ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ Բաքվում անցկացված ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստից հետո շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, թե Հայաստանի հավաքականը կմասնակցի 2016-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու Բաքու չի ժամանել ՖԻԴԵ-ի փոխնախագահ Վանիկ Զաքարյանը: «Ժնեւում մեկնարկել է կանանց Գրան պրիի մրցաշարը եւ Վանիկ Զաքարյանն այնտեղ վճռաբեկ կոմիտեի նախագահն է: Բայց նա կժամանի Բաքու, քանի որ 2016-ի շախմատի համաշխարհային օլիմպիադայի նախապատրաստման աշխատանքային խմբի անդամ է: Բաքու կժամանի նաեւ Հայաստանի հավաքականը: Մենք շախմատի Հայաստանի ֆեդերացիայից մերժում չենք ստացել: Ես հրավիրել եմ Հայաստանի հավաքականին Բաքու ու պատրաստ եմ անձնական միջոցներիս հաշվին դա կազմակերպել: Չեմ բացառում, որ մրցաշարի մեկնարկից առաջ հայ լրագրողներին եւս բերեմ Բաքու, որպեսզի հաղորդակցվեն: Շախմատը պետք է միավորի աշխարհը», նշել է Իլյումժինովը: |