RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2334, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՉՈՐՍ ՀԱՄԱՐՅԱ ԹԵ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնք վարել է երկրի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախ ամփոփվել են Երեւանի ավագանու ընտրությունները. ապա եւ` կառավարության կազմ է առաջադրվել: ՀՀԿ ղեկավարը, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամները դրական են գնահատել թե ընտրությունների որակը, թե ընթացքը, թե արդյունքները: Նիստերից հետո լրագրողներին հանդիպած ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով` բարձր է գնահատվել «սիրելի հայաստանցիների վստահությունը» եւ ՀՀԿ-ի, եւ Տարոն Մարգարյանի հանդեպ, խոսվել է, թե ամեն ինչ պետք է անել այդ վստահությունն արդարացնելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ, գործադիրի եւ խորհրդի միաձայն որոշմամբ կուսակցությանն առաջարկվել է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն իրականացնել` կառավարության աշխատակազմի ղեկավարին օժտելով նաեւ նախարարի գործառույթով, որպես հիմնավորում նշվել է այն, որ 4-5 տարիների ընթացքում կառավարության իրականացրած բարեփոխումներում մեծ դեր պետք է ունենա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Այդ պաշտոնում միաձայն առաջադրվել է մինչեւ այժմ ֆինանսների նախարար եղած Վաչե Գաբրիելյանը , ով Շարմազանովի բնորոշմամբ պրոֆեսիոնալ է, բարեկիրթ եւ ունի տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու լայն փորձ: Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնում, ինչպես եւ ԶԼՄ-ներն էին գրել, առաջադրվել է լեգենդար մարզիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանին . «Ես կարծում եմ եւ հուսով եմ, որ լեգենդար մարզիկ եւ իմ հարգած ընկեր Յուրի Վարդանյանը, ինչպես 80-ականներին իր աշխատանքով եւ ռեկորդներով էր հիացնում մեր հասարակությանը, ողջ հայությանը, այնպես էլ ինքն ամեն ինչ կանի մեր մարզիկների հետ միասին, որպեսզի մենք տարեցտարի ունենանք ավելի լավ ձեռքբերումներ սպորտի բնագավառում», հիմնավորեց ՀՀԿ մամլո խոսնակը:

Ֆինանսների նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է, Է. Շարմազանովի բնորոշմամբ պրոֆեսիոնալ ֆինանսիստի, ով երկար տարիներ աշխատել է թե բանկային համակարգում, թե կառավարությունում` Դավիթ Սարգսյանին (մինչեւ այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար), Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում` միջազգային հայտնի փորձագետ, նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին ` հղում անելով նրա պրոֆեսիոնալ ունակություններին, բարեփոխումների իրականացման ճանապարհին նրա դրսեւորած մասնագիտական որակներին:

Մնացած բոլոր նախարրներին ՀՀԿ-ն փաստորեն վստահել ու թողել է նույն պաշտոնում, այնպես որ ՀՀԿ քվոտայով մինչեւ այժմ պաշտոնավորող մյուս նախարարները կշարունակեն այսուհետ էլ պաշտոնավարել եւ այսօր կվերանշանակվեն: Փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում եւս կվերանշանակվի Արմեն Գեւորգյանը: Տիգրան Դավթյանը (ով էկոնոմիկայի նախարար էր մինչեւ այժմ), առեւտրի համաշխարհային կազմակերպությունում կլինի Հայաստանի ներկայացուցիչը:

Կառավարությունը փաստորեն շարունակելու է լինել կոալիցիոն, քանի որ ՕԵԿ-ի երեք նախարարական պորտֆելները պահպանվում են: Երեկոյան ՕԵԿ-ը ներկայացրեց իր առաջադրումներըՙ քաղաքաշինության նախարարՙ Սամվել Թադեւոսյան, գյուղնախարարՙ Սերգո Կարապետյան եւ Արտակարգ իրավիճակների նախարարՙ Արմեն Երիցյան: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ է կանչվել Ավագ Հակոբյանը:

Մարզպետների եւ փոխմարզպետների հարց երեկ չի քննարկվել` «Պիտի դանդաղ շտապել, երբ քննարկենք մարզպետների նշանակման հարցը, այն ժամանակ սիրով կպատասխանեմ նաեւ այդ հարցին», նշեց Է. Շարմազանովը: «ՀՀԿ-ն ու՞մ հետ է համագործակցելու» հարցին ի պատասխան` Է. Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ, եւ այս վերջին 5 տարին ապացուցում է, որ ՀԱԿ-ից մինչեւ ՀՅԴ բոլորի հետ էլ համագործակցում ենք: Այլ բան է, թե այդ համագործակցությունն ի՞նչ արդյունք է տվել եւ ո՞ւմ մեղքով չի երկարել»:

Այն հարցին, թե հասարակությունը դժգոհ էր կառավարության աշխատանքից, սակայն կառավարությունը համարյա նույնն է մնացել, Է Շարմազանովը չհամաձայնեց. «Մեր երկրում այս մի տարվա ընթացքում 4 ընտրություն տեղի ունեցավ, որոնցում բոլոր խնդիրներով ու դժգոհություններով հանդերձ` ՀՀԿ-ն ստացել է ընտրողի վստահության քվեն: Մենք էլ շատ բաներից դժգոհ ենք, եւ դրա համար պետք է շատ ավելի արդյունավետ աշխատենք: Դուք կարծում եք, թե 4 նախարարի փոփոխությունը բավարար չէ՞: Ավելին` խնդիրը գործելաոճի փոփոխությունն է, եւ մենք պետք է գնանք բարեփոխումների ճանապարհով: Համոզված եմ` եկել է ժամանակը, որ այդ բարեփոխումների արդյունքները լինեն տեսանելի»:

Ավագանիում մյուս ուժերի հետ համագործակցելու կամ միայնակ աշխատելու վերաբերյալ վերաբերյալ «Ազգի» հարցին ի պատասխան` ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, թե ՀՀԿ-ն երբեք միայնակ չի աշխատում, քիթը չի ցցում ուրիշ քաղաքական ուժերի նման. «Մեզ համար այս հաջողությունը, այս վստահության քվեն պարտավորեցնող է, ավելի է ավելացնում մեր պատասխանատվությունը: ՀՀԿ-ն տարբեր ոլորտներում ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլեւ քաղաքացիական հասարակության հետ է պատրաստ աշխատել, ու լրատվամիջոցների հետ նաեւ», ասաց Շարմազանովը` առողջ քննադատության համար շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցներից, քանի որ լրագրողներիս քննադատությունն օգնում է, որ իշխանությունները չլճանան: Ու այդ քննադատությունը պետք է ուղղված լինի ուղղելուն, այլ ոչ թե վարկաբելելուն:

Էդուարդ Շարմազանովը ոչ մի կերպ չմեկնաբանեց այն լուրերը, թե ԲՀԿ-ի հետ համաձայնության արդյունքում հնարավոր էր լինելու պորտֆելներ հանձնել նաեւ այդ կուսակցությանը: Նույն կերպ, նրա մեկնաբանության տիրույթից դուրս մնացին այն զարմանազան լուրերը, որոնք վերաբերում էին սփյուռքի, մշակույթի նախարարների փոփոխությանը: Դրանք նա համարեց հորինված լուրերի շարքից եւ ոչ իր մեկնաբանության նյութ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ