RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



Տեղադրվել է` 2016-06-02 10:52:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 5914, Տպվել է` 547, Ուղարկվել է էլ.փոստով` 535

ԱՄԱՅԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Հ. ԱՖՅԱՆ

Քեֆ չի լինելու, ոչ մի տեսակի, ամեն ինչ տեղի կունենա զուսպ, ոչ թե այն դպրոցներում, որտեղ սովորել են ամբողջ կյանքում, այլ այն դպրոցներում, որտեղ տեղափոխվել են, քանի որ իրենց գյուղերի կողքի ամայի հողերը տվել ենք թուրքին: Թուրքն էլ, քանի որ ամայի հողերի մեծ սիրահար է, օգտագործում է այդ հողերը որպես պոլիգոն, կրակելու տեղ, ու կրակում է: Դրա համար էլ քեֆ չի լինելու, երեւի դպրոց էլ չի լինելու, համենայն դեպս, այսօր վերջին զանգն է, բայց Թալիշի եւ Մատաղիսի դպրոցները փակ են, երեխաներ չկան, տեղափոխվել են, ուրիշ գյուղ, թիկունք, առջեւում ամայի է:

ԼՂՀ ԿԳ-ն էլ հայտարարել է, որ այսօր ողջ երկրի տարածքում որեւէ հանրային միջոցառում չի արվելու, վաղըՙ Վերջին զանգ է, էրէխեքն ավարտում են դպրոցըՙ առաջին անգամ, վերջին անգամ, միակ անգամ, ու ոչ մի հանրային միջոցառում չի լինելու: Կհասկանա՞ն էրէխեքը, իհարկե կհասկանան, կներե՞ն, իհարկե կներեն, իսկ կմոռանա՞ն, ոչ, չեն մոռանա, ոչ մեկն էլ չի մոռանա: Վերջին զանգի օրն ո՞վ է մոռացել, որ իրենք մոռանան:

Տղաներն էլ հավանաբար զինվորական համազգեստ կհագնեն, որովհետեւ պատերազմ է, որովհետեւ իրենց գյուղը հեռվում է մնացել, ամայի է մնացել ու որովհետեւ Ղարաբաղում կյանք են մտնումՙ պատերազմով: Աղջիկներն էլ հավանաբար կերգեն, ոչ թե դպրոցն ավարտելու մասին, այլՙ հաղթանակների, բայց իրենց գյուղում չեն երգի, ուրեմն հաղթանակի մասին կերգենՙ առանց զգալու, թե դա ինչ է:

Եթե ես լինեի Թալիշի կամ Մատաղիսի դպրոցի պահակը, ապա այսօր առավոտ ծեգին կբացեի դպրոցի բոլոր դռները եւ երաժշտություն կմիացնեի, ուրախ, ուրախ եւ բարձր: Թեկուզ, եթե միակը մնացած լինեի ամայացած Թալիշում, կմիացնեի, մանավանդ, եթե միակն եմ մնացել, կմիացնեի, արածիս անունն էլ կդնեիՙ ամայի հողերի վերջին զանգը ու կմիացնեի: Կմիացնեի ու կնստեի, հենց դպրոցի դիմացը, բակում, կնստեի ու չէի մտածի, կսպասեի, կսպասեի էրէխեքին, նրանց, որոնց առաջին դասարանից ճանաչում եմ, անգամ սիրած գույները գիտեմ, սիրած աղջիկներին ու տղաներին գիտեմ, որոնք այդ պահին երգելիս կլինեին ուրիշ գյուղերի դպրոցներում, որտեղ տեղափոխվել են, որ դպրոցն ավարտեն, իրենց գյուղում դա հնարավոր չեղավ, քանի որ այն շրջապատված է ամայի տարածքներով, որոնք մեզ պետք չեն, դրա համար էլ հետ չենք գրավում: Հետ չենք գրավում, դրա համար էլ հետ չեն գալիս, հետ չեն գալիս, դրա համար էլ չենք գրավում, ո՞վ գրավի:

Թալիշ ջան, Մատաղիս ջան, էրեխեք ջան, ջա՛ն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ