ԶԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Նախագահ Սարգսյանը Սերժ Թանգյանին պատասխանելով` ասել էր. «Հայաստանը պետք է զգալ»` նկատի ունի ենթատեքստում, որ դրսից անհնար է զգալ այնպես, ինչպես ներսի քաղաքացին է զգում: Այս խոսքն, հարկե, երկսայրի է, քանի որ ներսի քաղաքացու զգացողությունը հենց ներսինները միշտ բացատրել են ամեն մեկն իր ձեւով, ներսինների մի զգալի մասի զգացողությունը նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին տված ձայների տոկոսում է: Ու որ ասում է, թե` այո, «ժամանակն է փոփոխության, ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել, կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ, ու հետեւողականորեն, որ բացճակատ գոռանք` ազատություն, մենք ազատ ենք», դա նախ պետք է վերաբերի իր թիմին: Զգալու համար շատ բան է պետք, առաջին հերթինՙ տեղերի իրական պատկերն առաջին ձեռքից եւ ոչ թե սվաղած տեղեկություններ, որ հավանաբար հասցնում են նախագահին նրա կողմնակիցները, երեւի նախ սեփական շահը հետապնդելով: Տեսնես նա գիտե՞, թե ովքեր են իրականում տեղերում, ամենաստորին օղակներում համակարգում կուսակցական աշխատանքը, ինչո՞ւ են մեծ մասամբ դա անում ոչ թե մտավորականներ ու կրթված մարդիկ, այլ տեղական խանութպաններն ու վեցերորդ դասարանի կրթությամբ ինչ-որ կասկածելի տղաներ, որոնց առկայությունը նեղացնում է մտավորական շերտին (չէ, սխալ չհասկանաք, խանութպան լինելն ամենեւին էլ վիրավորական չէ, սակայն խանութի օրենքներով ղեկավարվող կուսակցականն է վիրավորական), եւ այդ զգացողության առկայության մասին իմանալը սկզբունքորեն պետք է կարեւոր լիներ նախագահի համար: Այդ մարդկանց ու նրանց «տիդիրիթների» հետ շփվող ընտրողն է հենց վերցրել ու գնացել-ընտրել միգուցե Րաֆֆուն, քանի որ վիրավորական է, երբ ցուցակը ձեռքին կիսագրագետ մարդկանց են ուղարկում տները, թե` սոցհարցում ենք անում, իրականում հարցման թղթի վերջին տողի բացահայտ հարցը պարզելն է գլխավոր` ընտրելո՞ւ է արդյոք ՀՀԿ նախագահին: Հիմա ուրեմն ի՞նչ է զգում նախագահ Սարգսյանը` Հայաստանի զգալը նկատի առնելով: Զգո՞ւմ է արդյոք, որ վերից վար կուսակցականացված կառավարումը անարդարության ամենավառ դրսեւորումներից մեկն է, ու ինչո՞ւ է պարտավոր Հայաստանն ունենալ ՀՀԿ փոխնախագահ-նախարար, որը հաճախ իր պարտականությունների առումով կուսակցական ու պրոֆեսիոնալ երկվության մեջ է հայտնվում իրենից անկախ: Տարանջատել է պետք վերջապես` կուսակցական բարձրաստիճանը թող կուսակցական գործերով զբաղվի, պատգամավոր լինի (սա, այո, քաղաքական գործունեության տիրույթ է), իսկ նախարար դառնալուց հետո գոնե առժամանակ մոռանա իր կուսակցական պատկանելությունը; Զգո՞ւմ է (իսկ նրա ասածները հույս են տալիս, որ զգո՛ւմ է), որ պետք է սկսել նախ իր շրջապատից, ինչը չկարողացավ անել խորհրդարանական ընտրություններին, ու այնտեղ տեղերը գծվեցին հենց ըստ նույն` ՀՀԿ ներսի ազդեցության ոլորտների, ներս անցան ե՛ւ օլիգարխներ, ե՛ւ մականունավորներ, եւ օրենսդիր աշխատանքի անպատրաստ մարդիկ: Անգամ մեկ օր առաջ գտնվեց պատգամավոր, որ փոխանակ իր առօրյա քաղաքական, օրենսդրական գործունեությամբ զբաղվի, պատգամավորական հայտարարության ժամանակ պաշտպանել սկսեց իր տարածքի մարզպետին կամ օլիգարխին: Ու առհասարակ` խորհրդարանի դեմքերի մեծ մասին նայելով` ազգի հույսը մեռնում է, սովորական մարդը պարուրվում է դիսկոմֆորտի զգացումով: Զգո՞ւմ է արդյոք, որ վաղուց ժամանակն է Հայաստանի տնտեսական զարգացման նվազ արդյունքի արդար վերաբաշխումը` արձանագրված աճի բարիքները կրկին վերաբաշխվում են ընդամենը ոլորտները մենաշնորհած օլիգարխների միջեւ, ու սովորական մարդու համբերությունն ու արդարության սպասումը կարող են սպառվել: Զգո՞ւմ է արդյոք, որ այս անգամ սովորական «ռակիրովկաները» բացարձակապես անընդունելի են, եւ եթե վերջապես իրական բարեփոխումներ չսկսի, չազատվի բոլոր, բացառապես բոլո՛ր վարկաբեկված դեմքերից, ընդդիմությունն այժմ արդեն ռեսուրս ունի ուղղորդելու հանրային տրամադրությունները. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մանրամասները 1998 թվականին ոչ միայն հասարակությունը, այլեւ նախագահ Սարգսյանն ինքն է հիշում: Ու այս անգամ այնպես չէ, որ ՀՀԿ-ն հաղթել է, ուրեմն «արխային» պետք է շարունակել նախկինի պես ընդարմ` իր հաղթանակի պտուղների վայելումը: Ընդհակառակը, այս ընտրությունները փաստեցին, թե վերջ այլեւս հանգիստ կյանքին, ու ամեն օր նախագահ Սարգսյանը մի բան փոխելով միայն կարող է 58 տոկոսի գծած սահմանը պահել. բայց չէ՞ որ իշխող կուսակցության բոլոր անդամները չեն, որ սովոր են աշխատել, համենայն դեպս` աշխատել երկրի համար եւ ոչ թե սեփական գրպանի: Ու ասածը վերաբերում է հաճախ ՀՀԿ-ի առանցքային դեմքերին: Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանն այնպես զգալ Հայաստանը, որ բացի շնչելու օդը սովորական հայ մարդու համար, ու դա անի ոչ թե գեղեցիկ խոսքով միայն, այլ կյանքում` օլիգարխների զբաղեցրած տեղից ազատելով նաեւ հասարակ քաղաքացու համար: Եվ արդյոք այն խոսքերը, որ դրված էին երիտասարդ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարության մեջ, թե «երեկոյան իրար բերանից հայրենասիրական ճառեր ու կենացներ թռցնելու, իսկ կեսօրին այդ նույն Հայրենիքի ապագան գողանալու գործելաոճի ժամանակն անցել է, եւ սա բոլորիս Հայաստանն է», պատահականությո՞ւն են, թե՞ վերեւից ուղարկված մեսիջ: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են, օրինակ, քաղաքապետի կամ վարչապետի պաշտոնի համար շրջանառվում նորից անվանարկված մարդկանց անուններ, եւ արդյոք Սերժ Սարգսյանը ի վերջո չի՞ մտածի երկրի ղեկավար դեմքն արմատապես կարգի բերելու մասին: Ի դեպ, հենց նույն Սերժ Թանգյանը չի ալարել (մամուլում տեղեկություն կար, որ այս նամակները Թանգյանի անունից գրում է «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը) եւ մի նոր նամակ է ուղղել նախագահ Սարգսյանին` վերստին նրա ուշադրությունը հրավիրելով, որ Հայաստանում բողոքում են ընտրությունների արդյունքների եւ քաղաքականության մեջ առկա անարդարությունների դեմ, խնդրելով լսել նրանց բողոքները, եւ առհասարակ` համակարգը բարեփոխել: |