ՍԻՐՈՒՆ ԵՐԵՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ Հ. Ծ. Մտասեւեռուն դեմքերը, հին սուրբ գրքերն եւ թրթռուն կենդանիները մի քանիսն են այն պատկերների, որ ներկայացված են ճանաչված ամերիկահայ նկարչուհի Սիրուն Երեցյանի կտավներում, որոնք հունվարի 25-ին եւ 26-ին ցուցադրված էին Կանոգա պարկի (Կալիֆոռնիա) «ՀԲԸՄ-ԱՅԱ Նազարյան կենտրոնում», տեղեկացնում է ՀԲԸՄ-ի նյույորքյան գրասենյակից ստացված հաղորդագրությունը: ՀԲԸՄ-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ հնչել են բազմաթիվ գովասանական խոսքեր նկարչուհու հասցեին: «Սիրունը ավելի քան 20 տարի է, ինչ մեր համայնքի անդամներից է եւ Գլենդեյլում «Ռոսլին» արվեստի պատկերասրահի սեփականատեր: Վաղամեռիկ ամուսնուՙ Հարութի հետ, որ ՀԲԸՄ-ի «Արտավազդ» թատրոնի հանձնախմբի անդամ էր, նվիրված են եղել արվեստին», նշել է ցուցահանդեսի կուրատոր եւ ՀԲԸՄ-ի լոսանջելեսյան մասնաճյուղի մշակութային ծրագրերի վարիչ Մարալ Ոսկյանը : Սիրունի ոճը ինքնուրույն է, ոգեշնչված իր պապենական հայրենիքի, ծննդավայր Լիբանանի եւ ներկայիս բնակավայր Հարավային Կալիֆոռնիայի մոտիվներով: Կրթություն է ստացել Բեյրութի ՀԲԸՄ-ի Դարուհի Հակոբյան վարժարանում, երաժշտանոցում, համալսարանական քոլեջում եւ վերջերս նաեւ Կալիֆոռնիայում արվեստի եւ դիզայնի Օտիս քոլեջում: Նրա մասին եգիպտահայ անվանի նկարիչ Բյուզանդ Կոճամանյանն ասել է. «Նա մեր օրերի Պիկասոն է»: Ցուցահանդեսին ներկայացված կտավներից է եղել «Լուսավորում» շարքի «Այբուբենի շքեղությունը» նկարը: Հանդիսության ընթացքում այցելուները բացի կտավներից, ծանոթացել են նաեւ Սիրունի հեղինակած երկու գրքերը, մեկըՙ տեսողական արվեստի, իսկ մյուսըՙ բանաստեղծությունների հավաքածուն: Նրա մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել «www.seeroonart.com» կայքը: |