RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1461, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԳՈՒՑԵ Ռ. ՑԱՐՆԻԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ

պատրաստեց` Հ. Ծ.

«Ֆորին Պոլիսի Ջոռնըլ» պարբերականում Ջո Ջիամբրոնեն բավական ընդարձակ հոդված է հրատարակել, որտեղ հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ Բոստոնի ահաբեկչության կասկածյալների հորեղբոր հարցով չի հետաքրքրվում Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ): Որովհետեւ նա աշխատակցե՞լ է պետքարտուղարության եւ Կենտրոնական հետախուզական վարչության հետ USAID-ի կովկասյան տարածաշրջանի գործունեության առնչությամբ: Թե՞ որովհետեւ նա ժամանակին ամուսնացած է եղել ԿՀՎ-ի բարձրաստիճան մի պաշտոնյայի դստեր հետ: Որովհետեւ այդ բարձրաստիճան անձնավորությունըՙ Գրեհեմ Ֆուլերը ներգրավվա՞ծ է «իսլամ ծայրահեղականների» գործունեության մեջ: Թե՞ որովհետեւ Ֆուլերը ԿՀՎ-ի շտաբի ղեկավարն է եղել Քաբուլում (Աֆղանստանում), կամ որովհետեւ 20 տարի ծառայել է արտգործնախարարությունում, հիմնականում արաբական երկրների բաժնում (Թուրքիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Հյուսիսային Եմեն եւ այլն):

Ինչ էլ լինի պատճառը, Ջիամբրոնեն գտնում է, որ ՀԴԲ-ն պարտավոր էր հետաքրքրվել Ռուսլան Ցարնիի 1995-ին ստեղծած փոքրիկ կազմակերպությամբ, որի անունն է «Չեչեն միջազգային կազմակերպությունների կոնգրես»: Ինչո՞ւ: Որովհետեւ USAID-ի համար նրա աշխատանքը եւ ԿՀՎ-ի հետ սերտ կապերը ստիպում են մեզ ավելի մոտիկից ծանոթանալ նրա անձնական գործունեությանը: USAID-ին երկար ժամանակ կապ է ունեցել ԿՀՎ-ի հետ, եւ եթե դա մի ժամանակ «խիստ գաղտնի» մակագրության տակ էր պահվում, ապա այժմ այդպես չէ:

Ավելին, Բլումբերգը պարզել է, որ նա «իրավախորհրդատու է եղել USAID-ի հետ պայմանագիր կնքած ամերիկյան մի ընկերության մոտ, որը տնտեսական օգնության ծրագիր է իրականացրել Ղրղզստանում»: Իսկ Դանիել Հոպսիկերը բացահայտել է, որ Ղազախստանի նավթադաշտերից մեծապես օգտվել է, կապ ունենալով «Հալիբըրտոն» ընկերության հետ (նա այդ ընկերության կապալառուն է եղել):

Մի՞թե զուգադիպություններն այդ մեկ անձի շուրջը բավական շատ չեն, որ մենք ավելի լուրջ ուշադրություն դարձնենք նրան: Վերջերս Ղազախստանից երկու ուսանողների մեղադրանք ներկայացրին, թե իբր Ջոհար Ցարնաեւի հետ կապված հետքերը «ոչնչացնում» են: Հարց է առաջանում, շարունակում է լրագրողը, «ոչնչացնո՞ւմ» էին, թե՞ նորանոր փաստեր «թողնում» այնտեղ: Կարծես թե լավ չեն «ոչնչացրել» ամեն ինչ: Ի՞նչը պիտի դրդեր այդ «ընկերներին» խառնվելու նման մեծ ահաբեկչության գործերին: Անկեղծ ասած, անսովոր, արտակարգ է թվում նման գործելակերպը:

Ամերիկյան մամուլը լուռ է մնում Ֆուլեր-Ցարնի/Ցարնաեւ կապի մասին: Մինչդեռ նրա անունը ոչ միայն կապվում է Ցարնաեւների կլանի հետ (ամուսնական կապի միջոցով), այլեւ նրա տան հասցեն կապվում է անմիջականորեն վերոնշյալ չեչեն կազմակերպության հետ:

«Չեչեն միջազգային կազմակերպությունների կոնգրեսը», ըստ Հոպսիկերի, 1996-ին բարեգործության անվան ներքո օժանդակել է ոմն Շեյխ Ֆաթհիի, որ «օգնություն» ձեռք բերի չեչեն ազատամարտիկների համար: Դրանից մի քանի տարի անց մենք ականատես եղանք 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններին:

«Շեյխ Ֆաթհին այն գլխավոր օղակներից մեկն էր, որը նյութական օժանակություն էր ցուցաբերել չեչեն ապստամբներին», կարդում ենք Ֆիցջերալդի մեղադրական արձանագրության մեջ: Այն ուղղված էր ընդդեմ «Միջազգային բարեգործություն» (Benevolence International) հաստատության, որը հետագայում փակվեց «ահաբեկիչներին ֆինանսավորելու» հիման վրա:

Մյուս կողմիցՙ միջազգային մեկ ուրիշ զգուշացում մենք տեսնում ենք Թամեռլանի առնչությամբ: 2012-ին Սաուդյան Արաբիայի մի պաշտոնական անձնավորություն անգլիական «Դեյլի մեյլ» պարբերականին ասել էր, որ Մեքքա ուխտագնացության մեկնելու Թամեռլանի խնդրանքը իրենք մերժել են:

Իսրայելի հետախուզական կայքի տվյալներով կամ կարծիքով երկու եղբայրները (կամ դրանցից ավագը) «հավաքագրված» են եղել Միացյալ Նահանգների հետախուզության կողմից եւ հետո իրենց «հավաքագրող տերերի» դեմ են դուրս եկել հանուն ջիհադի:

Ըստ լրագրող Ջիամբրոնեիՙ ռուսական «Իզվեստիան» նույնպես համաձայն է վերոնշվածին, հատկապես այն մասով, որ ահաբեկիչները «հավաքագրված» են եղել հենց իրենցՙ ամերիկյան հետախուզության կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ