ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Մի քանի նշաններ կան առ այն, որ արցախյան նոր պատերազմը, եթե անգամ միջազգային կառույցները քայլեր են անում դրա դեմն առնելու, ինչ որ որոշակի հանգամանքների համադրմամբ լիովին հնարավոր է: Ասենք` Հայաստանում տարածքների վերադարձի թեզին հասարակական ուժգին դիմակայության պարագան կվիժեցնի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման զանազան միջազգային առաջարկները, իսկ Ադրբեջանը նորից կհակվի պատրանքային` ռազմական ճանապարհով հարցը լուծելու որոշմանը: Նշանները բազմաթիվ են, նշաններից երկուսը հայտածվեցին վերջին օրերին. Հայաստանի խորհրդարանի ընդունած վերջին օրինագծերից մեկը վերաբերում է կամավորականներին` Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությամբ երաշխիք է տրվում սահման մեկնող կամավորականներին` իրենց աշխատատեղն ու աշխատավարձը պահպանելու վերաբերյալ: Սա կարծես առաջին հայացքից հնարավոր պատեերազմի վերաբերյալ ակնարկ լինի, մյուս կողմից էլ, իրոք, երաշխիքների կարիքը կար, քանի որ որոշ կամավորականների գործատուներն ազատել էին աշխատանքից, մինչ նրանք ապրիլյան պատերազմի եւ հետագա օրերի ընթացքում պաշտպանել են սահմանը: Նշաններից մյուսը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձն է արտերկրից: 7or.am կայքին տված հարցազրույցում Ս. Բաբայանը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության մասին, իրավիճակը բավական մտահոգիչ է գնահատում. «Մենք պետք է պատրանքներ չունենանք եւ կարծենք, որ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանը գնալու է փոխզիջման: Ադրբեջանի ախորժակը կարող ենք զսպել միայն ռազմական բալանսն ի նպաստ Հայաստանի եւ Ղարաբաղի ապահովելով», ասել է նա: Նա խոսել է բանակն արդիականացնելու անհրաժեշտության մասին (անգամ արդիականացման համար պահանջվող ժամկետ է նշել` 10 ամիս), ասել է, որ անվտանգության խնդիրն Արցախի ու Հայաստանի գլխավոր օրակարգն է հիմա, պատերազմը չի ավարտվել, իսկ 94-ի հաղթանակը մսխվել է: Նա միաժամանակ նշել է, որ որեւէ կուսակցության չի անդամագրվելու, անձերի հարցը իշխանության մեջ իրեն չի հետաքրքրում, այլ` թե որքանո՞վ ադեկվատ կլինի իշխանությունը Հայաստանի ու Ղարաբաղի առաջ կանգնած սպառնալիքները հաղթահարելու համար: Եւ ամենակարեւորը` նա մտադիր է գնալ Արցախ, քանզի իր վերադարձի գլխավոր առաքելությունն այնտեղ է տեսնում: Ի դեպ` Սամվել Բաբայանի վերադարձի վերաբերյալ մամուլը բազմաթիվ ենթադրություններ է անում, անգամ Արցախի քաղաքական ղեկավարության շրջանում փոփոխություններ կանխատեսելով, քանի որ Սամվել Բաբայանի անձի շուրջ սկանդալային պատմությունների մի մասը կապված են տարբեր տրամաչափի` այժմ պաշտոնավարող անձանց հետ: Բայց գլխավոր զուգահեռը ծնվում է ինքնին` հարկավոր են եղել նրա ռազմական ունակությունները: Պատերազմն, այո, սրբագրումներ արել եւ անելու է, դա լայն խոսակցության նյութ է, հավանաբար շփման գծի իրավիճակն այլեւս ներկա է լինելու բոլոր գործընթացների շարժերում, այդ թվում` քաղաքական, եւ միգուցե այս ֆոնին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում մոտակա ընտրությունների ելքը նաեւ կախված է լինելու անվտանգության խնդիրներից: Այսպես, թե այնպես` Հայաստանի նոր Ընտրական օրենսգիրքն արդեն իրողություն է, այն երրորդ ընթերցում անցավ, պահպանվեց նոր Սահմանադրության այն նորմը, որով մինչեւ հունիս ԸՕ-ն պետք է շրջանառության մեջ դրվի: Անկախ Ընտրական օրենսգրքի նորամուծություններից, իբրեւ թե` 100 տոկոս համամասնական կարգի ամրագրումից, իսկ իրականում վարկանիշային քվեարկության մեխանիզմի ներմուծմամբ` թաքնված մեծամասնական կարգի պահպանումից, նորից հիշեցնենք, որ Հայաստանում ընտրությունները ոչինչ չեն որոշում, դրանք, անկախ ընտրակարգից, մշտապես նախապես գծված քաղաքական քարտեզները դակելու միջոց են եղել պարզապես, այդ դակիչը շարունակաբար կատարյալ դարձնելու համար դեր են ունեցել փողը, վարչական ռեսուրսը ու տարբեր տեսակի այլ լծակները, բայց ոչ հատկապես ընտրողի քվեն: Իսկ կուսակցությունների բազմազանությունը խորհրդարանում միայն այն պատրանքի համար է, որ իբր Հայաստանում եւս, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, ընտրություններ են տեղի ունենում, ընդ որում` անգամ ամենաընդդիմադիր ուժերի ցուցակներով քաղաքական առեւտրի արդյունքում բացահայտ իշխանության հետ կապված մարդիկ են անցնում խորհրդարան: Անգամ Հայաստանի դատախազության կողմից ընտրախախտումները քրեականացնելու վերաբերյալ երեկ արված առաջարկները եթե ընդունվեն, հազիվ թե բանը դրանց կիրառմանը հասնի, քանի որ ընտրական ԸՕ-ի բարդ մեխանիզմների լաբիրինթոսում այնպիսի կատարյալ մտածված սողանցքներ կան ցանկալի արդյունք ունենալու, որ կոպիտ ընտրախախտումների կարիքը երեւի այլեւս չզգացվի: Հիմա որ ասում են, թե իբր այսպես ու այսպես` սկսում ենք պայքար կոռուպցիայի դեմ, երեք շաբաթ ժամանակ են տալիս, հետո ասում են` մենաշնորհ չկա մեր երկրում, հետո աստիճանական պայքարի մասին են բարձրաձայնում, եւ ոչ թե միանգամից կտրելու, կամ վիրահատական գործողությունների դիմելու, այս բոլորը ծիծաղելի է դառնում իսկապես, քանի որ առողջ համակարգը ոչ թե ինչ-որ իքս պահից հայտարարություններով կարելի է ձեւավորել, այլ միայն ու միայն իրական ընտրություններով, ընտրական ինստիտուտով: Իսկ հրովարտակներով ու զանազան թղթերով կամ բանավոր կոչերով մարդկանց ծիծաղեցնելն անգամ արդեն հետաքրքրություն չի առաջացնում: Բայց ընտրական ինստիտուտը Հայաստանում եղել ու շարունակելու է ֆարս մնալ, ոչ մի բանից չի երեւում, որ մերոնք երբեւէ իսկական ընտրությոններ կազմակերպելու կամք կունենան: Ի՞նչ ունենք քաղաքական գործընթացներում խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ տարի առաջ` քչփորենք մի քիչ: Թեեւ` լրիվ կտրվել սահմանային իրավիճակից այլեւս չի ստացվում, երեկ էլ զոհ ենք ունեցել: Չի ստացվում նաեւ այն պատճառով, որ ապրիլյան սահմանային լարումը, դրան հետեւող գործընթացներն ավելի մերկացրին մեր քաղաքական դաշտը, որի միավորները մի քանի օր չորսօրյա պատերազմից հետո էլ դեռ, արտաքին քաղաքական զիգզագների առկայությամբ, այդպես էլ չէին կարողանում արագ կողմնորոշվել եւ իրավիճակին համարժեք գնահատականներ հնչեցնել: Շատ պատճառներ կային դրա համար. մեր քաղաքական շրջանակները իրազեկվում էին ամենավերջինը, երկրորդ` նախաձեռնողական չեն, երրորդ` մեր քաղաքական միավորները, որքան էլ զարմանալի` ամենահնացած, չբարեփոխված, չարդիականացված կառույցներն են Հայաստանում, նրանք շարունակում են սրբորեն պահպանել հատկապես կոմունիստական կուսակցության ստերեոտիպը, այն է` վերեւից ասում են, ներքեւները մեկ հրահանգով համաձայնում են, սա կեենսակերպ է: Մեկ- երկու բացառությունը ( ասենք` ՀԱԿ-ում եւ «Ժառանգութունում» պատգամավորները տարբեր կերպ են քվեարկում) վերը նշվածի հաստատումն է պարզապես, քանի որ այդ կուսակցություններում ոչ թե ընդունելի բազմակարծություն է, այլ` պառակտում: Հիմա որ Ընտրական օրենսգիրքը փոխում ենք, անունը դնելով բարեփոխում, քաղաքական դաշտն ըստ այդմ մի՞թե բովանդակային փոփոխություն է կրում: Մինչ այդ քաղաքական դաշտը վերեւից մաքրելու փորձերը բերեցին նրան, որ այդ դաշտն ամայացավ բառի իսկական առումով, չառաջացան նոր գաղափարներով, թարմ մոտեցումներով հզոր կուսակցություն-շարժումներ, քաղաքացիական պայքարի մի քանի ինքնաբուխ դրսեւորումները եւս մարեցին` չդառնալով ինստիտուցիոնալ շարժումներ: Այսինքն` դասական առումով կուսակցության կառուցումը, որը պետք է լինի նախ գաղափարի ու ծրագրի շուրջ, դրանք համախոհներով իրականացնելու խնդիր դնելով` երկրի առջեւ ծառացող նոր խնդիրների լուծումն ապահովելու համար, Հայաստանում վերջին քսան տարում պրիմիտիվացվեց-հասցվեց իշխանության գալու մերկ գաղափարը ֆինանսական շրջանակներով իրականացնելու ձեռնարկների: Սրա հետեւանքը եղավ ոչ միայն կուսակցություն (մեկ-երկու բացառությամբ) հասկացության, այլեւ ընտրող հասկացության դեգրադացումը: Այսպիսով` ունենք քաղաքական դաշտ, որի շարժիչ ուժն է փողը, միակ նպատակը` իշխանության գալն ու պաշտոնները կողմնակիցների մեջ բաժանելը, ունենք ընտրող, որ ընտրության գնալու նույնքան նվազ գաղափարական կամ սոցիալական դրդիչ ունի` գլխադաս է նյութական շահագրգռությունը, հետո միայն կուսակցական այս կամ այն շրջանակին պատկանելությունը, այն եւս կոնկրետ շահերով պայմանավորված, իսկ թե տվյալ կուսակցական շրջանակն ինչ հեռանկար կամ նպատակ է հետապնդում համազգային-պետական հարթության վրա` մեծավ մասամբ դա նրան չի հետաքրքրում: Բայց, իհարկե, սա այն պատճառով չէ, որ հայերս ընչաքաղց, առանց տեսլականի կամ երկրի զգացողությունը չունեցող մարդիկ ենք, այլ որովհետեւ մեր քաղաքական հարաբերություններն են այդ մակարդակի, ընտրողը դրանց հայելային անդրադարձն է: Հենց միայն վերջին չորսօրյա պատերազմն ապացուցուցում է մեր ասածը. բարձր գաղափարը` երկրի պաշտպանությունը, անմիջապես մարդկանց մեջ ինքնակազմակերպվելու հայելային անդրադարձն ունեցավ, մի քանի օրում կամավորների բավական մեծ թիվ մեկնեց սահման, քանի որ անսակարկ գաղափար` հայրենիքն էր մեջտեղում: Իսկ քաղաքական իրողությունները, որքան էլ քաղաքական կուսակցությունների ծրագրերում հայրենապաշտ բառերի կուտակումներ լինեն, բոլորովին այլ մտածողության հարթություն է, այստեղ ամեն ինչ վաղուց կարծես առեւտրի կանոններով է շարժվում, իսկ գիտեք` հայերս առեւտուրը սովորաբար արվեստի աստիճանի ենք բարձրացրել, սակայն դրանից նրա էությունը չի փոխվում: Հիմա այդ տեսակ, այդ բնույթի հարաբերությունների մեջ չէին կարող ծնվել այլ համակարգային մտածողության խմբեր, որոնք կապահովեին ծերացած ու կարծրացած քաղաքական դաշտի փոփոխությունը, միգուցե նաեւ սերնդափոխությունը, քանի որ տվյալ հարթությունում գործող քաղաքական հարաբերություններում ծնվել ու դաստիարակվել են հենց նույն տիպի երիտասարդ քաղաքական գործիչիներ: Այսինքն` եթե նոր քաղաքական սերունդ էլ կա, ապա նա լիովին համապատասխանում է այն բարքերին, որը տեսել ու յուրացրել է: Փակուղի՞: Միգուցե, քանի որ նոր ընտրական օրենսգիրքը նույնպես չլուծեց սոսկ համամասնական ցուցակներով խորհրդարան անցնելու խնդիրը, որի դեպքում կուսակցությունները գուցե կամք կդրսեւորեին ու իրենց ցուցակներում կընդգրկեին ընդհանուր մտայնությունը փոխել ցանկացող դեմքերի, միգուցե հանրությանն անհայտ, բայց տարբեր շրջանակներում հայտնի նոր մարդկանց: Նոր Ընտրական օրենսգիրքը սա բացառում է` «դեգրադացված ընտրող ու քաղաքական դաշտ հարաբերությունների» հարթույթում շարունակելու են դեր ունենալ փողը, զոռբայությունը, տեղական ազդեցությունը, իսկ դրանք կրողները մեր հասարակության լավագույն շերտերը չեն: Այս իմաստով արդյունքի տեսակետից նոր որակների չեն կարող բերել անգամ նոր ստեղծված կամ ստեղծվող միավորները, նրանք բոլորն էլ նույն սխեմայով են կառուցվում` փողի ու մեկ լիդերի շուրջ, կամ մեկ լիդերի համար, նպատակ դնելով այս կամ այն անձին բերել իշխանության` կողմնակիցներով հանդերձ: Ասենք` «Համախմբումը» ստեղծվում է Օսկանյանի շուրջ եւ հայտնի մարդու իշխանության բերելու համար, «Հայկական վերածնունդը» ստեղծվել է Արթուր Բաղդասարյանի շուրջ, անկախ նրանից , որ այս ուժը միգուցե համագործակցի եւ «Համախմբումի», եւ «Ժառանգության», եւ էլի ուրիշների հետ: Թվարկումը շարունակեք ինքներդ, ու հաստատ որեւէ մխիթարական մտքի չեք հանգի: Մեզ սպասվում է խորհրդարանական ընտրությունների եւս մի` վերեւներում համաձայնեցված քարտեզ, որից հետո մի ամբոջ սերունդ, որ ժամանակին դիքեր գրավեց ու դույզն ինչ այդ դիրքերից չի զիջում, կամաց-կամաց, հետագա հինգ տարիների ընթացքում կանհետանա ու կսպառվի (կներեք ցինիզմի համար), այդպես էլ որեւէ էական ձեռքբերում չապահովելով նոր սերնդի ողջ հանրության համար: Սա հայկական տարբերակն է` սերունդը կգնա, ու դրանից հետո միգուցե մի քսան տարվա համար դիրքավորվող մի ուրիշ սերունդ կգա, որն այլ կերպ կմտածի ու միգուցե ինչ-որ բան կփոխի: Եթե, իհարկե, հնարավոր նոր պատերազմը չփոխի ամեն ինչ ոտնիգլուխ: Կուզեինք սխալված լինել: |