RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-06-02 10:52:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5711, Տպվել է` 564, Ուղարկվել է էլ.փոստով` 537

ԵՏՄ-ՉԻՆԱՍՏԱՆՙ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում արժանահիշատակ էր առաջին հերթին ԵՏՄ-Չինաստան փոխգործակցության քննարկումով: Այն, որ այս հարցը հայտնվել է ԵՏՄ կառույցի օրակարգում, խոսում է Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ համագործակցության խորացման արդեն առկա փոխադարձ շահագրգռության մասին: Առանց Չինաստանի կողմից նման ցանկության եւ փոխգործակցության, իրավական խնդիրների լուծման այս հարցը չէր կարող հայտնվել ԵՏՄ անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստի սեղանին: ԵՏՄ-Չինաստան համագործակցության լրջության մասին է վկայում նաեւ ստորագրված փաստաթուղթըՙ ԵՏՄ անդամ պետությունների եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ:

Իր ելույթում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը , կարեւորելով եվրասիական նախագծի եւ Չինաստանիՙ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը, որով Եվրոպան եւ Ասիան միմյանց կկապվեն տարբեր երթուղիներով, նշել է, որ այդ ուղղությունները կարող են անցնել ԵՏՄ պետությունների, այդ թվում Հայաստանի միջոցով, միաժամանակ անցնելով նաեւ Հնդկաստանով եւ Իրանով: Հայաստանի դիրքն այս առումով կարեւոր է, քանի որ ԵՏՄ միակ երկիրն ենք, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ եւ պատրաստ է իրականացնել այդ նախագիծը:

Անդրադառնալով Չինաստանի հետ ԵՏՄ համագործակցությանն ընդհանրապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը իր հայտարարության մեջ փաստել է, որ Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական փոխհարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումն սկզբունքային կարեւոր նշանակություն ունի այդ երկրների նախագահների նախանշած ուղղությամբ շարժվելու համար: Ըստ Տիգրան Սարգսյանի, կառավարությունների ղեկավարների միջեւ կայացած քննարկումը թույլ է տալիս արձանագրել, որ կա ընդհանուր պատկերացում այդ երկխոսության (ԵՏՄ-Չինաստան) կառուցման մասին: «Հիմնական նպատակը մեր երկրների տնտեսվարողների եւ քաղաքացիների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելն է: Համոզված ենք, որ այդ հարաբերությունները ճիշտ կառուցելու պարագայում մեր երկրներում տնտեսական աճը խթանելու լուրջ ներուժ կա», շեշտել է նա:

Նկատի ունենալով ԵՏՄ կառույցի նկատմամբ ավելացող հետաքրքությունը, որի դրսեւորումներից էր Վիետնամի հետ ազատ առեւտրի պայմանագրի կնքումը, ակնհայտ է, որ Չինաստանի հետ նման պայմանագրի կնքումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ միջազգային հարաբերություններում, համարվելով համաշխարհային նշանակության տնտեսական իրադարձություն:

Նախՙ Ռուսաստան-Չինաստան ռազմավարական համագործակցությունը, որը հատկապես ավելի մեծ թափ ստացավ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներից հետո, կարող է օգտակար լինել նաեւ այս երկու պետություններին մոտ գտնվող եւ սերտ առեւտրատնտեսական հարաբերություններ ունեցող երկրների, մասնավորապես մեզ համար :

Բավական է հիշատակել Հայաստանի արտաքին առեւտրի ծավալները վերոնշյալ երկրների հետ եւ փաստը, որ նրանք Հայաստանի առաջին երկու խոշոր առեւտրատնտեսական գործընկերներ են: Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում մեր արտաքին առեւտուրը Ռուսաստանի հետ կազմել է ամբողջ արտաքին առեւտրի ծավալների 24,7 տոկոսը կամ գումարային առումովՙ 246 մլն դոլար, Չինաստանի հետՙ 9,4 տոկոսը կամ 93 մլն դոլար: Ընդ որում, թե ներմուծման, թե հատկապես արտահանման առումով այս երկու երկրների կարեւորությունը Հայաստանի համար դժվար է չտեսնել: Եթե ԵՏՄ միասնական շուկայի միջոցով հնարավոր լինի մեր ապրանքները արտահանել Չինաստան ավելի հեշտացված եւ քիչ ծախսերով, ապա առաջացող հիմնական խնդիրը կդառնա միայն ապրանքների պահանջվող մեծ քանակը:

Երկրորդը, որի մասին խոսել էր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանըՙ տարանցիկ ուղիներին Հայաստանի մասնակցությունը, նույնպես բավականին իրատեսական է: Չինաստանից Հնդկաստանի տարածքով մինչեւ Իրան ապրանքների փոխադրումը քաղաքական ոչ մի խոչընդոտ չունի, առկա են շահավետ տրանսպորտային ուղիներ եւ բացվում են նոր ուղիներ: Դրանցից մեկի մասին հենց այս օրերին հայտարարեցին Հնդկաստանի վարչապետն ու Իրանի նախագահըՙ իրանական Չաբահար նավահանգստի ներդրումային ծրագրի պայմանագրի ստորագրումից հետո: Այն դիտարկվել է որպես Հյուսիս-հարավ փոխադրամիջանցքի կարեւոր կետ, որից կարող են օգտվել Հնդկաստանի, Աֆղանստանի, Իրանի տնտեսվարողները Արեւելյան Եվրոպայի իրենց գործընկերների հետ առետրատնտեսական հարաբերությունների ժամանակ: Այսինքն, Արեւելքն Արեւմուտքին կապող տարբերակների բազամազանությունից օգտվելու հնարավարություն է առաջանում նաեւ Հայաստանի համար: Մեր Հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհը նման հնարավորություն է տալիս ավտոփոխադրողների համար: Եթե Հայաստանի միջոցով անցնող ճանապարհային այս միջանցքը ապացուցի իր շահավետությունը, ապա կմեծանա Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության համար ներդրումներ կատարելու շահագրգռությունը ու այդ նախագիծն, ի վերջո, կյանքի կոչելը:

Երրորդըՙ ԵՏՄ-Չինաստանը նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն ունի եւ մեծ նշանակություն: Այն պետք է դիտարկել ԱՄՆ-Չինաստան եւ Արեւմուտք-Ռուսաստան տնտեսական եւ քաղաքական հակամարտությունների ենթատեքստում: Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության պատճառների մասին թերեւս բոլորս գիտենք, բայց թեժ մրցակցություն գոյություն ունի նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: ԱՄՆ-ն ձգտում է ստեղծել այս տարածաշրջանում ազատ առեւտրի գոտիՙ ուղղված Չինաստանի դեմ: Սրան զուգահեռ ԱՄՆ-ն ձգտում է եվրոպական շուկան կլանել, այսպես կոչված` տրանսատլանտյան ազատ առեւտրի գոտի ստեղծելու միջոցով: Չինաստանի ձգտումըՙ խորացնել համագործակցությունը ԵՏՄ-ի հետ, այս քայլերի պատասխաններից մեկն է, որը համապատասխանում է նաեւ Ռուսաստանի շահերին: Մյուս կողմիցՙ ԵՏՄ-Չինաստան ազատ առեւտրի գոտին եթե ստեղծվի, այն բավականին գրավիչ կարող է լինել Եվրոմիության համար: Դա նաեւ էապես կնվազեցնի ԱՄՆ-ի առաջարկած տրանսատլանտյան ազատ առեւտրի գոտու նշանակությունը ԵՄ երկրների համար, որի մի շարք դրույթներ արդեն իսկ լուրջ դժգոհություններ են առաջացրել այդ երկրներում:

Այսպիսով, միանշանակ է, որ ԵՏՄ-Չինաստան համագործակցության խորացման քաղաքական որոշումն ընդունված է եւ մոտ ապագայում արագ քայլեր են արվելու դրան իրավական ձեւակերպումներ տալու ուղղությամբ: Միանշանակ է նաեւ, որ Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվելու, որոնցից, իհարկե, դեռ պետք է կարողանալ օգտվել :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ