատկապես բնորոշ է գլոբալիզացիայի մեր դարաշրջանում, երբ աննախադեպ աստիճանի են հասել ինտեգրացման գործընթացները, պետությունների փոխկախվածությունը եւ վտանգավոր պայմաններ ստեղծվել լոկալ պատերազմները համաշխարհայինի վերածվելու տեսակետից: Այս իրողությունները պետք է, որ թելադրեն պետություններին, որոնց թիվն այօր մոտենում է մոտ երկու հարյուրի, ցուցաբերել զգուշավորություն, կատարել ճշգրիտ եւ իրատեսական հաշվարկներ նախքան արկածախնդրության դիմելը, որը միջուկային զենքի եւ ժողովրդասպան ռազմական տեխնիկայի բուռն զարգացման դարաշրջանում կարող է կործանարար լինել համայն մարդկության համար: Ահա այսպիսի մտորումներ ծնվեցին կապված ղարաբաղյան ճակատում այս տարվա ապրիլի երկուսին սկսված ադրբեջանական հարձակողական գործողությունների հետ, որն արդեն հորջորջվել է բլիցկրիգՙ կայծակնային պատերազմ: Դրա նախաձեռնողը եղավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որին երեւի հանգիստ չէին տալիս մոլի բլիցկրիգային Ադոլֆ Հիտլերի դափնիները, որն ինքնասպանությամբ վերջ տվեց իր կյանքինՙ իր հետ տանելով մեկ կնոջ` Եվա Բրաունին, եւ մեկ շանՙ Բլոնդիին: Արդյոք Իլհամը նույն ուղիով կընթանա՞, թե ոչ, սակայն, ինչպես ֆրանսիական ասացվածքն է ասումՙ «Մեծից մինչեւ ծիծաղելին մի քայլ է միայն»: Եվ Ադրբեջանի նախագահն այդ քայլն արեց, առանց «մեծ» լինելու նշույլի: Սակայն պատերազմը , բացի ռազմական գործողություն լինելուց , ունի նաեւ մի կարեւոր կողմ: Նա կատարում է նաեւ լակմուսի ֆունկցիա, ի հայտ բերում, կամ երեւակում պատերազմող կողմերից յուրաքանչյուրի ուժեղ եւ թույլ կողմերը, նրանց մարդկայնության մակարդակը եւ արժեքային համակարգի դավանանքը: Ասվածը միանգամայն կիրառելի է նաեւ ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի պարագայում: I. Հայկական կողմի կամ հայության երեք գերակա հատկանիշների դրսեւորում ը Հաստատվեց տարածաշրջանում հայկական բանակի ամենաուժեղը լինելը Երկար ժամանակ ասվում էր, այդ թվում եւ արտասահմանյան ռազմագետների կողմից, որ հայկական բանակն ամենաուժեղն է մեր տարածաշրջանում: Հավանաբար ոչ բոլորն էին դա ընդունում , անգամ կասկածում էին, այդ թվում եւ մեր որոշ հայրենակիցներ, թեեւ դա չէր բարձրաձայնվում: Ապրիլյան չորսօրյա ռազմական գործողությունները պետք է հաստատեին կամ մերժեին հայկական բանակի ամենաուժեղը լինելու հանգամանքը: Ի երջանկություն հայության, ռազմական գործողությունները ղարաբաղյան պաշտպանական գծի ողջ երկարությամբ, շնորհիվ հայ մարտիկների հերոսության, եկան հաստատելու, որ հայկական բանակը , իրոք , տարածաշրջանում ամենաուժեղն է: Դրա ամենազորավոր փաստարկը եղավ մինչեւ ատամներն արդիական զենքերով զինված ադրբեջանական բանակի լիակատար ձախողումը «կայծակնային պատերազմի» ծրագրի կենսագործման հարցում: Իրականոմ, ադրբեջանական բանակը ջախջախվեց , անգամ հանկարծակիության գործոնը չօգնեց նրան: Ադրբեջանական ագրեսորները, հանդիպելով հայկական զորքերի գրագետ մարտավարական գործողություններին, տալով հսկայական զոհեր եւ կորցնելով մեծաքանակ արդիական զենքեր, հետ շպրտվեցին եւ նահանջեցին ելման դիրքեր: Արժանին մատուցելով հայկական բանակին եւ հայ զինվորների սխրագործությանը քառօյա պատերազմում, ռուս հայտնի հրապարակախոս Եվգենի Տինյանսկին գրում է. «Մենք բոլորս Արցախի կռվողներից պետք է օրինակ վերցնենք» : Մի կարեւոր հանգամանք եւս: Հայկական զորքերը, ի տարբերութություն ադրբեջանական բանակի, մարտը վարում էին բացառապես զինված ադրբեջանցիների դեմ եւ երբեք իրենց կրակը չուղղեցին ադրբեջանական խաղաղ բնակչության, նրանց բնակավայրերի դեմ. չսպանեցին որեւէ խաղաղ բնակչի, չքանդեցին նրանց տները, դպրոցները, մանկապարտեզները եւ հասարակական շենքերը, չկրակեցին դպոցականների վրա: Հայկական բանակը դրանով իսկ ցուցադրեց իր մարդկային բարձր որակները: Իսկ ադրբեջանական զորքերը ցույց տվեցին իրենց որպես միջնադարյան վայրագ բարբարոսներ, խոշտանգելով անգամ հայ զոհված զինվորների դիակները: Իլհամ Ալիեւի արկածախնդրությունը եկավ հաստատելու հայկական բանակի ուժը եւ մարտական բարձր կարողությունները: Ապրիլյան չորսօրյա ռազմական գործողությունները հաստատեցին , որ հայկական բանակը, իրոք, տարածաշրջանում ամենաուժեղն է, եւ հետայսու դրա հետ հաշվի կնստի ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Վրաստանը ու այլ երկրներ: Երբեք Հայաստանի վարկըՙ ռազմական առումով, այնպես բարձր չի եղել, ինչպես այժմ: Իսկ ադրբեջանական կողմը մեկ անգամ եւս վարկաբեկվեց որպես ագրեսոր եւ համաշխարհային հանրության առջեւ կանգնեց որպես հանցագործ: Այսպիսով, եթե կասկածներ կային հայկական բանակի հզորության վերաբերյալ, ապա այդ կասկածները ադրբեջանական բանակի ռազմական ծրագրերի ձախողման արդյունքում հօդս ցնդեցին: Հայերը ոչ թե խալխ են, այլ կազմակերպված բարձրակարգ ազգ Եկեք անկեղծ լինենք: Թվում էր , թե մեր երկրի ներքին ծանր դրությունը, կուտակված դժգոհությունը, իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը լուրջ խոչընդոտներ են հանդիսանում եւ կասկածներ հարուցում առ այն, թե հայերը կարո՞ղ են վտանգի պահին համախմբվել եւ վերածվել մեկ հզոր բռունցքի: Այդ կասկածները եւս հօդս ցնդեցին այս չորսօրյա պատերազմի ընթացքում: Քիչ է ասել, թե հայությունը խուճապի չմատնվեց: Համայն հայության բացառիկ համախմբվածությունը, մեծից փոքրը, տղամարդ թե կին Հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարով տոգորված լինելը, եկավ ապացուցելու, որ հայերը ոչ թե մի ամորֆ ամբոխ են, ոչ թե խալխ են , այլ բարձրակարգ ազգ: Ազգ լինելը տվյալ էթնոսի զարգացման ամենաբարձր փուլն է, որից այն կողմ այլեւս ոչինչ չկա: Ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հայերիՙ որպես ազգի, դրսեւորած աննկուն կամքը, հերոսական պահվածքը, կազմակերպվածությունը, միասնականությունը, համախմբվածությունը, ոսոխին դաս տալու անսպառ կամքի դրսեւորումը ոչ թե հրաշք կամ ֆենոմեն էր, այլ հայկականության-արմենիզմի գենետիկական որակների դրսեւորում, որի արմատները պետք է փնտրել բաբելոնյան Բելի դեմ մեր նախահորՙ Հայկի տարած փառապանծ հաղթանակի մեջ: Որակական այս բարձր հատկանիշները, որոնք ամբողջությամբ կրկին հանդես եկան չորսօրյա պատերազմի ընթացքումՙ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ընդդեմ քոչվորական ցեղերին հատուկ վայրագության, մեծապես նպաստեցին հայ-արմենների միջազգային հեղինակության աննախադեպ բարձրացմանը: Հայ առյուծածին մայրերի կորյունները Գաղտնիք չէր այն դժգոհությունը, որ կուտակվել էր հայ հասարակության ընդերքում, հատկապես տարեցների մոտ, հանդեպ երիտասարդների պահվածքը, ապրելաձեւը, նախասիրությունները : Տարեցները, որոնց կյանքի պատկերացումները եւ գաղափարները հիմնականում ձեւավորվել էին խորհրդային իրականության տարիներին, փնթփնթում էին , թե ում ենք թողնելու մեր ապագան, մեր ճակատագրի տնօրինումը: Ադրբեջանական ագրեսիան, կայծնակային պատերազմի ալիեւյան ցնորամիտ ծրագիրը, որը դեմ առավ հայկական ապառաժին եւ ջախջախվեց, կայծակնային արագությամբ փշուր-փշուր եղավ, որպես լակմուսի թուղթ եկավ ապացուցելու, որ հայ հասարակության անհանգստությունը, երիտասարդներին անտեղի վերագրվող զանազան մեղադրանքները եւ դրա հետ կապված անհանգստությունները, միանգամայն անհիմն էին: 18-20 տարեկան հայ զինվորները, ռազմական առաջին գծում ծառայող հայ պատանիները, որոնք իրենց վրա ընդունեցին ադրբեջանական ագրեսիայի առաջին ալիքը , նրանց դրսեւորած քաջությունը եւ հակահարվածը, որի արդյունքում ձախողվեց ալիեւյան տխրահռչակ բլիցկրիգը, ապացուցեցին, որ այդ հայ պատանիները ոչ թե սովորական զինվորներ են, այլ կորյուններ, որոնց լույս աշխարհ են բերել առյուծածին հայ մայրերը, անվախ, քաջարի մարտիկներ, որոնց համար ամենաբարձր արժեքը Հայրենիքն է, հայրենի հողի, հայ ընտանիքի անվտանգության պաշտպանությունը: Այդ ծանր պահին, նրանք հավատարիմ հայկական ավանդությանը, մեծարելով տարիքավորներին, խրամատներում իրենց տեղը չզիջեցին իրենց օգնության եկած կամավոր երկրապահներին, որոնք ըստ էության նրանց պապիկները, հայրերը եւ ավագ եղբայրներն էին: Ես չգիտեմ, արդյո՞ք կհայտնվի մի նոր Մովսես Խորենացի, որն իր քննական գրչով կանմահացնի եւ սերունդներին կփոխանցի 18-20 -ամյա հայ կորյունների դիմապատկերը: Հայության հերոսական, ոչ խուճապային , արժանապատիվ պահվածքը ռազմական գործողությունների օրերին, մեծ տպավորություն գործեց եւ հիացմունք առաջացրեց աշխարհի շատ երկրներում եւ արդեն օրինակ է ծառայում շատ ազգերի համար: Բուլղարացի հայտնի հրապարակախոս եւ հասարակական գործիչ Պլամեն Պասկովը , մեծապես տպավորված հայ զինվորի հերոսական պահվածքով, գրում է. «Հայաստանի հազարավոր տարիների պատմության ընթացքում զավթողները եկել եւ գնացել են, բայց Արցախը միշտ էլ պահպանել է իր հայկական ոգին: Եվ այս անցած չորս օրերն ինձ ստիպեցին լրջորեն խորհել շատ բաների մասին: Ես տեսնում եմ, որ 2016թ. ապրիլին հայ ժողովուրդը հանձնեց հերոս ազգ կոչվելու իրավունքը ստանալու քննությունը: Նման ազգին չի կարելի հաղթել» : Ուշագրավ են նաեւ օս քաղաքագետ Ալան Մամիեւի դատողությունները. «Արցախի բնակիչները պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար: Ապրել բառի ուղիղ իմաստով, դա պարզապես խոսք չէ, դա փաստ է: Բոլորը հստակ գիտակցում են, որ եթե Արցախն ընկնի , այնտեղ ցեղասպանություն տեղի կունենա , ինչպես դա պատահեց հայ ժողովրդի հետ ավելի քան 100 տարի առաջ: Կարեւորը կյանքն է: Արցախում կռվողները պաշտպանել են ապրելու եւ հայ մնալու իրենց իրավունքը»: Ամեն ինչ շատ դիպուկ է ասված: Հերթական անգամ ջախջախիչ հարված հասցնելով ադրբեջանական ագրեսորներին, մեր զինվորները պաշտպանեցին հայերի հայ մնալու իրավունքը: Ահա այս երեք գլխավոր հատկանիշներն էին, մեր կարծիքով տվյալ պարագայում ամենակարեւորները, որոնք վճռական դեր ունեցան ալիեւյան բլիցկրիգը տապալելու եւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը պաշտպանելու գործում ապրիլյան չորս օրերի ընթացքում: II. Ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի պատճառներ ը Այն կարծիքն է տարածված , իբրեւ թե, ռազմական գործողությունները սկսած Իլհամ Ալիեւը ցանկանում է այդ կերպ շեղել Ադրբեջանի ազգաբնակչության ուշադրությունը ներքին բարդ ու ծանր քաղաքական, տնտեսական, ֆինանսական խնդիրներից: Այդ տեսակետը հատկապես տարածված է հայերի մոտ, հատկապես 2014թ. օգոստոսի ադրբեջանական ագրեսիայից հետո:Նույնիսկ այժմ, ապրիլյան ագրեսիայից հետո, ոմանք ավելի վստահորեն են ներկայացնում իրենց այդ տեսակետը: Նշենք, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության քաղաքագետներն այդ հարցը քննարկում են ավելի լայն ընդգրկումով, այլ հարթությունում, հատկապես աշխարհաքաղաքական, թուրք-ռուսական լարված հարաբերությունների տեսանկյունից, հաշվի առնելով նաեւ այլ գործոններ: Տարբեր տեսակետներ են հնչում նաեւ եվրոպական եւ ամերիկյան քաղաքագիտական հարթակներում, ինչպես քաղաքագետների, այնպես էլ պետական գործիչների, պառլամենտի անդամների եւ վերլուծաբանների կողմից, որոնք ընդգծում են Թուրքիայի հանգամանքը, բացահայտորեն Ադրբեջանին աջակցելու նրա վճռականությունը, ուշադրություն դարձնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին եւ կպաշտպանի մինչեւ վերջ: Բնավ մտադիր չլինելով լրիվ անտեսել «ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու» վարկածը, կարծում ենք , որ, այնուամենայնիվ, դա չի կարող լինել գլխավոր պատճառը, մանավանդ, որ Ադրբեջանի ներքին ծանր տնտեսական դրության եւ քաղաքական իրադրության խիստ լարված լինելու հանգամանքը ինչ-որ չափով չափազանցված է: Իրականությունն այն է, որ Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանական քաղաքական ու զինվորական վերնախավի նպատակն է Արցախի գրավումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերացումը, ադրբեջանական գաղութային տիրապետության վերականգնումը հայկական այդ տարածքի վրա եւ մի նոր Սումգայիթի իրագործումը: Դա լինելու է մեծ օգնություն Թուրքիային եւ նրա կայսերական նկրտումներին, Էրդողան-Դավութօղլու թանդեդմինՙ պանթուրքիզմի երազանքներն իրականացնելու ճանապարհին, մի կողմից, եւ կոչված է թուլացնելու Հայաստանը ու հայության դիրքերը Անդրկովկասում ու մերձավորարեւելյան տարածաշրջանում, մյուս կողմից: Դա արմատապես կփոխի իրադրությունը Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Հյուսիսային Կովկասումՙ ի վնաս Ռուսաստանի : Մենք պետք է ըմբռնենք, որ թուրքը մնում է թուրք եւ իր հոգեբանությամբ ու աշխարհըմբռնումով չի տարբերվում միջնադարյան իր քոչվոր օղուզական նախնիներից: Մերօրյա թուրքերի գենետիկական կապը իրենց օղուզական արմատների ու ավանդությունների հետ, ավելի քան ակնառու է: Օսմանյան Թուրքիայում 1908թ. պետական հեղաշրջման հետեւանքով իշխանության գլուխ եկած երիտթուրքական ոճրագործ կուսակցության ղեկավարներից մեկըՙ Ալի Իհսան փաշան, դեռեւս 1909թ. հայտարարել է. «Եթե չլինեին հայերը, մենք վաղուց նվաճած կլինեինք Կովկասը» : Մենք սա պետք է մշտապես հիշենք: Բոլոր գույնի եւ երանգի պանթուրքիստների երազանքն եղել եւ մնում է պանթուրքիզմի ճանապարհից հայկական խոչընդոտի վերացումը: Եվ նեոօսմանիզմի քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը , որի մասին այսօր շատ է խոսվում եւ որին նոր շունչ տվողը նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանն է, հայկական պատնեշի վերացումն է: Իսկ ով ով, բայց հայերը լավ գիտեն, թե թուրքն ինչպես է վերացնում հայկական պատնեշը: Փաստորեն «Մեկ ազգ երկու պետություն» բանաձեւի երկրորդ պետությունը հանդիսացող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր վրա է վերցրել հայկական պատնեշի վերացման հրեշավոր առաքելության իրագործումը: Ահա նաեւ այստեղ, այս համատեքստում պետք է փնտրել ու քննարկել հայերի դեմ ռազմական ագրեսիա սանձարզերծելու Ալիեւի քաղաքականության դրդապատճառները: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, որի գլխավոր նպատակը , ինչպես նշվեց, Արցախի գրավումն է, պետք է լիներ Իլհամ Ալիեւ «համեստ» ներդրումը պանթուրքիզմի տարածման ու հաղթանակի գործում: Այս կապակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ ռուս ականավոր հրապարակախոս Եվգենի Տինյանսկու կարծիքը: Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային, նա հետեւյալ պարզաբանումն է կատարել. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե ով ով է միջազգային արենայում: Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են հավատարիմ մնալ իրենց համար անցանկալիների ոչնչացման քաղաքականությանը, իսկ Հայաստանը եւ Արցախը կանգնած են տարածաշրջանում թուրքական արշավանքների դեմ»: Այս տողերը գալիս են հաստատելու մեր այն տեսակետը, որ ադրբեջանական վայրագների գլխավոր նպատակն Արցախի գրավումը եւ հայկական պատնեշի վերացումն է: III. Հայաստանի Հանրապետության դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումը չորսօրյա պատերազմի ընթացքում եւ հետ ո Այս հարցը լուսաբանելու, քննարկելու եւ վերլուծելու առումով, կարելի է ասել ամենադժվարինն է: Դա դարձել է գլուխկոտրուկ եւ այսօր քննարկվում է համարյա ամբողջ աշխարհով մեկ, դրան անդրադառնում են պետական եւ քաղաքական գործիչները, զանգվածային լրատվամիջոցները, քաղաքագետները, զանազան կազմակերպություններ եւ այլն: Ինչի՞ մասին է խոսքը: Դա նախ եւ առաջ այն լռության մասին է, որ պահպանում է Ռուսաստանի ղեկավարությունը ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ պահից եւ յուրահատուկ ձեւով շարունակվում է մինչեւ օրս: Թվում էր, թե նման բան չպետք է տեղի ունենար, քանի որ դեռեւս 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել էր «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագիր», որը երկու երկրների միջեւ հաստատում էր դաշնակցային հարաբերություններ: Պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն, կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում մյուս կողմը պարտավորվում է բոլոր միջոցներով, այդ թվում եւ ռազմական, օգնություն տրամադրել մյուս կողմին» (The Diplomatic Bulletin of the Republic of Armenia, Vol 1, No 3, July-September, 1997, p.19-22): Նման բնույթի պայմանագրերը պահանջում են արտակարգ ուշադրություն միմյամց նկատմամբ հավատարմություն ոչ միայն պայմանագրի տառին, այլեւ ոգուն, մի բան, որ չկատարեց Ռուսաստանը : Հնուց ի վեր, միջազգային իրավունքի մեջ ճանաչում է ստացել եւ կիրառվում է այն դրույթը, որ «Պայմանագիրը պետք է կատարվի»ՙ «Պակտա սերվանտա սունտ» : Եթե չլիներ նման պայմանագիր, Հայաստանը եւ Ռուսաստանը չլինեին դաշնակիցներ, ապա Հայաստանը բարոյական հիմք չէր ունենա որեւէ պահանջ ներկայացնելու, դժգոհություն արտահայտելու իր ռազմավարական դաշնակցին: Մասնագիտությամբ լինելով պատմաբան -միջազգայնագետ եւ հանգամանքների բերումով ուսումնասիրելով բազմաթիվ դաշնակցային բնույթի պայմանագրեր, կարող եմ ասել, որ ռուս -հայկական բարեկամության , համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը չկիրառման տեսակետից միջազգային հարաբերությունների պատմության մեջ բացառիկ երեւույթներից մեկն է: Պատմության մեջ չեք գտնի նման մի օրինակ , երբ դաշնակից պետությունը զինի իր դաշնակցի հակառակորդին եւ պատճառաբանի, թե դա ընդամենը առեւտրական գործարք է, ինչը ծիծաղելի է, եթե ոչ անհեթեթություն: Ռուսաստանի ղեկավարության արտաքնապես տարօրինակ պահվածքի վերաբերյալ շատ կարեւոր դիտարկում է կատարել Ռուսաստանի հայտնի հրապարակախոս, մեծ հեղինակություն վայելող Վլադիմիր Սոլովյովը, որն իր կիրակնօյա (10.04.2016) հաղորդման ժամանակ հետեւյալն է հայտարարել. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման առնչությամբ Ռուսաստանը մինչեւ հիմա չի ասելՙ ով սկսեց: Մենք մինչեւ հիմա չենք պատասխանել մի պարզ հարցիՙ ո՞րն է մեր դիրքորոշումը : Հայաստանի համար ի՞նչ է Լեռնային Ղարաբաղը: Այդ հարցին պետք է, չէ՞, պատասխանել: Իսկ պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղը հանրաքվե է անցկացնում: Նրանք գնում են Ղրիմի ճանապարհով, եւ մենք այդ ժամանակ ՀԱՊԿ-ի պայմաններով ի՞նչ պետք է անենք: Պետք է պատերա՞զմ սկսենք Ադրբեջանի դեմ: Փորձելով պարել այդ երկու կրակների միջեւ , մենք կորցնում ենք ինչպես մեկին , այնպես էլ մյուսին: Իմիջիայլոց այդ հակամարտության առնչությամբ մենք մինչեւ հիմա չենք ասելՙ ով սկսեց: Մենք պատասխան չենք տալիս: Մենք ասում ենքՙ ով բարիշեցրեցՙ մենք, իսկ ով սկսեցՙ չենք ասում» : Հետաքրքրական է, որ այդ հաղորդմանը մասնակցող, Ռուսաստանի պետական դումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակն ասել է, որ «սկսել է երրորդ ուժըՙ հավանաբար թուրքական հատուկ ստորաբաժանումները» : Մենք անդրադարձանք Վ.Սոլովյովի տեսակետներին եւ բավականին երկար մեջբերում կատարեցինք, քանի որ դրանք սկզբունքային բնույթի դիտարկումներ են, պարզություն են մտցնում Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում պրեզիդենտի քաղաքականության որոշ մութ ծալքերի մեջ, եւ, ամենակարեւորը, դա ասում է պուտինամետ դիրքորոշում ունեցող հրապարակախոսը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակության արդիական զենքի վաճառքը, որը վերջինս օգտագործում է ոչ միայն Արցախի , այլեւ Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից Հայաստանի Հարնապետության դեմ, առաջ բերեց ողջ հայության խորը դժգոհությունը, ըստ որում ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ ամբողջ սփյուռքի, այդ թվում եւ Ռուսաստանի հայության: Ռուսաստանի հայերի միությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ եւ իր ծայրահեղ մտահոգությունը հայտնեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Ղարաբաղի նկատմամբ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացրել ռուսական հարձակողական տեխնիկայի կիրառմամբ, ինչը բողոքի ալիք է բարձրացել Հայաստանում եւ Ռուսաստանում»: Այնուհետեւՙ «Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության պայմանագրին , այլեւ քաղաքականության մեջ ղեկավարվել բարոյականության եւ արդարության նորմերով» : Սակայն Ռուսատանը Ադրբեջանին զենքի մատակարարող միակ երկիրը չէ: Նրան զենք են մատակարարում նաեւ Իսրայելը, Թուրքիան, Բելառուսը եւ այլ երկրներ: Կարծում ենք ուշագրավ է հետեւյալ փաստը: Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից մեկ օր առաջ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է լազերային հակատանկային հրթիռներ: Իսրայելի Բան Իտալ համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մուրինսոնի հաղորդմամբ, Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել լազերային հակատանկային հրթիռներ: Իսրայելի կառավարության այդ արարքը խստորեն քննադատել է մեր ժամանակների հայտնի ցեղասպանագետներից մեկը, Երուսաղեմի Հոլոքոսթի թանգարանի տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին պրեզիդենտ Իսրայել Չառնին , որը մեկ անգամ չէ, որ այցելել է Հայաստան եւ որի հետ մենք համագործակցում ենք: Ահա նրա հայտարարությունը, որն ունի շատ հեռուն գնացող ենթատեքստ եւ պարունակում է հետաքրքրական պահեր: Հրեա գիտնականը հարց է տալիս. «Եթե նացիստները հրեաներին չկոտորեին եւ միայն կոտորեին գնչուներին ու Եհովայի վկաներին, արդյո՞ք մեր երկիրը զենք կվաճառեր նացիստներին: Իսրայելը միլիարդ դոլարների զենք է վաճառել այնպիսի կառավարությունների , որոնք սպանում կամ սպառնում են հարձակվել խաղաղ ժողովուրդների վրա: Անցյալ շաբաթ Ադրբեջանի ձեռք բերած իսրայելական անօդաչուն Լեռնային Ղարաբաղում վեց հայերի մահվան պատճառ է դարձել: Ես ամաչում եմ: Իմ հայ գործընկերներին եւ ընկերներին միայն կարող եմ ասել, որ որպես հրեա եւ իսրայելցիՙ ես հիասթափված եմ եւ բարկացած» : Պրոֆեսոր Չառնիի ակնարկը միանգամայն թափանցիկ է եւ հասկանալի: Նա փաստորեն ադրբեջանի վայրագ, ագրեսոր-ջարդարարներին ընկալում է որպես նացիստներ, զուգահեռներ անցկացնում նրանց եւ հիտլերական ֆաշիստների ու նրանց արարքների միջեւ եւ դատապարտում իր կառավարությանը ադրբեջանական նացիստներին զենք մատակարարելու համար, ադրբեջանցիների արարքները համեմատում նացիստների արաքների հետ: Վերադառնանք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին եւ անդրադառնանք Հայաստանի Հանրապետության, առաջին հերթին նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը: Նա այդ հարցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել է, թե՛ մինչեւ ադրբեջանական ագրեսիանՙ 2015թ. Մոսկվայում ՀԱՊԿ-ի անդամ երկրների նախագահների նիստում, եւ թե՛ ագրեսիայի ժամանակ: ՀՀ Նախագահը, ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված մարտիկներից մեկիՙ Սասունի հուղարկավորության ժամանակ իր խոսքում ասաց. «Հայաստանը չունի հզոր հովանավոր ՙ ի տարբերություն Ադրբեջանի, որի թիկունքում կանգնած է Թուրքիան» : Այստեղ շատ խտացված ձեւով ամեն ինչ ասված եւ որեւէ կողմնակի մեկնաբանության կարիք չկա: Միայն ավելացնենք, որ դա ոչ միայն մեր երկրի ղեկավարի, այլեւ համայն հայության կարծիքն է: Մեկ առիթով, նախագահը շեշտել է, որ մեր ժողովուրդը եւ զինվորները գիտեն, որ մեր տղաները վիրավորվում եւ զոհվում են Ռուսաստանի տված զենքից արձակված փամփուշտից: Այդ հարցին նախագահ Սերժ Սարգսայնը ավելի հանգամանորեն անդրադարձավ ապրիլի 5-ին Գերմանիա կատարած այցի ընթացքում, մասնավորապես կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսի ժամանակՙ «Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ մենք գտնվում են անվտանգության նույն համակարգում: Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը , եւ ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին» : Ահա այսպիսին է դառն իրականությունը, որի մեջ մենք հայտնվել ենք , որը , սակայն, չի կարող ընկճել մեզ, հայության անկոտրում կամքն ու ոգին: IV. Հետագա քայլեր ը Պետք է անհրաժեշտ դասեր քաղել ադրբեջանական թեպետեւ ձախողված ագրեսիայի հետեւանքներից եւ միջազգային հանրության ոչ միատեսակ դիրքորոշումից: Դրա համար հարկ է ստեղծել հատուկ հանձնաժողով, կազմված տարբեր մասնագիտությունների տեր, կոմպետենտ եւ պրոֆեսիոնալ մարդկանցից: Դա չպետք է լինի նեղ շրջանակներից, այլ ընդգրկի հասարակության լայն շրջանակներ: Պետական բարձր մակարդակով բանակցություններ սկսել քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ողջ կոմպլեքսը, պայմանագրերի կատարման պարտավորության հարցըՙ ըստ միջազգային իրավունքի պահանջների, անհրաժեշտության դեպքում վերանայելու եւ ճշգրտելու առանձին հոդվածներ, նրան տալով արդիական բնույթ: Բանակցությունները պետք է լինեն «հավասարը-հավասարի հետ» սկզբունքի հիման վրա, ի հարկին չխորշել կոշտ դիրքորոշումից: Քննարկման առարկա դարձնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների խնդիրն այնքանով, որքանով դա առնչվում է հայկական կողմին եւ Հայաստանի պետական շահերին: Հստակ պետք է ռուսական կողմին ասվի, որ խոսքը չի վերաբերում նրան, որ Ռուսաստանը թշնամական դիրք գրավի Ադրբեջանի նկատմաբ, այլ ա/ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք մատակարարելու հարցը, դրա հետեւանքները Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից, եւ, բ/ Ռուսատանի կողմից Հայ-ռուսական Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի, ՀԱՊԿ-ի եւ այլ համաձայնագրերի դրույթների անշեղ եւ ժամանակին կատարման հարցը: Ընդլայնել եւ ամրապնդել ՀՀ -ի միջազգային կապերը աշխարհի տարբեր երկրների հետ: ՀՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Փոխադարձ օգնության պայմանագրի արագընթաց ստորագրում եւ վավերացում, որպես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման եւ անվտանգության ապահովման կարեւոր փուլ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորում ՙ համաձայն 1990թ. դեկտեմբերի 1-ի Հայաստան-Ղարաբաղ համատեղ Հռչակագրի: Վերոնշյալ 5,6 եւ 7 կետերը դիտել որպես մեկ ամբողջություն, որը պետք է կիրառվի ըստ ժամանակագրական հերթականության: Վերանայել Հայրենիք -Սփյուռք հարաբերությունների գերակայությունները եւ ծանրության կենտրոնը զգայական ոլորտից տեղափոխել գործնական ոլորտ, որը ավելի հուսալի եւ անսասան ֆունդամենտ կստեղծի Հայաստան-ԼՂՀ- Սփյուռք իրական եռամիասնության համար, կբարձրացնի Սփյուռքի դերակատարումը համայն հայության քաղաքական, ռազմական, տնտեսական հզորության ամրապնդման գործում: Ժամանակն է լրջորեն մտածել Սփյուռքի ռազմական ներուժը համայն հայության անվտանգության գործընթացի մեջ ներգրավելու մասին: Մեր կարծիքով դա արդեն օրակարգային հարց է դարձել: Ամբողջ հայությունը ներկայումս մոտավորապես կազմում է մոտ 10 միլիոն, որից մոտ 7 միլիոնը բնակվում է Սփյուռքում, եւ միայն 3 միլիոնն է բուն երկրում: Ըստ որում, հայության ռազմաանվտանգային ապահովման ողջ ծանրությունն ընկած է հայրենաբնակ 3 միլիոնի վրա: Հայտնի է նաեւ, որ կա հայության արտագաղթ եւ ծննդաբերության անկում, որը շուտով իր հերթին նոր հիմնախնդիրներ կստեղծի , հատկապես կապված հայկական բանակը համալրելու եւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-անվտանգությունն ապահովելու հետ: Բուն երկրում մենք լրացուցիչ ռեսուրսների աղբյուր չունենք: Հայության միակ մարդկային լրացուցիչ ռեսուրսը հայ Սփյուռքն է, եւ մենք վաղ թե ուշ հարկադրված ենք դիմելու դրան եւ այդ ռեսուրսով համալրել հայ մարտիկների շարքերը: Մեր առաջարկությունն այն է, որ հայության երեք միավորներըՙ ՀՀ-ն, ԼՂՀ-ն եւ Հայ Սփյուռքը, որպես մեկ հայ ընտանիքի օրինական զավակներ հավաքվեն, քննարկեն այդ հարցը եւ ընդունեն համատեղ որոշում: Մենք գտնում ենք, որ լավագույն լուծումն այն կլինի, որ Սփյուռքի հայությունից մենք ստեղծենք մոտ 100-150 հազարանոց մարտական զինական խմբեր, որոնց նախապատրաստենք ոչ միայն տեղերում, այլեւ Հայաստանում եւ Արցախում, որոնք կստանան տարրական գիտելիքներ զենքից օգտվելու վերաբերյալ եւ նրանց համազգային վտանգի ժամանակ արագորեն հասցնենք Հայրենիք: Գիտեմ, որ կլինեն խիստ առարկողներ, կվկայակոչեն տարբեր դժվարություններ ու բարդություններ, բայց հայերի համար անլուծելի խնդիրներ չկան: Չմոռանանք, որ այս կիսատ-պռատ հրադադարն անգամ շատ խախուտ է եւ հիշենք, թե ովքեր են մեր հարեւանները: Եկեք տրամադրվենք եւ մտածենք: |