ՍՈՒՆ ՑԻԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԸ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ Հ. ԱՖՅԱՆ Չինաստանում երկու հայտնի Սուն Ցի կա, մեկը ապրել է մ.թ.ա 313-238-ին, մյուսըՙ մ.թ.ա. 544-496-ին: Ու հավանաբար այս երկուսին չշոփոթելու համար առաջինին ասում ենՙ Սյուն Ցի, երկրորդինՙ Սուն Ցի: Սյունըՙ փիլիսոփա է, բայց մենք երկրորդի մասին կխոսենք: Սուն Ցին չին մեծ զորավար է, ռազմագետ եւ մտածող: Մի անգամ, երբ Յանցզի գետի մոտ Սուն Ցիի զորքը պարտվում է թշնամուն, զորավարը սուրհանդակ է ուղարկում թիկունք, որպեսզի ժողովրդին հայտնեն իր հաղթանակի մասին: Ճանապարհին սուրհանդակը, ում անունը չինական առասպելներում չի պահպանվել, ներքին պայքարի մեջ է լինում. նրա ներսի ազնիվ մարդը հորդորում էՙ խախտել զորավարի հրամանը եւ ժողովրդին ճիշտն ասել, իսկ ճիշտն այն է, որ Սուն Ցին պարտվել է, բայց նրա ներսի ազնիվ զինվորականը հորդորում է, որպեսզի պահպանի հրամանը եւ ժողովրդին ավետի Սուն Ցիի հերթական հաղթանակի մասին: Հաղթում է ազնիվ մարդը, եւ ժողովուրդը, որն անհամբեր սպասում էր իր սիրելի զորավարի հերթական հաղթանակին, լսելով նրա պարտության գույժըՙ բնակավայրից սկսում է փախչել, քանի որ, եթե Սուն Ցին չկարողացավ իրենց փրկել, ապա էլ ոչ ոք չի կարող: Մի քանի օր անց Սուն Ցիի պարտված բանակը տեղ է հասնում եւ զորավարը իր հայրենի բնակավայրում տեսնում է միայն սուրհանդակին: Առանց ավելորդ հարցեր տալու Սուն Ցին հրամայում է գլխատել նրան, սակայն վերջինիս տալիս է վերջին խոսքի հնարավորություն: Սուրհանդակն ասում էՙ «Զորավար, բայց չէ՞ որ դու մեզ սովորեցրել ես ազնիվ լինել, իսկ ճշմարտությունն այն էր, որ մենք պարտվեցինք ռազմաճակատում»: Սուն Ցին պատասխանում էՙ «Ժողովրդին միշտ պետք է ներկայացնել հաղթանակը, իսկ պարտությունն ինքը կիմանա»: Սուրհանդակը գլխատվում է, իսկ թե ինչ է լինում հետագայում Սուն Ցիի եւ նրա զորքի հետ, ըստ չինական առասպելների, հայտնի է միայն, որ զորավարը տեղափոխվում է չինական Ու-ի թագավորություն, հաղթում վերջինիս թշնամիՙ Չուի թագավորությանը եւ գրավում վերջինի մայրաքաղաքըՙ Ինը: Ավելին ուշ, Սուն Ցինը գրում էՙ «Ռազմի արվեստը» աշխատությունը, վերադառնում իր հայրենի Ցի թագավորություն, որտեղ էլ մահանում է: Այսքանով ավարտվում է Սուն Ցիիՙ հանրամատչելի պատմությունը, եւ սկսվում է մերը, մերըՙ պետականության ճգնաժամի մասին է: Ի դեպ, պետականության ճգնաժամի հոգեբանական նշանն այն է, երբ տվյալ պետության միջին քաղաքացին իրեն համարում է ավելի խելացի, քան իր կառավարությանը: Ծանո՞թ իրավիճակ է, նկատի չունեմ միայն Սուն Ցիի եւ նրա սուրհանդակի պատմությունը, նկատի ունեմ նաեւ պետականության ճգնաժամի հոգեբանական սահմանումը: Եթե ոչ, ուրեմն դուք մեր կառավարությունն ավելի խելացի եք համարում, քան ձեզ, ինչը կրկին խոսում է ճգնաժամի մասին, բայց ավելի փոքրՙ անձնական մասշտաբի: Իսկ եթե այո, ապա մեր պետականությունը ճգնաժամի մեջ է: Քաղաքական գործիչները գուցե հակառակը պնդեն, բայց նրանք միշտ էլ հակառակն են պնդում, քանի որ, արդեն գիտենքՙ պարտությունների մասին ժողովրդին չեն ասում, միայնՙ հաղթանակների: Եւ քանի որ ես չեմ ուզում արժանանալ Սուն Ցիի սուրհանդակի ճակատագրին, ապրիլյան հաղթանակների մասին խոսենք, մանավանդ մայիս ամիսն է: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը խելացի է, մանավանդՙ մարզպետները: Օրինակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, թե ո՞վ է ասում, որ 800 հեկտար տարածք ենք հանձնել, չափող եղել է՞: Երբ նրան ասել են, որ Սերժ Սարգսյանն է ասելՙ ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս, Սուրիկ Խաչատրյանն էլ փայլուն պատասխանել է. «Սերժ Սարգսյանը դա հարաբերական է ասել»: Այ, եթե Սյունիքի մարզպետը հարցին պատմափիլիսոփայական մոտեցում ցուցաբերեր, ավելի փայլուն պատասխան կտար եւ կասերՙ «Սերժ Սարգսյանը հարաբերական է ասել, քանի որ ինքնաթիռում է եղել, որտեղ ինչպես գիտենքՙ հատակ կա, բայց դու երկնքում ես»: Ամեն դեպքում Սուրիկ Խաչատրյանի պատասխանն ավելի խելացի է, քան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինը: Վերջինս նույն հարցի առնչությամբ ասել է. «Գիտեք, այդ 800 հեկտար տարածքը, որ ինչպես նախագահն ասաց, հանձնել ենք, իրականում ամայի, անպետք տարածքներ էին»: Հիմա պատկերացրեք, ե՛ւ Վահրամ Բաղդասարյանը, ե՛ւ Սուրիկ Խաչատրյանը կռվում են Սուն Ցիի բանակում եւ հենց նրանց է հանձնարարում չին զորավարը գնալ հայրենի բնակավայր եւ ժողովրդին տեղեկացնել, որ իրենք հաղթել են: Նրանցից ո՛վ ինչ կասեր... Ու մինչ դուք պատկերացնում եք այս երկուսին չին զինվորների համազգեստով, երեք լուր հայտնեմ, երկուսըՙ լավ, մեկըՙ վատ: Լավն այն է, որ Վահրամ Բաղդասարյանը ներկայացնում է իշխանության օրենսդիր թեւը, այսինքն եթե անգամ մեր միջին քաղաքացին իրեն ավելի խելացի է համարում, քան մեր կառավարությանը, ապա դա չի նշանակում, որ մեր պետականությունը ճգնաժամի մեջ է, քանի որ օրենսդիր իշխանությունը կառավարություն չէ: Վատն այն է, որ մեր կառավարությունը Սուրիկ Խաչատրյանն է նաեւ, եւ եթե անգամ վերջինիս Սուն Ցին ոչինչ չէր անի, միեւնույն էՙ մեր միջին քաղաքացին իրեն ավելի խելացի է համարում, քան մեր կառավարությանը: Հետեւաբար ճգնաժամի մեջ ենք, բայց վերջին լուրն էլ կաՙ լավերից մեկը: Այն հետեւյալն էՙ մենք հաղթել ենք, մնացյալը հարաբերական է: |