RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



Տեղադրվել է` 2016-06-02 10:52:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 5282, Տպվել է` 273, Ուղարկվել է էլ.փոստով` 240

ԱՇՈՏ ԲԱՅԱԴՅԱՆ

ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Էն ո՞ր պարզունակ փիլիսոփան է համոզում, որ կենսագրությունը մարդու կյանքի ժամանակային շղթան է թվերով ու խոսքերով: Դա ամեն ինչ է, բայց ոչ կենսագրություն... Ա՛յ, կենսագրությունն այն է, թե մարդը ինչքան է սիրում նախ ինքը իրեն, հետո մերձավորներին, ապաՙ ուրիշներին եւ վերջապեսՙ աշխարհը: Եվ եթե մեկը ձեզ կհամոզի, որ ինքը ուրիշներին ավելի շատ է սիրում, քան իրեն, չհավատաք... Դա ընդամենը կեղծ մարդասիրական բարոյական «մասսաժ» է...Մարդ եթե չկարողացավ նախ ինքն իրեն սիրել, մյուսներինՙ անկարող է. սերը ցորենի հատիկի պես է, ներսից է ծիլ տալիսՙ բերքն աշխարհին բաշխում... Իսկ կյանքը ճշմարիտ սիրո, խենթությունների, ապրեցնելով ապրելու շարահար շղթա է, իհարկե հատկապես քծնանքի ու զրպարտության պակասորդով եւ ազնիվ նվիրումի ավելորդով, բայց ոչ ավելորդ նվիրումով... Ախր ճիշտ ապրելը արվեստ է... Եթե հավաստիացումի փաստեր են հարկավոր, խնդրեմ այս մեկըՙ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Բայադյան: Դե արի ու եռանդուն, կենսախինդ այս հրաշք լոռեցուն բացատրիր, որ ինքը 70 տարեկան է, մանավանդ որ որոշ տառակեր կենսաբաններն էլ ուղղորդում են, թե այդ տարիքում մարդիկ հիմնականում պիտի զբաղվեն թոռների հետ զբոսնելով, եթե իհարկե կարող ենՙ նաեւ հուշեր գրելով ե՛ւ այլն, ե՛ւ այլն... Դե իհարկե, մեր փոշոտ ժամանակներում կան ժամանակից շուտ ծերացած ջահելներ, որ առանձնապես ոչինչ չներկայացնող իրենց անցյալի մասին կեղծ հպարտությամբ ու ափսոսանքով հիշում ենՙ «Հեյ գիդի մեր ջահել օրերը...»: Բայց դե էս մի դրույթը հեչ չի վերաբերում Աշոտ Բայադյանին. կյանքով անասելի լեցուն է, եռանդով աշխատում է ու նորանոր ծրագրեր մտքին դնում... Ամբիոնի վարիչ ու վարչության պետ, հանձնաժողովի նախագահ ու գիտական հանդեսի գլխավոր խմբագիր, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի եւ այլ կրթօջախների դասախոս ու գիտական ղեկավար... Պաշտոնների թվարկումը շատ հեռուն կտանի...

Իսկական լոռեցի է. ծնվել է Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Հող ու ջրից լոռեցու ազնվության, ուղղամտության, խենթության հրաշք կաթիլներ է հոգում ամբարել... Մեկ էլ տեսարՙ գիշերվա հազարին կզանգի մանկության ընկերոջըՙ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին ու կասիՙ «Ա՛յ Ռազմիկ ջան, բաս ո՞նց կըլի, ի՞նչ անենք, որ պարնեցիներին շատ օգնենք... Հրես Մյասնիկն ու Պատոն, Արշակունին, Աշոտն ու մյուս տղերքն ասում ենՙ «Էս անգամ էլ Ռազմիկին դիմենք, էս մի գործն էլ թող առաջ տանի...»: Տարվա մեջ մի քանի անգամ մանկության ընկերներով գնում են Մեծ Պարնիի սարերումՙ Թռչկանի ջրվեժում ծննդավայրի սրբազան օրենքներով կրկին ու կրկին մկրտվելու, սրա-նրա հոգսերից պատմելու, միասնական ուժերով զորակցելու... Եվ բոլոր հավաքներին «չոր ու ցամաք» տնտեսագետ Աշոտ Բայադյանը իր պրոֆեսորական շնորհքը հատկապես երգով է ցուցադրում... Հա՛, բա որ Լոնդոնում միջազգային գիտաժողովի վերջում Սայաթ-Նովայի երգը թարգմանել է անգլերեն ու երգել... Թե չէՙ գիտության լեզվով ցուցադրաբար խոսողներն էսօր էնքան են շատացել, որ դրա ավելցուկից գիտությունը պակասորդ է տալիս... Բա՜, հենց դրա համար էլ Աշոտ Բայադյանը մի քանի պրոֆեսորի տեղ է ապրում, սովորեցնում... Իսկ ոմանց համար մենակ կոչումն էլ բավարար է. սեղանների շուրջ բոլ-բոլ կհպարտանան, կբացատրեն, որ Նյուտոնը, Վիկտր Համբարձումյանը, Գրիգոր Գյուրզադյանը եւ էլի շատերը իրենցից հետո են... Ա՛յ հենց էստեղ է գրել Պարույր Սեւակըՙ «Մարդ կաՙ ելել է շալակն աշխարհի, Մարդ կաՙ աշխարհն է շալակած տանում»...

Բա՜, սիրելի Աշոտ Բայադյան, ու՞մ է հարկավոր մեկ առ մեկ թվարկել, թե քանի մրցանակ, դիպլոմ, պատվոգիր ու մեդալ ունես, քանի միջազգային կոնֆերանսների ես մասնակցել ու երկիր ներկայացրել, հարյուրավոր գրքեր ու հոդվածներ գրել... Էդ բոլորը թող մնա ավանդական կենսագիրներին, իսկ քո իսկական կենսագրությունը գրում է ամենաարդարացի դատավորըՙ Նորին Մեծություն Ժամանակը, ում շա՜տ ենք խնդրում, որ քո Արեւը երկար լինի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ