ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ Մայիսի 25-ին Գյումրիի Անկախության հրապարակում, Սայաթ-Նովա 1 հասցեում բացվեց Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակը: Բացմանը մասնակցում էին Շիրակի մարզի գրողների միության նախագահ Անդրանիկ Կարապետյանը, նկարիչների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Գագիկ Մանուկյանը, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, Շիրակ հայրենակցական միության ՀԿ-ի ներկայացուցիչներ, Գյումրու Վ. Թեքեյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներ, ՌԱԿՙ «Վահան Թեքեյան» ակումբի անդամներ, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ (մարզպետի խորհրդական, արտաքին կապերի բաժնի պետ), արվեստի, մշակույթի եւ գրականության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական ԶԼՄ-ներ, ՌԱԿ կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավարներ եւ Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունները ներկայացնող անձինք: Այդ առթիվ Երեւանից ժամանել էին ՌԱԿ Հանրապետական վարչության ղեկավարներ Կարեն Կակոյանը, Մեսրոպ Հարությունյանը եւ Վարազդատ Ավոյանըՙ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ, նրանք իրենց հետ բերել էին համակարգիչ, գրասենյակային այլեւայլ սարքեր եւ կուսակցական գրականություն: Շնորհավորական տարբեր ելույթներից հետո տեղի ունեցավ նորագիր կուսակցականների երդմնակալության արարողություն, ձեռամբ ատենապետի: Կուսակցության միջոցով «ազգիս եւ հայրենիքիս ծառայելու» հանդիսավոր երդմանը հաջորդեց ավանդական շամպայնով միմյանց շնորհավորելու արարողությունը: |