RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1522, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 54

«ԱՆՈՒՇԸ» ԹԱՓԱՌԵԼՈՒ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ «ՍԵՔՍՈՒԱԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՐՍԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Վերջին օրերին հայաստանյան մամուլում մեր արվեստագետների կողմից արտահայտված վրդովմունքը բեմադրիչ Սերժ Ավետիքյանի նոր «Անուշ»-ի ներկայացման առնչությամբ պատճառ հանդիսացավ, որ ես անդրադառնամ այս հարցին: Նկատի ունենալով իմ խորին հարգանքը դեպի մեր հանրապետության պատկառելի արվեստագետները, նրանց ընդվզումը մամուլում` «Անուշ»-ի այլանդակ ներկայացման եւ մեր օպերային արվեստի ողնաշարը հանդիսացող ավանդական օպերայի հեղինակազրկման առթիվ, խորապես կիսում եմ նրանց վիրավորանքը եւ ձայնակցում ամբողջ սրտով:

Պատշաճությունը պետք է մղեր ինձ այստեղ վերջ դնելու իմ արտահայտություններին, բայց երբ ծանոթացա Սերժ Ավետիքյանի ինքնաարդարացման միտող ելույթներին, նկատեցի որ հարցը շատ ավելի լուրջ է, եւ այն տեղափոխվում է գեղարվեստական ոլորտից դեպի սոցիալական-բարոյական հարթություն`մանավանդ հանդիպելով նրա հետեւյալ տողերին. «Շատ կարեւոր է ամրապնդել ազատությունը նաեւ սեքսուալ հարաբերությունների հարցում»: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է «Անուշը» թիրախ դարձել Ս. Ավետիքյանի սեքսուալ մտահոգությունների համար եւ արդյո՞ք «Անուշ» օպերան Ֆրանսիայում կարող է ազատություն շնորհել մեր երիտասարդներին, եթե այլանդակված, աղավաղված ձեւով այն ներկայացվի օտարներին: Սա նման է նրան, որ խնձորի ծառը պատվաստվում է տանձ ստանալու համար: Տիգրանյանի «Անուշ» կոթողային ստեղծագործությունն ավելի քան հազար անգամ ներկայացվել է եւ արմատավորվել մեր սրտերումՙ մեծ պատկառանք եւ հարգանք առաջացնելով Հ. Թումանյանի եւ Ա. Տիգրանյանի անմահ անունների նկատմամբ: Մինչդեռ Ավետիքյանը հայտարարում է, թե եկել է Թումանյանի վրայի փոշին մաքրելու: Ինչպիսի՜ ցինիզմ եւ ինքնահավանություն:

Միշտ վիճելի հարց է եղել, թե արդյո՞ք ծնողների միջամտությամբ կամ նրանց կամքից անկախ ընտանիք կազմող զույգերը «սեքսուալ ազատությունից» զրկված են լինում: Չեմ կարող նաեւ պնդել, որ հայկական ավանդույթը ամուսնության հարցում վերջնական իր լուծումը տվել է այս ծեծված հարցին: Բայց մի բան հստակ է, որ այսօր, ավելի քան երբեք, հայ նորակազմ ընտանիքներում ամուսնուլուծությունները օրեցօր շատանում են` անկախ վերոհիշյալ պարագաներից. այնպես, ինչպես Արեւմուտքում սեքսուալ ազատությամբ «ամուսնացող» զույգերի մոտ:

Եթե Ս. Ավետիքյանի մտահոգությունն ըստ էության այս խնդիրը լուծելն է, թող անի առանց զոհաբերելու մեր մշակութային արժեքները: Ավելի մեծ ազգանվեր գործ կկատարի, եթե զբաղվի միայն սեքսուալ ազատությունների ձեռք բերման հարցով: Բայց տրամադրված գումարների չափազանցությունն այս նոր ներկայացման համար այլ բանի մասին է խոսում: Այս նույն պատկառելի գումարներով կարելի էր հենց «Անուշ» օպերան իր ավանդական կատարումով ներկայացնել Ֆրանսիայում` մեծ գոհունակություն պատճառելով թե մեզ եւ թե օտարներին: Վստահ եմ` Եվրոպայում դասական ներկայացումները նվազ չեն գնահատվում ժամանակակից, իմաստազուրկ, արհեստական գործերից:

ՀՀ Մշակույթի նախարարության համար սա սթափեցնող ահազանգ պետք է լինի, որ նախընթաց չլինի արվեստի կեղծ ջատագովներին, որ շռայլորեն գումարներ չտրամադրվեն մեր ժողովրդի վրա ծիծաղող բախտախնդիր «արվեստագետներին» եւ նման ճանապարհ չհարթի նոր ախորժակով զինված «մշակույթի գործիչների» համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ