Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԴԱՇԻՆՔԸ Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ «Անդրկովկասյան ճակատ» բացելու փորձեր Այն պահին, երբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում դատողություններ էր անում, թե Ռուսաստանը իբր «համոզվել է Ադրբեջանի հետ գործընկերության հուսալիությանը», ադրբեջանական Գաբալա քաղաքում ավարտին էր մոտենում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Դրա արդյունքներն ամփոփելիս ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց. «Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ մարտունակությունն ու մարտավիճակը բարձրացնելու նպատակով մենք նպատակահարմար գտանք անցկացնել համատեղ զորավարժություններ»: Հասանովը նաեւ ընդգծեց, որ «հանդիպումների ժամանակ շեշտվել է ռազմական համագործակցության եռակողմ ձեւաչափի արդյունավետությունը, կատարվել է կարծիքների փոխանակություն եւ քննարկվել են կապերի զարգացման հեռանկարները»: Նրա խոսքերով, նախատեսված է պաշտպանական ոլորտում երեք երկրների փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Ռուսաստանի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում արձանագրում է, որ հենց այդ ֆոնի վրա Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ անցկացվում են Noble Partner-2016 զորավարժություններ, որոնց մասնակցում է 1300 զինծառայող (500-ըՙ վրացի, 650-ըՙ ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության զինծառայող եւ 150-ըՙ բրիտանացի): Վրաստանի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ զորավարժանքներին մասնակցում են ամերիկյան «Աբրամս» տանկեր: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից Վրաստանի տարածքի հետեւողական «յուրացումը» համարում է «սադրիչ քայլ, որն ուղղված է Անդրկովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության միտումնավոր խախտմանը»: Ըստ երեւույթին, պատահական չէր, որ այդ զորավարժությունները համընկան երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման անցկացմանը: Սրան գումարվում են չդադարող ռազմական բախումները Ղարաբաղում հակամարտող կողմերի շփման գծի երկայնքով: Ուստի, եթե խոսենք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեւավորվող առավել լայնընդգրկուն ռազմատեխնիկական փոխգործողության մասին, ապա տեսանելի կդառնա, թե ինչպես է կառուցվում այդ եռակողմ դաշինքի թիկունքային ապահովման ռազմական լոգիստիկան. հյուսիսից վրացական մարտահենադաշտն է ՆԱՏՕ-ի ենթադրական մասնակցությամբ, հարավից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, իսկ արեւելքից Ադրբեջանն է: Սա ցույց է տալիս մի աշխարհաքաղաքական կառուցվածք, որի էպիկենտրոնում հայտնվում է Հայաստանըՙ ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակիցը: Այս կապակցությամբ ռուսաստանցի որոշ զինվորական փորձագետներ պնդում են, որ Անդրկովկասում ձեւավորվում է հակառուսական դաշինք, որի թիկունքին կանգնած է ԱՄՆ-ը: Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքի ձեւավորման պաշտոնական պատճառը Գաբալայում բարձրաձայնեց Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը . «Երեք երկրների նախարարները քննարկեցին նավթամուղ-գազամուղների անվտանգության ապահովման հարցը, եւ այս առնչությամբ համաձայնության հասան»: Խոսքը Վրաստանով Թուրքիա անցնող արտահանական էներգետիկ հաղորդակցություններիՙ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանության, ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ավարտվող շինարարության մասին է: Ումի՞ց են պաշտպանելու: Հասկանալի էՙ Հայաստանից, որը Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության ընդլայնման դեպքում կարող է հարված հասցնել այդ հաղորդակցություններին: Հասկանալի է նաեւ, որ դեպքերի նման ընթացքը հնարավոր է ԼՂՀ իրադրության կտրուկ բարդացման դեպքում միայն: Հարկ է նշել, որ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի համագործակցության այսպես կոչված եռակողմ ձեւաչափը գոյություն ունի վաղուց: Այն ակտիվորեն առաջ էին մղում Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Մխեիլ Սաակաշվիլին եւ Իլհամ Ալիւեը, ներգրավելով Թուրքիայի վարչապետ եւ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սաակաշվիլին այժմ տապալված է, Էրդողանը խրված է մերձավորարեւելյան հակամարտությունների մեջ եւ երկրի հարավ-արեւելքում քաղաքացիական պատերազմ է մղում քրդերի դեմ: Ի դեպՙ փաստորեն այն տարածքներում, որոնցով անցնում են Ադրբեջանից ու Վրաստանից Թուրքիա մտած էներգետիկ հաղորդակցությունները, եւ որոնց վերահսկողությունը, ըստ թուրք փորձագետների, նա «սկսում է կորցնել»: Նախագահ Ալիեւը իր հերթին խրված է ղարաբաղյան հակամարտության պատերազմական փուլի մեջ: Վտանգն այն է, որ Անկարա-Բաքու գծով ռազմական համագործակցության խորացումը ձեւավորում է ինչպես Մերձավոր Արեւելքից Անդրկովկաս, այնպես էլ հակառակ ուղղությամբ հակամարտությունների փոխանցման ուղի: «Թուրքիան չի պաշտպանի Ղարաբաղի հակամարտության լուծման որեւէ տարբերակ, եթե խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության շրջանակներում: Այս հարցում Թուրքիան Ադրբեջանի կողքին է», հավաստում է Իսմեթ Յըլմազը: Իսկ Ռուսաստանը Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ վարում է գրեթե միատեսակ քաղաքականություն, չնայած Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելուն: Ուստի Արցախում հակամարտող կողմերի շփման գծի վրա ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները ձեռնտու են Թուրքիային, որը հակամարտության «ապասառեցման» միջոցով փորձում է Ռուսաստանի համար «անդրկովկասյան ռազմաճակատ» ստեղծելՙ Մերձավոր Արեւելքում նրա ակտիվությունը թուլացնելու նպատակով: Ղարաբաղյան հակամարտությունը «ապասառեցրին»: Ի՞նչ կլինի հետո: Մինսկի խմբի արեւմուտքցի համանախագահների դիրոքրոշումը սկզբունքորեն չի փոխվել, բայց մասնավոր հարցերի առնչությամբ նրանք հանդես են գալիս ռազմաճակատի գծի վրա մշտադիտարկման համակարգի ստեղծման օգտին եւ խոսում են խաղաղարար կորպուս մտցնելու հնարավորության մասին: Արեւմուտքում դիվանագիտական պարտություն կրած Ադրբեջանը սկսել է վախենալ տարածաշրջանում խաղաղարարների հայտնվելու հեռանկարից (նրանց կազմում կարող են չլինել ռուսաստանցի զինվորականներ), ինչը ոչ միայն կսառեցնի իրավիճակը, այլեւ կհանգեցնի կոսովյան սցենարի: Պատահական չէ, որ դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին դրական քաղաքական ազդակներ է հասցեագրում Մոսկվային: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցներից մեկը: Ինչպես քրդերի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության հարցերում Անկարան թերեւս կարող էր համաձայնության գալ Վաշինգտոնի հետ եւ գործել բացահայտորեն: Սակայն նման բան չկա: Ավելին, ինչպես Սիրիայի խնդրի կարգավորման ժնեւյան բանակցություններում (որտեղ նախատեսվում է քրդական հարցի լուծում), այնպես էլ ղարաբաղյան կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ոչ միայն միասին են գործում, այլեւ (արեւմուտքցի հեղինակավոր փորձագետների գնահատմամբ) հասել են ընդհանուր համաձայնության: Ուստի, երբ Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների կապակցությամբ հայտարարում է, թե «դրանց գլխավոր նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում ամերիկյան ռազմական տեխնիկան եւ մարտիկները որքան արագ կհասցվեն Կովկաս», անմիջապես հարց է ծագում. ինչո՞ւ է ԱՄՆ-ը փորձում (առայժմ խիստ սահմանափակ չափերով) աստիճանաբար հաստատվել Վրաստանումՙ Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության պայմաններում: Ամերիկացիները Վրաստանում գուցե հենակետ են նախապատրաստում իրենց խաղաղարար կորպուսի՞ համար: Եթե ԱՄՆ-ը ուզում է Արցախի խնդիրը լուծել ադրբեջանական սցենարով, Ադրբեջանը դարձնել Անդրկովկասի տարածաշրջանի գլխավոր խաղացող, ապա ինչո՞ւ մինչեւ օրս չի հրապարակել իր դիրքորոշումը: Վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, տվյալ հարցերը պայմանավորված են ուրիշ, ավելի կարեւոր իրողությամբ: Բանն այն է, որ Բաքուն եւ մնացյալ ամբողջ աշխարհը տարբեր պատկերացումներ ունեն ղարաբաղյան հակամարտության արմատների մասին, տարբեր կերպ են մեկնաբանում Անդրկովկասի ժողովուրդների անցյալը եւ փորձում են Ադրբեջանին, Վրաստանին ու Թուրքիային դուրս բերել անցյալի առասպելների գերությունից, որպեսզի միջնորդները հնարավորություն ստանան հակառակորդներին դրդելու փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են ամեն մի երկարաժամկետ քաղաքական համաձայնագրի համար: Վրաստանում 2008-ի օգոստոսից հետո միջանկյալ աշխարհաքաղաքական ավարտն արդեն կայացել է, Թուրքիայի համար ամեն ինչ դեռ առջեւում է, իսկ Ադրբեջանը ճամփաբաժանի վրա է: Սակայն, տրոհման վտանգները նվազեցնելու փոխարեն, նրանք ինչ-ինչ պատճառներով փնտրում են նոր պատերազմի ուղիներ: |