ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆՙ ՀԱՐՎԱՐԴՈՒՄ Հ. Ծ. Հարվարդ համալսարանի գիտական կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել գիտաժողով նվիրված հայերի եւ հրեաների դեմ իրագործված ցեղասպանությունների դեմ ծավալված դիմադրության շարժումներին, հակաֆաշիստականից, պարտիզանականից մինչեւ ազգային-ազատագրական պայքարին: «Մուսա Դաղից մինչեւ Վարշավայի Գետտոն: Զինված պայքարն ընդդեմ ցեղասպանության» ընդհանուր թեմայի շուրջ քննարկումներին մասնակցել են Էրիկ Պողոսյանը (դերասան, դրամատուրգ, «Նեմեսիս գործողությունը» գրքի հեղինակ), դոկտ. Դեբորա Դվորկը (Կլարք համալսարանում Հոլոքոսթի պատմության պրոֆեսոր եւ ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն), դոկտ. Տիգրան Գալիկյանը («Արմինյն Ռիվյու» պարբերականի կառավարիչ-խմբագիր, եւ «Հայկական գաղափարախոսությունը Օսմանյան իշխանության ներքո» գրքի հեղինակ) եւ դոկտ. Ջեյմս Ռասելը (Հարվարդ համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր): Որպես համակարգող հանդես է եկել Մարկ Մամիկոնյանը (ՆԱԱՍՐ-ի ակադեմիական հարցերի տնօրեն): Գիտաժողովը հովանավորել են Հարվարդ համալսարանի հրեական ուսումնասիրությունների կենտրոնը, նույն համալսարանի Մաշտոցի անվան հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ՆԱԱՍՐ կենտրոնը: Ուսանողների եւ դասախոսական կազմի ներկայությամբ քննարկվել են ինչպես երկու ժողովրդների դեմ իրագործված ցեղասպանությունների նմանությունները, այնպես էլ տարբերակիչ հատկանիշները: |