RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-06-02 10:52:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5885, Տպվել է` 553, Ուղարկվել է էլ.փոստով` 543

Ի՞ՆՉՊԵՍ «ԱԶԱՏԵԼ» ԿԱԴՐԵՐԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անկախության այս 25 տարիների ընթացքում դժվարությամբ միայն կարելի է մտաբերել այն մի քանի դեպքերը, երբ պետական բարձրաստիճան (նախարար, փոխնախարար, գերատեսչության պետ, եւլն) որեւէ պաշտոնյայի աշխատանքից ազատելու ժամանակ պաշտոնապես հիշվել է նրա պաշտոնազրկման պատճառը: Առավել եւսՙ նրա դեմ դատական գործ հարուցելու փաստեր: Այս հարցում միշտ էլ ընդգծված բարյացակամություն է դրսեւորվել պաշտոնանկվածի նկատմամբ, երեւի համարելով, որ պաշտոնը կորցնելու փաստն ինքնին մեծագույն պատիժն է տվյալ անձի համար, անկախ` պետությանը հասցրած նրա վնասից:

Բայց նման պարագաներում ավելի հաճախ է պաշտոնական հաղորդագրություններում օգտագործվում «իր դիմումի համաձայն» նրբասացությունը, բոլորովին բացառել ուզելով հրաժարականի կամ հրաժարեցման որեւէ պատճառաբանության անհրաժեշտությունը: Լռելյայն ասել ուզելով, որ մարդը անձնական պատճառներ կարող է ունենալ տվյալ աշխատանքը այլեւս չկատարելու համար, հո զոռով չի՞:

Իսկ երբեմն էլ, դրսեւորելով առավել հոգատա՜ր մարդասիրություն, պաշտոնից ազատմանը կամ ինքնազատմանը հետեւում է նոր պաշտոնի անցնելու մասին նոր հրաման, որը սովորաբար արտահայտվում է նրան խորհրդականի պաշտոն տալով, թեեւ դեռեւս չի եղել որեւէ մեկը, որն ինձ համոզիչ բացատրեր, թե տարբեր դիրքերի վրա խորհրդականների այսպիսի առատությունը ո՞ւմ է պետք, կամՙ դրանք բոլորը միասին տարեկան քանի՞ խորհուրդ են տալիս իրենց շեֆերին: (Այ թե որտեղից պետք է սկսել չինովնիկական կաստայի օպտիմալացումը):

Կարելի է շատ ենթադրություններ անել կառավարման մեր համակարգում արդեն սրբագործված այս ավանդույթի պատճառների մասին.

ա) Ազատված չինովնիկը կարող է բերանբացություն անել կամ վրեժխնդիր լինել ինչ-ինչ գաղտնիքների մասին բարձրաձայնելով.

բ) Կարող է ընտրությունների կամ կառավարական «ներքին» այլեւայլ գործարքների ժամանակ իշխող վերնախավին իսկապես «օգտակար» ծառայություններ մատուցած լինել եւ, հետեւաբար, չի կարելի երախտամոռ լինել նրա նկատմամբ.

գ) Տվյալ նախկին պաշտոնյան, որը սովորաբար, պաշտոնը կորցնելուց հետո շատ սուսիկ-փուսիկ է դառնում, իրեն «լավ պահելու» դեպքում կարող է դարձյալ պետք գալՙ «Անհրաժեշտ պահին, անհրաժեշտ մարդը, անհրաժեշտ տեղում» խիստ հաճախ կիրառվող սկզբունքով:

Մեր երկրի կառավարման համակարգում վերոհիշյալ եւ այլ նկատառումներով հանրությանը բացատրություններ չտալը ըստ ինձ կործանարար հետեւանքներ է թողնում նույն այդ համակարգի վրա: Չպատճառաբանել, թե տվյալ անձին տվյալ պաշտոնում նշանակելը ի՞նչ սկզբունքներով եւ ի՞նչ մոտեցումներով է կատարվում, եւ նրան պաշտոնից ազատման պատճառներն ու հանգամանքները չբացատրելը, առավել եւս նրան պատասխանատվության չկանչելը ստեղծում է մի իրավիճակ, որը հոռի ազդեցություն է թողնում պետության կառավարման, հետեւաբարՙ երկրի զարգացման վրա, պաշտոնյաներին դարձնում անպատասխանատու:

Ներկա օրերին մանավանդ, երբ գործող իշխանությունները ձեւական կամ անկեղծ փնտրտուքի մեջ են գտնելու հասարակության վստահությունը իրենց նկատմամբ շահելու ուղիներ, առաջին հերթին պետք է վերջ տան 25-ամյա այդ կոշտացած ավանդույթին:

«Կադրերն են որոշում ամեն ինչ», ասել է հայտնի բռնակալը: Թերեւս դա ճիշտ էր նրա(նց) հասարակարգի ժամանակ: Բայց չէ՞ որ մենք բոլորովին այլ հասարակարգ ենք կառուցում, հը՞:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ