ՀՈՐԴՈՐԱԿ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ ատենադպիր Ամպագորգոռ չհնչի. կոչ-հորդորով ուզում եմ դիմել համայն հայությանը, մասնավորապես` սփյուռքահայությանը: Հարգելիներս, եկեք հասկանանք, խորապես ու վերջնականորեն ըմբռնենք կատարված մի շարք կարեւոր ու անդառնալի իրողություններ եւ դրանք դարձնենք ելակետ բոլորիս գործունեության համար: Նախ` արդեն քառորդ դար գոյություն ունի անկախ ու ազատ Հայաստանի Հանրապետությունը: Փաստ, որը հիմք է տալիս ու թելադրում ըմբռնելու մի հասարակ, սակայն անչափ կարեւոր երեւույթ. եթե նախկինում մեր բոլորի մտահոգությունն հայապահպանության խնդիրն էր ու դրա հիմքում հայակենտրոն մտածողութունը եւ սփյուռքահայության հայացքն ակամա թեքվում էր դեպի Սիրիա, ԱՄՆ ու հատկապես Բեյրութ, ապա այսօր արդեն այդ վեկտորների ուղղությունը հստակ փոխվել է դեպի Հայաստան, իսկ մտածողությունը դարձել հայաստանակենտրոն: Սակայն շատերը դեռեւս սովորույթի ուժով շարունակում են կառչել հնապատկեր ձեւերին... Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե այդ նույնն ասեմ մասնավորապես ՌԱԿ աշխարհասփյուռ կառույցների վերաբերյալ: Իհարկե, ես հասկանում եմ իներցիայի ու տասնամյակների ընթացքում կարծրացած սովորույթի ուժի ազդեցությունն հաղթահարելու դժվարությունները: Գիտեմ, որ Եղեռնից մազապուրծ բեկորները օտար ափերում կարողացան հայ մնալ նաեւ հենց այդ գործոնների շնորհիվ: Գիտեմ նաեւ, թե այս դեպքում ինչպիսի դերակատարություն ունի ավագ սերնդի պահպանողականությունը, հայրենակցականության, ժառանգականության եւ այլ գործոններ, սակայն համոզված եմ նաեւ, որ ամենադժվար պահերին հայ մարդն ավելի սթափ, ավելի գործնական ու ավելի իրատեսական մոտեցումներով է վերաբերում ամեն ինչի: Այդ համոզմունքն էլ համոզեց ինձ հանդես գալու այստեսակ կոչ-հորդորով: Լրացման կարգով ավելացնեմ, որ միշտ բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում, խորհրդային ու հետխորհրդային սերունդները կամրջողներից եմ, հետեւապես տեղյակ եմ նաեւ անկախության արշալույսին ու դրան հաջորդող առաջին տարիներին տեղի ունեցած շատ բացասական երեւույթների: Մասնավորապես սփյուռքի ու սփյուռքահայության խորը հիասթափությունը առաջին շրջանում կատարած հայրենանպաստ ներդրումների անարդյունավետ հետեւանքների, զգալի նյութական ու ֆինանսական միջոցների փոշիացման եւ այլ զանազան երեւույթների մասին: Գիտեմ նաեւ, որ դժգոհությունների մեծ մասը հիմնավոր էին, սակայն այդ ամենով հանդերձ, կրկին կոչ եմ անում: Վերափոխվենք հոգեբանորեն, դադարենք Հայաստանը դիտարկել որպես կարոտի տուրիստական հանգրվան: Որոշ նյութական զոհողությամբ ազգին ծառայած լինելու հոգեկերտվածքից դուրս գանք եւ իսկապես դեմքով շրջվենք դեպի կատարված իրողություն-Հայաստան: Մեր ու մեր երեխաների ապագան կապենք նրա հետ, քանզի մնացած բոլոր վայրերում մի օր կասեն, որ օտար եք: |