RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



ՏԵՍԱԿԵՏ

Տեղադրվել է` 2016-06-02 10:52:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5765, Տպվել է` 546, Ուղարկվել է էլ.փոստով` 535

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՌԱՏԵՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Անցյալ տարի նշեցինք Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Հանդիսավոր արարողություններն ու քաղաքական միջոցառումները պատշաճ մակարդակով ընթացան եւ ակնկալվածից ավելի հեռանկարային էին այնքանով, որ հարց առաջացավ, թե հաջորդ տարիՙ 2016-ին ինչ պետք է արվի, որպեսզի դրանց հավասարազոր կամ գերազանցող լինի:

Հարյուրմեկերորդ տարելիցի շեմին, Ադրբեջանը քառօրյա պատերազմ սանձազերծեց Անկարայի դրդմամբ, որը պատճառ դարձավ մարդկային ծանր կորուստների: Բայց հակառակ թախծալից մթնոլորտի, կարողացանք արժանավայել ձեւով այս տարի եւս նշել հիշատակը 1915 թվի մեր անմեղ ու անմեռ զոհերի: Ավելին, հիշատակի արարողությունները ընդարձակեցին մեր մտահորիզոնը, եւ ցույց տվեցին, որ որպես ազգ մենք ձերբազատվում ենք նախկին նեղ ու սահմանափակ մտածելակերպից, որը մինչ այժմ ձեւավորել է մեր քաղաքական հայեցակարգը:

Մենք միշտ առաջնորդվել ենք այն համոզմամբ, որ արժանի ենք արդարության, քանի որ ողջ աշխարհը տեղյակ է մեզ պատուհասած ցեղասպանությանը: Բայց, դժբախտաբար, քաղաքական գործընթացներն այդ տրամաբանությամբ չեն շարժվում: Մինչեւ մեր ցավը չբարձրացնենք համընդհանուր մակարդակի, եւ աշխարհը մասնակից չդարձնենք դրան, մենք կմնանք մեկուսացված, առանձնացված: Կա նաեւ լուռ փոխգործողության հանգամանքը, այսինքն, եթե մենք չենք կարեկցում ուրիշներին եւ մասնակից դառնում նրանց ցավին, ինչո՞ւ պիտի նրանք մտահոգվեն մեր խնդիրներով ու կարեկցեն մեզ:

Հրեաներն էլ են նույն իրավիճակում: Նրանցից ոմանք Ողջակիզման եզակիությունը պահպանելու կողմնակից են եւ պահանջում են գերագույն հատուցում: Բայց առավել լուսավոր առաջորդներ Ողջակիզման երեւույթը դիտարկում են որպես ընդհանրապես մարդկության դեմ գործադրված անմարդկային արարք եւ կարեկցում են զանգվածային բնաջնջման ենթարկված այլոց հոգեկան ապրումներին:

Այն ինչ տեղի ունեցավ այս տարի Հայաստանում, կարելի է որակել որպես մեր համընդհանուր ցավի համաշխարհայնացում: Խոսքն, անշուշտ, մարդասիրության ու կարեկցանքի գնահատման «Ավրորա» մրցանակաբաշխության մասին է, հոգեզավակըՙ Ռուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան եւ Վարդան Գրիգորյան «Հրաշալի եռյակի»: Ջորջ Քլունիի մասնակցությունը մրցանակբաշխությանը ցնցող երեւույթ էր:

Մրցանակակիրը Հայաստանից շատ հեռու ապրող եւ գործող Մարգարիտ Բարանկիցեն էր, մի մարդասեր, ով հիմնել էր «Մեզոն Շալոմը» (Շալոմի Տունը) Բուրունդիում: Որպես առաջին մրցանակակիր Բարանկիցեն ստացավ 100,000 դոլար, բայց նա շարունակելու է նվիրատվության ոլորտը իր մրցանակին ուղեկցող 1 միլիոն դոլարը նվիրաբերելով այն կազմակերպություններին, որոնք ներշնչել եւ զորավիգ են կանգնել նրան: Նա մոտ 30 հազար երեխա է փրկել եւ 2008-ին մի հիվանդանոց է բացել, որտեղ 80 հազար մարդ է բուժվել:

Որոշ մարդիկ կարող են մտածել, որ մրցանակային գումարը կարելի էր Հայաստանում ավելի հրատապ կարիքների վրա ծախսել: Բայց դա կլիներ սոսկ ինքնասպասարկում, ինքնանպատակ: Մինչդեռ մրցանակաբաշխության ազդեցությունը կամ ներգործությունը գլոբալ էր եւ դրանից, վերջին հաշվով, Հայաստանն ու հայերս ենք օգտվելուՙ տարբեր ձեւերով: Մեզ ծանոթ է երեխաներ փրկած անձնուրաց անձնավորությանց սխրանքը: Մյուս կողմից, երբ տասնյակ հազարավոր երեխաներ էին ջրախեղդ արվում Սեւ ծովում, Տրապիզոնի կառավարչի կողմից, արեւմտյան կամավորներն ու միսիոներական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձում էին փրկել նրանց գոնե մի մասին:

«Մարգարիտ Բարանկիցեն օրինակ է ծառայում հիշեցնելու մեզ, որ անգամ մեկ անհատը կարող է մեծ ազդեցություն ունենալ զանգվածների վրա, երբ վերջիններս անասելի հետապնդումների եւ անարդարությունների են ենթարկվում», ասաց Քլունին մրցանակը հանձնելու պահին:

Ռուբեն Վարդանյանի մտահղացումըՙ հիմնելու Դիլիջանի միջազգային վարժարանըՙ նույն պարամետրերի շրջանակներում կարելի է դիտարկել: Նրա նպատակն է Հայաստանը դարձնել մագնիսՙ ձգողական կենտրոն համայն աշխարհի ուսանողության համար: Կա նաեւ մեկ ուրիշ դաս, որ կարելի է քաղել այդ երեւույթից: Մեր դատը միջազգայնացնելու գործընթացը սովորաբար ոչ թե ավանդական կառույցների (լինեն քաղաքացիական, թե կրոնական), այլ անհատների գործն է եղել, այնպիսի անհատների, որոնք իմացել են իրենց քսակները լայն բացել եւ մատը դնելով որեւէ ցավոտ հարցի վրաՙ լուծել այն հեռանկարային տեսլականով:

Այս մարդասիրական նախաձեռնությունը նաեւ իր հետ քաղաքական դիվիտենտներ է բերելու անկասկած: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ մենք էլ ընդարձակենք մեր մտածելակերպը, համապատասխանեցնելով այն վերոնշյալ ծրագրի հեռատեսական հասկացության հետ: Մենք մշտական պայքարի մեջ ենք Թուրքիայի հետ: Մինչ մեր կարողությունները, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում աստիճանաբար նվազում են, Թուրքիան փորձում է իր դիրքերն ամրապնդել որպես տարածաշրջանային տերություն: Մեր պայքարը կնմանվի Դավթի եւ Գողիաթի անհատական մենամարտին, եթե մենք չմիավորենք մեր ուժերը այլ խմբավորումներիՙ մասնավորապես հույների եւ քուրդերի ուժերի հետ, որոնք նույնպես տառապել են թուրքական լուծի ներքո:

Հույների հետ մեր քաղաքական հարաբերություններն այնքան էլ երկար պատմություն չունեն, հատկապես սփյուռքում: Բարեբախտաբար Հայաստանն սկսել է պետական մակարդակով համագործակցել Հունաստանի հետ:

Բայց մինչ քուրդերը ներկայիս մահու եւ կենաց պայքար են մղում, մենք սոսկ դիտողի դերում ենք հանդես գալիս: Հասկանալի է, որ անցյալի դեպքերը, երբ թուրքական իշխանությունների դրդմամբ նրանք կոտորեցին հայերին եւ խլեցին մեր ունեցվածքը, խանգարում են, բայց քրդերի մի որոշակի խմբաքանակ այսօր արդեն գիտակցել է նախորդ սերունդների սխալները եւ առանձին առաջնորդներ նույնիսկ ներողություն են խնդրել հրապարակայնորեն: Նրանք վստահաբար պիտի ողջունեին բարեկամական հարաբերությունները հայերի հետ, անմիջապես որ տիրանան իրենց երազած անկախությանը կամ ինքնավարությանըՙ Իրաքում, Սիրիայում եւ Թուրքիայում:

Ներկայիս Թուրքիան անողոք պայքար է մղում քուրդերի դեմ, կոտորելով նրանց, իսկ Արեւմուտքը ձեռքերը լվացել է, քուրդերին ահաբեկիչների շարքը դասելով: Բացի իր սահմաններում իրագործվող մարտերից ու վայրագություններից, Թուրքիան նաեւ Սիրիայում իշխանության փոփոխման համար է պայքարում, նեցուկ կանգնելով ԻՍԻՊ-ին եւ անխնա ջարդելով քուրդերինՙ ի հակադրություն Մ. Նահանգների քաղաքականության:

«PKK-ի անդամների դեմ կռվելու քողի ներքո, թուրքական իշխանությունները ռմբակոծում են Շրնաքի եւ Դիյարբեքիրի կից շրջաններում գտնվող ենթակառուցվածքներն ու բնակելի տարածքները», նշում է քուրդ իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Հոշին Էբդուլլահը: «Երկրի հարավարեւելյան մասում իրագործված թուրքական ռազմական ուժերի գործողությունների հետեւանքում զոհվում են տասնյակ քաղաքացիներ, վիրավորվում հարյուրավոր մարդիկ եւ տեղահանվում տասնյակ հազարավորներ», ասել է նա ARA լրատվական գործակալության թղթակցի հետ զրուցելիս, ավելացնելով. «Վերջին 2 ամիսների ընթացքում ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել, մինչ ուրիշներ ահաբեկված դեռեւս մնում են քուրդական շրջանների քարուքանդ եղած քաղաքներում եւ գյուղերում»:

Փաստորեն, մարդակերտ անմարդկային ճգնաժամ է ստեղծվել ամբողջ աշխարհում, բայց քաղաքական նպատակահարմարությունը ստիպում է աշխարհի հզորներին լուռ մնալ ու չբարձրաձայնել այդ երեւույթի մասին:

Թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորները խիզախություն են ձեռք բերել: Դրանցից մեկը, մի կին, կրքոտ ելույթ ունենալով խորհրդարանում գոռացել է. «Դուք անպայման հատուցելու եք այն արյան դիմաց, որ թափում եք Քուրդիստանում»: Այլ տեսահոլովակներ ցույց են տալիս, թե ինչպես են ուրիշ քուրդ պատգամավորներ ամբիոնին մոտենալով իրենց զայրույթն են արտահայտում: Նրանք բոլորն էլ նշում են, որ թուրքերի բնակավայրը Կենտրոնական Ասիան է եւ որ նրանք զավթել են հայերի, ասորիների, հույների եւ քուրդերի տարածքները:

Նախագահ Էրդողանը օրենսդրական բարեփոխումների անվան տակ օրերս նրանց զրկել տվեց պատգամավորական անձեռնմխելիության իրավունքիցՙ հետո նրանց բանտ ուղարկելու համար:

Անցյալում քուրդերն իրենց անկախության համար էին պայքարում Թուրքիայում: Նրանց բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը զիջումների գնալով բավարարվեց լեզվի օգտագործման եւ մշակութային ձեռնարկների անցկացման պահանջներով: Բանակցությունները կառավարության եւ քուրդ առաջնորդների միջեւ այդ ձեւաչափով ընթացան բավական երկար ժամանակ, մինչեւ որ 2015-ի հուլիսին Էրդողանը որոշեց փոխել իր դիրքորոշումը եւ անզիջում պատերազմ հայտարարեց քուրդերի դեմ: Հակամարտությունը 1980-ից ի վեր, ընդհանուր առմամբ խլել է 40 հազար մարդու կյանք:

Էրդողանը պատերազմ սանձազերծեց, որովհետեւ համարում էր, որ խորհրդարան մուտք գործած քրդական խմբակցությունը խոչընդոտ է դեպի տոտալիտար իշխանության իր ճանապարհին: Բայց նաեւ գնահատելով զարգացումները Իրաքում, որտեղ արդեն ինքնավար Քուրդիստանն է հաստատել իր դիրքերը, եւ Սիրիայում, որտեղ քուրդերն իրենց համար որոշակի «անկլավ» են ստեղծել: Դժվար չէր կռահել, թե այդ զարգացումները ինչի կառաջնորդեին բուն Թուրքիայում:

Սակայն, քուրդերը պայքարում են այն նույն հողերի համար, որոնք պատկանել են հայերին: Անկախություն կամ ինքնավարություն ձեռք բերելու դեպքում, մենքՙ հայերս ստիպված ենք լինելու նրանց հետ գործ ունենալ:

Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ քուրդերը մեր անմիջական օգնության կարիքն են զգում:

Հայերիս մեծ մասը ապաքաղաքականացվել է: Այլապես մենք կամավորներ կուղարկեինք: Բայց քուրդերն առավելապես կարիքն ունեն քաղաքական աջակցության, որպեսզի աշխարհին լսելի դարձնեն իրենց ձայները: Տրամաբանական եւ օրինական կլիներ, եթե մենք մեր քաղաքական գործողությունները համաձայնեցնեինք համայն աշխարհի քուրդերի գործողությունների հետ, որպեսզի հետագայում բացի ձեւական ներողությունից, կարողանայինք ակնկալել նաեւ որոշակի տարածքային կարգավորումներ: Այդ հողերի վրա կենտրոնացած լինելով, նրանք արդեն իսկ 90 տոկոսով վաստակել են դրանց տիրանալու իրավունքը: Իսկ մե՞նք...

Ժամանակն է, որ մենքՙ հայերս հետապնդենք ավելի հեռատեսային եւ ստեղծագործական քաղաքականություն:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ