ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՐԱՖՖԻՆ ԿՏԱ «ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ» ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Աստված տա, որ դուք մեզ առաջնորդեք»: Մինչ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակ էր բարձրանում, դիմացը կանգնած մի քանի տարեցներ անընդհատ բղավում էին ու դրոշները թափահարում: Հետո նրանք վարդերի մի հսկայական փունջ նվիրեցին Հովհաննիսյանինՙ ցանկությամբ, որ նա օր առաջ ղեկավարի երկիրը: «Նոր Հայաստան է եկել, իշխանությունները դա հասկացել են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին մի քանի օրվա մարզային այցելությունների ժամանակՙ համոզվել», հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՙ հարցնելով հավաքված բազմությանըՙ «Հզոր քայլերով գնում ենք դեպի հաղթանակ, չէ՞», «Բարեւի հեղափոխություն ենք անում, չէ՞», ինչին բազմությունը պատասխանում էր «հաղթանակ» վանկարկումներով: Այնուհետեւ հանրահավաքին միացան բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը: Սեւազգեստ մայրերը բարձրացրել էին իրենց որդիների լուսանկարներըՙ հայտարարությամբ, որ սատարում են Հովհաննիսյանին: Րաֆֆին հարթակից իջավ, գրկեց ու համբուրեց նրանցՙ հավաստիացնելով, որ արդարությունը վերականգնվելու է: «Բարեւի» հանրահավաքին երեկ միացավ երգիչ Ռուբեն Հախվերդյանը : Անահիտ Բախշյանը հիշեցրեց քաղաքական սպանությունները, որոնք տեղի են ունեցել երեք նախագահների օրոք, հավելելով, որ նման բան չպետք է կրկնվի, ու Հայաստանը պետք է դառնա օրենքի երկիր: Քաղաքացիական եւ մարդկային պարտքից ելնելովՙ Ստեփանակերտից Երեւան է եկել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը : Նա կոչ արեց համախմբվել եւ միանալ հայրենիքի փրկությանը, քանի որ «Բարեւի» հեղափոխության մեկնարկը տրված է ոչ միայն Հայաստանում, այլեւ Փարիզում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում: Իսկ մոտակա օրերին բողոքի ակցիաներ կանցկացվեն նաեւ եվրոպական այլ քաղաքներում: «Ես քաղաքական գործիչ չեմ ու չեմ կարող վերլուծություններ կատարել, ես նաեւ գիտակցում եմ, որ դժբախտություն է, երբ արվեստի մարդը մտնում է քաղաքականություն կամ հակառակն է տեղի ունենում, սակայն պահն է թելադրում», Ազատության հրապարակից երեկ հայտարարեց Փարիզից ժամանած դերասան Վարդան Պետրոսյանը : Դերասանը խոստովանում է, որ չէր հավատում ժողովրդի ակտիվությանը: «Կարծում էիՙ ժողովուրդն անտարբեր է, հիասթափված, եւ այլեւս ոչնչի չի հավատում: Բայց ես սխալվում էի: Ժողովուրդը ոտքի կանգնեց: Ոտքի կանգնեց հենց արցախյան շարժման 25-ամյակի օրերին: Շարժումը նշվում է շարժմամբ, եւ շարժմամբ ենք մաքրագործվում: Սա ինքնամաքրման շարժում է եւ հաղթանակի սկիզբն է: Ես վստահ եմ, որ մարտի մեկ չի լինելու, բռնություն չի լինելու, հավատացե՛ք, որ հաղթանակ լինելու է, քանի որ շարժումը դեգրադացնել ու կասեցնել ցանկացողները չեն հասկանում, թե ինչ է կատարվում եւ ինչ պետք է անեն»: Իր ելույթը Րաֆֆին սկսեց սումգայիթյան զոհերի հիշատակը հարգելու մեկ րոպե լռությամբ: «Նրանք ովքեր չեն հասկացել իմ խոսքերը, կրկնում եմՙ այլեւս ոչ մի «զադնայա սկորոստ»: Ով ճնշի ուսանողին, ով սպառնա աշխատանքից հեռացնելով կամ այլ ճմշումներով, պետք է դատապարտվի եւ արժանանա ժողովրդի դատավարությանը: Կուսակցականացված են ռեկտորատներն ու ուսխորհուրդները: Մեր կրթությունն օգտագործում են կուսակցականացման համար: Նախ եւ առաջ կուսակցականացված է համալսարանը, եւ ՀՀ երրորդ նախագահը պետք է դուրս գա համալսարանից: Ապրիլի 9-ից նա այլեւս գործող նախագահ չէ, եւ մենք միասին կքննարկենքՙ եթե նա հարմար թեկնածու է, ապա կմնա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի պաշտոնում: Նա պետք է առաջինն օրինակ ծառայիՙ ինքնաբացարկ հայտնի ԵՊՀ-ից, հետոՙ Բաղրամյան 26-ից: Նրա օրինակին պետք է հետեւեն մարզպետներն ու գյուղապետները, ովքեր փետրվարի 18-ին սպառնացել են, ճնշել ու կեղծել են ընտրությունները: Լիսկայից սկսած մինչեւ ամենավերջին գյուղապետը: Նրանք պետք է ժողովրդին պատասխան տան»: Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր հարցերը մտադիր է քննարկել ժողովրդի հետ: Նա հավելեց, որ կլինեն հարցեր, որոնց շուրջը, գուցե ծագի անհամաձայնություն: «Այդ ժամանակ ես կիջնեմ ձեզ մոտ եւ, ինչպես հավասարը հավասարի, կքննարկենք հարցերը: Առողջ բանավեճով մենք պետք է գնանք դեպի հաղթանակ: Դուք պատրա՞ստ եք ինձ հետ պայքարել հանուն այդ հաղթանակի, եթե անգամ դրա համար պահանջվի մեկ ամիս կամ մեկ տարի», հարցրեց Րաֆֆին ժողովրդին: Ժողովուրդն ասաց. «Այո՛, բայց մեկ տարին շատ է, մեկ ամսում հարցերը լուծենք»: Րաֆֆին հավելեց, որ մինչեւ մարտի 2-ը ժամանակ ունենՙ դիմել Սահմանադրական դատարան, թեՙ ոչ: Իսկ այսօրՙ ժամը 12-ին «Ժառանգության» առաջնորդը Ազատության հրապարակում մամուլի ասուլիս կհրավիրի, այնուհետեւ կմասնակցեն Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցող երթին եւ կհարգեն մարտի մեկի 10 զոհերի հիշատակը, կհաջորդի հոգեհանգիստը Սուրբ Սարգիս եկեղեցում: Իսկ մարտի 2-ին ժամը 5-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Բարեւի հաղթահավաք», որտեղ Րաֆֆին խոստացավ տալ բոլոր հարցերի պատասխանն ու ներկայացնել մարտ ամսվա գործերի ծրագիրը: |