ԱՐԳԵԼՔԻ ԿՈՉԵՐ ԱՆՈՂ ՄԵՐ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ «Անուշ» օպերայի վերջին բեմադրության վերաբերյալ հայ արվեստագետներիՙ ՀՀ նախագահին հղած բաց նամակի առթիվ (*) «Անուշ» օպերա բառակապակցությունը մեզանում հայտնի պատճառներով զուգորդվում է ազգային ծեծված խորհրդանիշների հետ, իրենից ավելի զբոսաշրջիկային հետաքրքրություն ներկայացնող մի արժեքի, որը տասնամյակներ ի վեր դարձել է «Գառնի-Գեղարդ-Սեւանա լիճ-դուդուկ-ծիրան» պարտադիր ծրագրի անբաժան մաս: «Անուշն» այդ «թանգարանային փոշեպատ» ազգային բրենդի վիճակից դուրս բերելու մի փորձ էր Սունդուկյան թատրոնում չորս անգամ ներկայացված օպերայի նոր բեմադրությունը, որն իրականացրել էր ֆրանսահայ բեմադրիչ եւ դերասան Սերժ Ավետիքյանը: Այն, ինչպես գիտենք, մեր արվեստագետների շրջանում առաջ բերեց ոչ միայն իրարամերժ կարծիքներ, այլեւ պետք եղածից ավելի, ոչ համարժեք բուռն քննադատություն եւ կատարյալ մերժում: Իրականում նույն «Անուշ» օպերան ընդամենը օպերային բեմի փոխարեն ներկայացվել էր դրամատիկական թատրոնի բեմում, կամերային գործիքավորմամբ, մեկ արարով, մեզ սովոր բեմական եւ հագուստների ձեւավորումներն ավանդական-ազգագրականի փոխարեն տրվել էին զուսպ, մինիմալիստական լուծումներով, բոլոր դերակատարները ոտաբոբիկ էին, ներմուծվել էին ոչ ավանդական պարեր, որոշ ֆրազներ ոչ թե երգվում էին, այլ արտասանվում, իսկ խմբերգերն էլ համապատասխանաբար մեզ ծանոթ օպերային ոճի փոխարեն կամերային էին: Ոչ մի մեղանչում սյուժեի, կերպարների, ստեղծագործության գաղափարական բովանդակության դեմ, ինչպես համաշխարհային պրակտիկայում բազմիցս է կատարվել դասական երկերի ամենատարբեր մեկնաբանությունների ժամանակ: Ընդամենը մի փորձ (մեր կարծիքովՙ միանգամայն հաջողված)ՙ իր առավելություններով եւ շտկելի թերություններով (օրինակ, մեզ համար բացարձակ անընդունելի էր զգեստների անհամասեռությունը. աղջիկների հունական ոճի հագուստներին անհարիր էր տղամարդկանց փափախները): Նույն գեղեցիկ, մեր հոգուն այնքան հոգեհարազատ երաժշտությունը, միայն թեՙ ոչ սիմֆոնիկ նվագախմբային հնչողությամբ, նոր, երիտասարդ ձայներ (հայտնություն էր հատկապես Սարոյի դերակատար Լիպարիտ Ավետիսյանը), գեղջուկ-գեղջկուհիների դրվագային, սակայն աչքի ընկնող կերպարներ («Հովեր» կամերային երգչախմբի անդամների ներկայացմամբ), որոնց վառ թատերայնությունը երիտասարդական թարմություն ու ավյուն էր հաղորդում դրամատիկ պատումին: Անշուշտ, այս բեմադրությունը չէր նայվի եւ չէր հնչի օպերայի եւ բալետի թատրոնում, մինչդեռ Սունդուկյանի անվան թատրոնում այն միանգամայն բնական էր եւ համոզիչ: Իսկ ինչո՞ւ չունենալ մի հատ էլ այլընտրանքային «Անուշ»ՙ ոչ միայն զբոսաշրջիկների եւ հայ դասական արվեստը ստատիկ վիճակում նախընտրողների համար: Դասական երկերի նոր մեկնաբանություններն, անշուշտ, միանշանակ չեն ընկալվում: (Անգամ մեր օպերային բեմում Տիգրան Լեւոնյանիՙ 1990-ականներին կեսին նույնպես որոշ նորարարություններով ներկայացված «Անուշը» դարձյալ քննադատվեց): Պահպանողական եւ արդիական մտածողության բախումները նման դեպքերում գրեթե անխուսափելի են: Սակայն Ս. Ավետիքյանի բեմադրությունը շատերի կողմից պարզապես սվինների վրա ընդունվեց, եղան չափազանց ագրեսիվ արձագանքներ: Բանը հասավ նրան, որ մեր մշակույթի մի խումբ հարգարժան եւ վաստակավոր գործիչներ (թվովՙ 16 հոգի) այս բեմադրության վերաբերյալ բաց նամակ հղեցին ոչ ավել, ոչ պակասՙ հանրապետության նախագահին (գոնեՙ մշակույթի նախարարի՜ն): Կարծես հանրապետությունում ամեն ինչ կարգին է, եւ մնացել է միայն փրկել «Անուշ» օպերայի պատիվը : Այս անտեղի աղմուկը թերեւս չէր լինի, եթե չլինեին հետեւյալ հանգամանքներըՙ եթե բեմադրությունը վերնագրվեր ոչ թե «Ա. Տիգրանյան, «Անուշ», այլՙ «Անուշ» (ըստ Ա. Տիգրանյանի)», որպեսզի հանդիսատեսը նախօրոք իմանար, որ ինքը դիտելու է իրեն ծանոթ գործից մի փոքր տարբեր ստեղծագործություն, եթե Սերժ Ավետիքյանը մի հարցազրույցում մեր օպերայի եւ բալետի թատրոնը չորակեր «օձերի բույն» (նրա հավաստմամբՙ «Անուշը» դասական օպերա չէ, ուստի պետք էլ չէ այն ներկայացնել «օձերի բնում»): Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ֆրանսահայ բեմադրիչը սուսուփուս իր մեկնաբանությունը կատարերՙ առանց բարձրաձայնելու իր կարծիքը Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի մասին, որն, անշուշտ, առանց դրա էլ մեր ազգի մեջ արմատավորված եւ մեծ չարիքներ գործող նախանձի պատճառով հաշտ աչքով չէր նայի այլընտրանքային օպերային, եւ հատկապես այն փաստին, որ բեմադրությունը ծրագրվում է ցուցադրել նաեւ Փարիզում: Բայց ահա Ս. Ավետիքյանի այս անզգույշ արտահայտությունը ոմանց խառնեց իրար, եւ հիմա, երբ այն այլեւս չի ներկայացվելու Երեւանում, նրանց մնում է բանը հասցնել մինչեւ «դիվանբաշուն»ՙ խնդրելով բարձրագույն մակարդակով «արգելել այս ներկայացման «արտահանումը» արտասահման: Թույլ չտանք, որ նմաններն իրենց տգիտության համար վրեժխնդրության առարկա դարձնեն մեր մշակույթի գոհարները»: Արգելե՜լ... ցավալի է, որ մեր արվեստագետները սովոր են իրենց ճաշակին եւ գեղագիտությանն անհարիր ամեն ինչ արգելել տալ, այն էլՙ պետական ամենաբարձր աստիճանով... Աշխարհի բոլոր ժողովուրդներն իրենց մշակույթի գոհարները նորովի են մեկնաբանում, իսկ մեզ մոտ ամեն ինչ դեռ մնում է քարացած վիճակում: Գրականության եւ արվեստի գրեթե բոլոր ստեղծագործություններն էլ ենթարկվել են մեծ ու փոքր, առավել կամ հաջող եւ անգամՙ ձախորդ փորձարարությունների: Ամեն մի նոր բեմադրությունում կատարվում են հարկի եւ անհարկի փոփոխություններ, հանգեցնում ծայրահեղությունների, կերպարները գլխիվայր շուռ տալիս, օժտում նոր, անհարիր հատկանիշներով, եւ երբեմն բնագրից ոչինչ չի մնում... Նման բաներ, համենայն դեպս, փառք Աստծո, չկային Ավետիքյանի բեմադրության մեջ: Ի՞նչ խեղաթյուրման մասին է խոսքը: Լավ, հերոսների հագուստները եւ տղաների պարերը հայ ավանդական չեն, սակայն խորթ չէին բեմադրության ընդհանուր ոգուն: Խեղաթյուրումը մի քանի տարի առաջ «Գայանե» բալետիՙ Չեխիայում կատարված բեմադրությունն էր, որտեղ Խաչատրյանի ստեղծագործությունն իբրեւ նորովի էին մեկնաբանելՙ ներկայացնելով որպես հյուսիս-կովկասյան շահիդների պայքարի ստեղծագործություն... Մեծապես հարգելով այդ բաց նամակի տակ ստորագրած արվեստագետներից բոլորին եւ յուրաքանչյուրին, հարց կուզեմ տալ, թե այդ ինչո՞ւ նրանք այդքան արագ ընդառաջեցին մի բեմադրություն Ֆրանսիայում ցուցադրելու վերաբերյալ արգելք դնելու կոչի տակ ստորագրելուն, սակայն կարծես անտարբեր են մեր մշակութային դաշտում տեղի ունեցող անհամեմատ ավելի ցավալի երեւույթների դեմ: Տեսեք տեսեք, ի՛նչ սրբապղծություն, «Անուշը» բեմադրել են որպես մյուզիքլ եւ ուզում են ցուցադրել Փարիզում: Իսկ նույն մարդիկ չեն էլ մտածում համախմբվել եւ բարձրաձայնել նույն օպերայի ու բալետի թատրոնում տեղի ունեցող այլ մտահոգիչ երեւույթների մասին, որ նրա աշխատողները վաղուց նորմալ աշխատավարձ չեն ստանում, որ երկացանկն ավելի քան խղճուկ է, որ հայ բալետն անմխիթար վիճակում է... Նույն մարդիկ, որ այնքան մտահոգ են հայ մշակույթով, ինչո՞ւ նախագահին չեն խնդրում արգելել մեր միջնադարյան վանքերի ու կամուրջների եվրոնորոգումը, տասնյակ պատմաճարտարապետական հուշարձանների կործանումն ու աղավաղումը, Երեւանի պատմական անցյալի անհետացումը... Ինչո՞ւ չեն բողոքում, որ Հայաստանի պատկերասրահներից մեկը մյուսի հետեւից անհետանում են գեղանկարներ ու քանդակներ. մերկապարանոց չհնչելու համար նորից հիշեցնեմ, որ Հրազդանի պատկերասրահից անհետացան հայ արվեստի մի շարք նմուշներ եւ ոչ ոք պատասխանատվություն չկրեց դրա համար... Այդքան մտահոգ լինելովՙ քանի՞ անգամ դիմեցիք հանրապետության նախագահին, խնդրելով արգելել այս ժողովրդին օր ու գիշեր հեռուստաբռնաբարման ենթարկող այլանդակ սերիալներըՙ իրենց սերմանած բռնությամբ ու դաժանությամբ, դիտմամբ գռեհկացված հայոց լեզվով... Ինչո՞ւ համատեղ չեք բողոքում, որ Երեւանը լցվում է քաղաքի ճարտարապետությունը աղճատող շենքերով, անճաշակ եւ անտեղի արձաններով. գլուխգործոցը վերջերս իր «հեղինակությամբ» հայտնի մի հանգուցյալ թաղապետի կիսանդրու տեղադրումն էր... Հարգում եմ ձեզ, ձեր վաստակը, սակայն շատ ավելի կհարգեի, եթե ձեր մեջ տեսնեի ոչ միայն դափնիների վրա հանգստացող արվեստագետների, այլեւ նախ եւ առաջՙ քաղաքացիների, որը ոչ միայն «Անուշի» այլընտրանքային բեմադրության առթիվ իր ստորագրությունը կդներ նախագահին ուղղված նամակի ներքո, այլեւ կպայքարեր մեր առօրյա կյանքն անտանելի դարձնող եւ երկիրը կործանող բազմաթիվ այլ երեւույթների դեմՙ սկսած բնության վայրենի ավերումից ու մեզ պատուհասող բնապահպանության աղետներից մինչեւ պետական բյուջեի վատնումը, օրենքների անգործությունից ու ամեն վայրկյան մեր իրավունքների խախտումից մինչեւ հարցերի հարցըՙ արտագաղթը... Չէ, այդ ամենը մեզ չի վերաբերում: Եկեք նախագահի մակարդակով արգելենք, որ մեր օպերային թատրոնին անուն դրած դրսեցի ռեժիսորի բեմադրությունը հանկարծ չցուցադրվի Փարիզում: Ա՛յ դա մեծ հարց է: Ա՛յ թե ինչը այս ազգը կփրկի... (*) Նամակը հրապարակվել-տարածվել է երեկ` համացանցով |