«ՄԻԴԻԱ-ՇԱՆԳԱԼ» ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ Միասին կհաղթահարենք ամենադժվար փորձությունները Մայիսի 28-ին մենք միասին կնշենք մեր անկախ պետականության հաստատման տարեդարձը: Որի մասին դարեր շարունակ երազել են մեր նախնիները: Անցած ուղու համար կրելով տարբեր տառապանքներ եւ փորձություններ, ենթարկվելով նույնիսկ ահավոր ցեղասպանության: 1918թ. Մայիս ամիսը մեր հայաստանաբնակ ժողովուրդների կյանքում հիշարժան բացառիկ իրադարձություն է: Մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց ձեռք բերել անկախ պետականություն: Եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների Ուսուբ Բեկի եւ Ջհանգիր Աղայի գլխավորությամբ անձնուրաց պայքարելու եւ վտանգի պահերին հայ ժողովրդի կողքին լինելու շնորհիվ վաստակեց Հայոց պետականության ձեւավորման անաղարտ բարեկամի եւ հավերժ միասին լինելու իրավունքը: Առաջին Հանրապետության ստեղծումը խանդավառությամբ ընդունվեց այդ ժամանակվա հասարակության կողմից: Եզդի ժողովուրդը համառորեն լծվեց մեր անկախ պետության պահպանման գործին, պատրաստ պատասխանատվություն ստանձնելու կյանքի բոլոր բնագավառներում: Հայոց պետականւթյունը վերականգնվեց եւ իրականություն դարձավ բոլոր հայաստանցիների բազմադարյա երազանքը: Այդ տարիներին տագնապալի լուրեր էին ստացվում տարբեր վայրերից: Թշնամին գրավել էր մեր բնակավայրերը, անողոք էր, կոտորում էր բնակչությանը, ավերում եւ կողոպտում էր մեր երկիրը: Առկա բազմաթիվ տագնապների եւ մարտահրավերների դեմ հարկավոր էր միասնական պայքար: Հայերի հետ պայքարի ելավ նաեւ եզդի ժողովուրդը` իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի եւ Ուսուբ Բեկի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան հետախուզական խումբը թշնամու թիկունքում պահելով, իր 1500 զինվորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում: Այդ օրերին էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը: Երբ քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են Հայաստանի առաջին Հանրապետության մասին, անշուշտ, պետք է խոսեն նաեւ եզդի ժողովրդի դերի մասին: Եզդի ժողովուրդը, հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, իրավազրկությունը, ցեղասպանությունը, պատերազմի դաժանությունները, իր ուրույն դերակատարումն ու մասնակցությունն ունեցավ նաեւ մայիսյան հերոսամարտերի հաղթանակում եւ Հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում: Համեմատություններ անցկացնելով ներկայի եւ անցյալի իրադարձությունների, դատողությունների եւ գնահատականների միջեւ, պետք է հիշենք նաեւ, թե ինչ է գրել այդ մասին Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը. «Հայերի չափ եւ, թերեւս, հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում եւ ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»: Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը Ջհանգիր Աղայի մասին խոսելիս նշում էր. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլեւ մեր նշանավոր հերոսների անունների հետ միեւնույն շարքում»: Անկախ պետություն ունենալը եւ այն անսասան պահելը դարձավ մեր նախնիների գերագույն նպատակն ու, փառք Աստծո, այն փոխանցվեց մեր ժողովուրդներին սերունդե սերունդ: Նորաստեղծ Հանրապետության ստեղծման առաջին օրից առկա էին բազմաթիվ արգելքներ, խոչընդոտներ եւ մարտահրավերներ, որոնցից խուսափել այդպես էլ չհաջողվեց: Բայց, փառք Աստծո, այդ ամենն արժանապատվորեն հաղթահարվեց մեր ազգերի նվիրյալներ Անդրանիկի, Կոմիտասի, Նժդեհի, Դրոյի, Սեպուհի, Ջհանգիր Աղայի, Ուսուբ Բեկի եւ մյուս արժանավոր զավակների կողմից, ովքեր իրենց ուսերին կրելով մեր ժողովուրդներին բաժին ընկած արհավիրքները, հայոց պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում բարձր պահեցին ու մեծ պատասխանատվությամբ իրագործեցին մեր նախնիների պատգամը: Մեր հերոսածին մայրերի որդիները նահատակվեցին այդ պայքարում, դարձան անմահ, քանզի հայրենիքի համար յուրաքանչյուր նահատակված անմահ է եւ վերածնվում է հավերժ կյանքի համար: Ի վերջո, տրամաբանությունը հաղթում է, պարզ իրողություն, որ մենք եղել ենք ճկատագրով միասին, կողք կողքի, մարտնչել ենք, հաղթել եւ միասին ստեղծում ենք ժաղովրդավար, բարեկեցիկ եւ հզոր Հայաստան: Եվ պատահական չէ, որ 2012թ. սեպտեմբերի 29-ին` Հայաստանում Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կառուցվեց եզդիների` աշխարհում արդեն երկրորդ սրբատեղինՙ «Եզդիների Զիարատը», մեր միակ հոգեւոր նստավայր Լալիշա Նուրանից հետո: Այն օծվեց անձամբ Աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Ն.Ս.Մ. Միրե-Միրա Թահսին Բեգի կողմից: 2015թ. ապրիլի 21-ին աշխարհում առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության ղեկավարության անմիջական աջակցությամբ, ՀՀ մայրաքաղաք Երեւանում բացվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որը եւս մեկ ապացույց է, որ ժամանակն է բացենք մեր կյանքի պատմության եւս մեկ մութ եւ անավարտ էջերից մեկը, այն կդառնա մեր ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը, որն արդարության, ազատության եւ խաղաղության կոչ է անում: Ցավոք, այս օրերին էլ Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը հնարավոր չէր տեսնել նույնիսկ զարհուրելի երազներում: Այս դժվարին պահին մենք մեր կողքին տեսանք միջազգային հանրության, մեր անկեղծ բարեկամիՙ հայ ժողովրդի «ձեռքը»: Միջազգային տարբեր կազմակերպություններում եզդիների նկատմամբ ոճրագործությունը դատապարտեցին եւ եզդիներին սատար կանգնելու կոչով հանդես եկան ՀՀ նախագահը, կառավարության անդամները եւ մեր դիվանագետները: 2016թ. Ապրիլի 21-ին հայաստանաբնակ, ինչու չէՙ նաեւ համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական նոր իրադարձություն էր: Աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաքում մեր Հանրապետության ղեկավարության, Երեւանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ կառուցվեց Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաեւ մյուս ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Ստեղծագործության հիմնական մոտիվը մոր կողմից երեխայի փրկությունն է: Երեխան մարմնավորում մեր ժողովրդի վաղվա օրը: Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամն է, որն ամրագրում է մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան: Եվ աշխարհին կոչում, որ եզդիները Շանգալում ոչ անցվոր են, ոչ էլ եկվոր: Որ Շանգալը մեր բնօրրանն է եղել եւ կմնա մեր հավերժ օջախը: Մենք շատ թանկ ենք վճարել մեր ազատության եւ անկախության համար, ուրեմն այն պահենք ու պահպանենք մեր «աչքի լույսի պես»: Քանզի Հայաստանի անկախությունը սրբազան ու անքննարկելի է: Հավատացած եմ, Հայաստանը հզոր է եւ կայուն մեր ժողովուրդների անխախտ, անաղարտ բարեկամությամբ, որը դարձել է մեր պետության առաջընթացի առանցքներից մեկը: Դարերի ընթացքում եւ մինչեւ այսօր արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, հաջողված տարիներ, ձեռքբերումներ, դժբախտաբար նաեւ անդառնալի կորուստներ: Հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, եզդի ժողովուրդը հայության հետ կիսեց եւ Սպիտակի ահավոր աղետի ծանր հետեւանքները, եւ անցումային շրջանի «մութ ու ցուրտ օրերը», ինչպես նաեւ Արցախի ազգային ազատագրական պայքարի հաղթանակի բերկրանքը: Այս ամենի հանրագումարը մեզ պարտավորեցնում է ստեղծել բարեկեցիկ, հզոր Հայաստան, որը հզոր եւ մարտունակ բանակ ունեցող Հայաստանն է, արդար ու ազատ Հայաստանն է, աշխատանք եւ արժանապատիվ վաստակ ապահովող Հայաստանն է, տնտեսության համաչափ զարգացում ապահովող Հայաստանն է, սոցիալապես պաշտպանված եւ առողջ ընտանիք ունեցող Հայաստանն է, մեզ բոլորիս համար հավասար, ապրելու եւ արարելու իրավունքներ եւ ազատություններ ապահովող Հայաստանն է: Մեր անվտանգությունն ու տարածաշրջանի խաղաղությունն երաշխավորող Հայաստանն է: Դրանում համոզվելու համար բավական է նայել մեր անցյալին, տեսնել ներկան եւ մտածել ապագայի մասին: 2016թ. ապրիլի 2-ին մեր հայրենիքի զինվորը կանխեց թշնամու նոր սադրանքը: Հակառակորդի առջեւ որպես ամուր վահան կանգնեց Ջհանգիր Աղայի եւ Անդրանիկ Զորավարի զինակից եղբայրությունը: Մենք մեր հակառակորդի սադրանքներին հակադրվեցինք մեր միասնությամբ, հոգու ուժով, մեր բանակի մարտունակությամբ: Իրականությունն այն է, որ Հայաստանը ժողովրդական երկիր է, մեզ հատուկ են ժողովուրդների հանդեպ հարգանքը: Իր քաղաքացիներին, անկախ ազգությունից եւ դավանանքից, հավասար իրավունքների ապահովումը: Մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղությունն ու մարդասիրությունը: Մենք գտնում ենք, որ թշնամանքն եւ ատելությունը հավերժ չեն, եւ շարունակում ենք առաջ գնալ, որակապես ձեւավորելով նոր հասարակություն, համոզված լինելով, որ այն մերՙ հայաստանցիներիս զարգացման ճանապարհն է: Մենք պաշտպանել ու պաշտպանում ենք այն հողը, որի վրա ապրում եւ արարում ենք, որի վրա ծնվում են մեր երեխաները, որում իրենց «երկնային» հանգիստն են գտնում մեր ծնողները: Ապրիլին մենք միասին կանխեցինք տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները, փառք ու պատիվ մեր հայրենիքի Զինվորին, ովքեր թշնամու նախահարձակ սադրանքները կանխեցին անգամ կյանքի գնով: Ցավոք մեր կյանքը դժվարություններով լի է եղել: Պատմության ընթացքում մեր տարածաշրջանում հաճախակի առկա է եղել լարվածության եւ քաղաքական բարդ իրավիճակ: Սակայն անկախությունը նոր դարաշրջան է բացել մեր ժողովրդի համար: Ուրախանանք մեր լավ ու կարեւոր ձեռքբերումներով: Վստահաբար կարող եմ ասել, որ միասին, համատեղ ջանքերով մենք դեռ շատ ու շատ հաջողությունների կհասնենք, եւ կարժանանանք այս օրը մեզ համար նվաճած հերոսների սխրանքին ու պատգամին: Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր եւ ուժեղ, իսկ ուժը եւ համերաշխությունը, հավատացեք, միայն հաղթանակ եւ առաջընթաց է ապահովում: Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների եւ Հանրապետության տոնի կապակցությամբ: |