ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնն այս տարի կմեկնարկի մարտի 2-ից եւ կտեւի մինչեւ մարտի 11-ը: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2013 թ. հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի, որին այս տարի միացել է նաեւ փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին` «Ակվարիում» ֆիլմով: Անդրեաս Առնոլդի այս ֆիլմը արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում եւ BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: Բոլոր ֆիլմերը, որոնք կցուցադրվեն փառատոնի շրջանակում, հանրությունը հնարավորություն ունի դիտելու «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում: Մարտի 2-ին Fish tank ֆիլմը, մարտի 3` Salmon fishing in the Yemen, մարտի 4` You՛ve been trumped, մարտի 5` Blacկ pound, մարտի 6` Grabbers, մարտի 7` The end of the line, մարտի 8` Village at the end of the world, մարտի 9` Tsunami: anatomy of a disaster, մարտի 10` Just do it, մարտի 11` Film+H2O: Ֆիլմերը անգլերեն լեզվով կցուցադրվեն ժամը 16:00, իսկ հայերեն տողատակերով` 18:00: Նշենք, որ վերջին տարիներին արտադրված բրիտանական ֆիլմերի այդ ցուցադրությունից բացի կազմակերպվելու են դասընթացներ եւ մրցույթներ: Մարտի 11-15-ը ֆիլմերը կցուցադրվեն նաեւ ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ՀՄՊՀ-ում, ՀՊՃՀ-ում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ընդծեց. «Այս տարի փառատոնը կշրջի նաեւ երեք մարզերում` Աշտարակում, Հրազդանում եւ Գորիսում, ինչպես նաեւ զորամասերում: Ծրագրում ներկայացված են 9 ֆիլմ, որոնք հիմնականում նվիրված են ջրային թեմաներին»: Անդրադառնալով Բրիտանական խորհրդի հայտարարած «Ֆիլմ+H2O» կինո-մրցույթին, Ա. Սարիբեկյանն ասաց. «Մրցույթի նպատակն է ֆիլմի միջոցով բարձրաձայնել հասարակությունում ջրի հետ կապված առկա խնդիրները: «Ֆիլմ+H2O» կինո-մրցույթին ներկայացված ֆիլմերից ութը համապատասխանել են ներկայացված պահանջներին, որոնք տեղադրված են Յութուբում եւ մեր պաշտոնական կայքում: Հանրությունը հնարավորություն կունենա դիտելու դրանք եւ ընտրելու լավագույնը: Այն ֆիլմը, որը կհավաքի ամենաշատ ձայնը, կստանա հատուկ մրցանակ: Ինչպես նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար կտրվեն մրցանակներ»: Նշենք, որ մրցութային ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, որտեղ էլ Բրիտանական խորհուրդն ու ԱրմենՏել ՓԲԸ-ն կպարգեւատրեն լավագույն հեղինակներին: Իսկ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կցուցադրվի Ալֆրեդ Հիչքոքի «Կենվորը» ֆիլմըՙ փառատոնի հետահայաց խորագրի ներքո, որից հետո տեղի կունենա քննարկում եւ վարպետաց դաս, որը կվարի կինոքննադատ Յան Հեյդն Սմիթը: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը նկատեց, որ յուրաքանչյուր տարի փառատոնը էլ ավելի լավն է դառնում, սակայն այս տարին յուրահատուկ է թեմատիկ առումով. «Շատ կարեւոր է, որ երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ կարողանա օգտագործել մաքուր ջուր: Իսկ այժմ կան երկրներ, որտեղ ջուրը կարող է կոնֆլիկտների առիթ հանդիսանալ: Եթե փառատոնը կարողանա ուշադրությունը սեւեռել ջրային այդ խնդրի վրա` որպես համագործակցության եւ զարգացման հնարավորություն, ինչպես նաեւ ջուրն արդար բաշխված լինի բնակչության շրջանում եւ մենք կարողանանք խուսափել կոնֆլիկտներից, ապա դա հրաշալի կլինի»,- եւ ավելացրեց. «Ինձ դուր է գալիս նաեւ փառատոնի ծրագիրը, որը բացի ֆիլմերի ցուցադրումից, բազմաթիվ այլ ծրագրեր է իրականացնում»: Ընդգծենք, որ փառատոնի հատուկ հյուրն է Միացյալ Թագավորությունից Յան Հեյդն Սմիթը, որ 2007-ից Միջազգային կինոուղեցույցի (International Film Guide) խմբագիրն է: Գրել է բազմաթիվ հրատարակությունների համար, հաճախ հանդես է եկել հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Reuter՚s լրատվական գործակալությունում 11 տարի աշխատելուց հետո 2006-ից սկսյալ ազատ հեղինակ եւ խմբագիր է եղել: Գրել է Time Out, Vertigo, Electric Sheep եւ Sight and Sound պարբերականների համար: Նաեւ «24 կադր» շարքի (24 Frames) խմբագիրն է: Համադրում եւ վարում է The Screen Salon-ը, որն ամսական կինոֆորում է Լոնդոնի կինոթատրոններում եւ հանդիսատեսներին կինոմշակույթն ուսումնասիրելու առիթ է ընձեռում: Նշենք, որ Յան Հեյդն Սմիթը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աջակցությամբ մարտի 3-11-ը կանցկացնի կինոգրախոսականի դասընթաց: |