ՃԱՊՈՆԻԱՅԻ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հյուրընկալվել են Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հեդեիտո Իտոն եւ այդ կազմակերպության մենեջեր Տացուրո Մացումուրան: Նրանց Հայաստան էր ուղեկցել մեր անվանի նախկին մարզիչներից մեկը` Արարատ Զաքարյանը, որն այժմ բնակվում եւ աշխատում է Մոսկվայում: Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակ դրել Եղեռնի զոհերի հուշահամալիրում, ապա այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, մանրամասն ուսումնասիրել են սահադաշտը եւ մեծ տպավորություն ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը եւ մանավանդ «արագ սառույցը»: Առաջիկայում Ճապոնիան մարզաձեւի մեծ պատվիրակություն կուղարկի Հայաստան: Գեղասահորդներից բացի Երեւան կժամանեն նաեւ մարզական գիտաբժշկական խմբեր եւ լրագրողներ: Նրանց կարծիքով Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարեւորում են եւ այն, որ ընդամենը 1-1,5 ժամում Երեւանից կարող են հասնել ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ Գաբրիել Ղազարյանը հյուրերին հավաստիացրեց, որ օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը կաջակցի եւ կնպաստի Ճապոնիայի մարզիկների պարապմունքները լավագույն ձեւով կազմակերպելուն: Ինչ խոսք, ճապոնացի հեղինակավոր մարզիկ-մարզուհիների հետ կպարապեն նաեւ Հայաստանի առաջատար եւ հեռանկարային գեղասահորդները: |