ՀՀԿ-Ն, «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ՀՅԴ-Ն ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ Մ. Խ. Մեկ օր առաջ «Ժառանգության» եւ ՀՅԴ խմբակցությունների անունից Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի նախագահին էին ներկայացրել մի փաստաթուղթ, որի առաջարկները պետք է դառնան հետընտրական զարգացումների վերաբերյալ հրավիրվելիք արտահերթ նիստի` այս քաղաքական ուժերի առաջարկած օրակարգը: ՀՀԿ-ն պետք է դա քննարկի ու իր տեսակետը հայտնի: Այստեղ երեք պահանջ կա` ընտրական օրենսգրքի փոփոխություն, 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 2 տարվա ընթացքումՙ երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու համար սահմանադրական հանրաքվեի անցկացում, վերահսկողական լծակների տրամադրում ընդդիմությանը: Երեկ Ազգային ժողովի նախագահի մոտ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները քննարկում էին արտահերթ նիստի հավանականության եւ այդ առաջարկների հետ կապված հարցեր, սակայն երբ բանակցություններն ավարտվեցին, քննարման մասնակիցները որեւէ բան չասացին այդ քննարկումների բովանդակության մասին: Արմեն Ռուստամյանը նշեց, որ բանակցությունները շարունակվում են, ինքն ուրիշ ասելիք չունի, քանի դեռ բանակցությունները արդյունքի չեն հասել: Համաձայնության հնարավորություն կա երեք կետերի շուրջը, դրանք քննարկվելու են այնքան, մինչեւ եզրահանգման հասնեն: Ռուբիկ Հակոբյանը նույնպես ասելիք դեռ չուներ, ասաց միայն, որ բանակցությունների ընթացքում բացահայտումներ անելը չի նպաստում բանակցությունների նորմալ ընթացքին. «Մենք ամբողջական փաթեթ ենք ներկայացրել զուտ խորհրդարանի գործառույթների շրջանակում»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս արտահոսք չարեց, բայց առաջարկությունները կոշտ անվանեց, նշելով, որ դեռեւս բանավոր զրույցով է լսել դրանք: Բայց ընդհանրապես` հնարավոր էր համարում, որ ընդդիմություն-իշխանություն կկարողանան համաձայնության գալ ոչ թե պաշտոնների բաժանման շուրջը, ինչպես հասարակությունն է մտածում, այլ` որոշակի խնդիրների համատեղ լուծում տալու առումով: Նա նաեւ աբսուրդ համարեց նախագահական ընտրություններից հետո խորհրդարանի լուծարումը. «Խորհրդարանը լուծարվի, որ ինչ լինի: Անցած անգամ 5 տոկոս էին վերցրել` իրենք իրենց տունը քանդո՞ւմ են: Դա մեր թիմի համար ընդունելի չէ, որովհետեւ նախագահական ընտրությունները որեւէ աղերս չունեն խորհրդարանական ընտրությունների հետ, դա որեւէ խնդիր չի լուծի: Ու քաղաքական պայմանավորվածություններն էլ պետք է տարանջատել գործադիրի վերաբերյալ պայմանավորվածությունից` թե ո՞ր ոլորտներում կարող ենք համագործակցել բարեփոխումներ իրականացնելու համար»: Բանակցությունները դեռ շարունակվելու էին: Հ. Գ. Ի դեպ, երեկ լրագրողները նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ԲՀԿ-ն տեղյակ կամ մասնակցո՞ւմ է այդ բանակցություններին: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ խորհրդարանական քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, թե ինչ ֆորմատով անցկացնեն քննարկումները, իրենց հրավիրեն շատ ավելի լայն ֆորմատով քննարկումների, այդ ժամանակ իրենց ասելիքը եւ առաջարկները կներկայացնեն: 100 տոկոս ընտրակարգը ԲՀԿ-ի համար ընդունելի է, արտահերթ խորհրդարանական ընտրություններին Ն. Զոհրաբյանը վերապահումով է վերաբերվում: Էլի ի դեպ` նա անձնապես որեւէ քաղաքական մոտիվացիա չէր տեսնում, որ ԲՀԿ-ն մասնակից լինի խորհրդարանական կոալիցիային: |