RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-06-02 10:52:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 5969, Տպվել է` 553, Ուղարկվել է էլ.փոստով` 543

ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՆ ՇՓՄԱՆ ԳԻԾԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Գիտե՞ք, թե ինչ է անում մեզնից քիչ բանով, բայց կարեւոր բաներով տարբերվող Իսրայելը, որպեսզի ամայի տարածքներ չունենաՙ հատկապես Պաղեստինի կամ այլ արաբական երկրների հետ սահմանային շրջաններում: Ավելի ճիշտՙ հենց Պաղեստինի տարածքում, քանի որ Պաղեստինը պնդում է, որ այն տարածքները, որոնք Իսրայելի վերահսկողության տակ են, իրենն են: Հավանաբար կմտածեք, թե մշտադիտարկման հնարավորություններ է ստեղծում, տեխնիկական սարքավորումներով վերահսկելու պաղեստինյան կողմի յուրաքանչյուր շարժ, կամ էլ կմտածեք, թե այդ տարածքները հենց այդպես էլ ամայի է թողնում, քանի որ այդ տարածքներն իրենը չեն, անվտանգության գոտին են, եւ վաղ թե ուշ պետք է վերադարձնի Պաղեստինին, ուրեմնՙ ինչո՞ւ շենացնել: Մինչդեռ Իսրայելն իր ամեն առաջ տված մետրում տուն է կառուցում, դատարկ չէ, այնտեղ մարդիկ են ապրում, յուրաքանչյուրն իր տունը շրջափակում է ճաղերով, ինչպես լինում են մարտական հենակետերը, կամ թշնամու հետ սահմանային գոտու վերջին կետը, եւ ապրում են, ապրում են այդ տարածքներում, որպեսզի այդ տարածքներն ամայի չկոչվեն, եւ որեւէ մեկը չհանդգնի մուտք գործել: Բանն այն է, որ եթե, օրինակ, Կրասնոդարի բերրի երկրամասից հանենք մարդկանց, ապա այդ երկրամասը կդառնա ամայի տարածք, այսինքն որեւէ տարածք առանց մարդուՙ ամայի է, անգամ, երբ այդ տարածքը կուսական դրախտ է կոչվում:

Այսինքն, խնդիրն այն չէ, որ մենք տարածք են տվել Ադրբեջանին, խնդիրն այն չէ, որ այդ տարածքները ոմանք կոչում են ամայի, խնդիրն այն է, որ այդ տարածքները 20 տարի է վերցրել ենք եւ մինչեւ այսօր ամայի էին եւ ամայի են, չկասկածեք: Ամայի էին, քանի որ հայրենիք չէին, իսկ հայրենիք չէինՙ քանի որ այնտեղ ոչ ոք չէր ապրում, ոչ ոք չէր ծնվում, որպեսզի այդ տարածքները համարի ի՛ր հայրենիքը: Մենք այդ տարածքները ապրիլին չենք տվել Ադրբեջանին, այլ տվել ենք ազատագրելու հաջորդ իսկ օրը, երբ տներ չենք կառուցել այդ տարածքներում: Վտանգավո՞ր է, իսկ կասե՞ք, թե Արցախում այդ ո՞ր բնակավայր է, որտեղ ապրելը վտանգավոր չէ: Մարտակե՞րտը, Հադրո՞ւթը, գուցե Ստեփանակե՞րտը, որին սպառնում էին հրթիռակոծել Բաքվից, այսինքն կարող են, եթե շատ ուզեն: Ուրեմն, եթե այդ տարածքները մենք չենք բնակեցրել եւ չենք բնակեցնում (դեռ ամայի տարածքներ շատ կան), որովհետեւ ելնում ենք մարդկանց անվտանգության նկատառումներից, ապա պետք է ժամ առաջ բոլոր մարդկանց դուրս բերել ոչ թե ԼՂ-ի շրջակա յոթ շրջաններից, այլ նաեւ Արցախից: Ի դեպ, մարդիկ ինչո՞ւ են այնտեղ ապրում, ավելինՙ այնտեղ շարունակել էին ապրել անգամ լայնամասշտաբ պատերազմի օրերին, որովհետեւ մարդիկ ուզում են, որ իրենց հայրենիքը ամայի չկոչեն:

Այդ չարաբաստիկ 800 հեկտարը կոչում են, կոչում են ամայիՙ հե՛նց իշխանությունները, իբր հանգստացնելու համար, թե բա, ժողովուրդ, ինչո՞ւ եք խառնվել, չէ՞ որ այդ տարածքները ամայի էին: Իսկ ինչո՞ւ էին ամայի, գուցե դիդմա՞մբ են ամայի թողնվել, որովհետեւ վաղ թե ուշ դրանք պետք է հանձնե՞լ:

Իսկ ի՞նչ է անում միջազգային հանրությունըՙ Իսրայելի նման, իմիջիայհոցՙ պետական քաղաքականության հետ: Ոչինչ, չէ, առանձին կազմակերպություններ, առանձին պետական կառույցներ, օրինակ անգամ ԱՄՆ պետքարտուղարությունը բազմիցս է դիմում Իսրայելինՙ հորդորելով չբնակեցնել վիճելի տարածքները, բայց ո՞վ է լսում, փոխարենն Իսրայելը նոր տարածքներ է վերցնում, եւ, օրինակ, ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն կոչ է անում չբնակեցնել ոչ թե բոլոր տարածքները, այլՙ նոր վերցվածները, հնի հետ արդեն հաշտվել են, հաշտվել են, քանի որ ուրիշ ճար չունեն, չունեն, խոսքը մեր մեջՙ չեն էլ ուզում ունենան, որովհետեւ Իսրայելը ուժեղ է, ուժեղ է, քանի որ ամայի տարածք չունի, ոչ մի թիզ:

Յուրաքանչյուր իշխանություն կարող է տարածք հանձնել, կապ չունի հայաստանյան է, թե, օրինակ իսրայելական, բայց ոչ մի մարդ իր տունը չի հանձնի, կապ չունի հայ է, թե՞ հրեա:

Մենք հրեաներին շատ նման ենք, պարզապես քիչ բաներով, բայց կարեւոր բաներով տարբերվում ենք: Թերեւս լավ է, բայց այս կոնկրետ դեպքումՙ վատ է, շա՛տ վատ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ