RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013



Տեղադրվել է` 2013-06-17 23:39:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1199, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՇՈԳ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ԴՐՍՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերահսկիչ պալատի հաշվետվության աղմկահարույց քննարկումը, որ սկսվել էր Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայում, երեկ շարունակվեց արտահերթ նիստով: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույցում եւ դրանից հետո պատգամավորների հարցերին պատասխանելով` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ե՛ւ ընդունեց խախտումները, ե՛ւ դրանց վերաբերյալ կառավարության քայլերի մասին խոսեց, բայց չհամաձայնեց ՎՊ ձեւակերպմանը, թե խախտումները համակարգային բնույթի են, ու բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում է տեղի ունեցել: Անգամ նկատեց, որ գործադիրը միշտ չէ, որ համաձայն է եղել ստուգումների գնահատականներին, ՎՊ-ի հետ քննարկումների ժամանակ հաճախ չեն համաձայնել: Բայց որ ՎՊ-ն 706 մլրդ դրամի ռիսկային ծախսեր է մատնացույց արել իր վերահսկած ոլորտներում, իհարկե մտահոգիչ է, եւ կառավարութթյունը մեկ-մեկ նայել է խնդիրները, դրանց վերաբերյալ հանձնարարականներ տվել, ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ ակտիվ աշխատում են:

Պատգամավորներից Մանվել Բադեյանը հարցի միջոցով հայտնի արեց չհամաձայնելիքը. եթե ստանդարտներ եւ նորմատիվային բազա չկան` կառավարությունն ու ՎՊ-ն միշտ էլ տարբեր լեզուներով են խոսելու, տակն էլ պղտոր ջուր, քանի որ խնդիրն այն է, թե ո՞ր միավորն ես հաշվելու ելակետ վերցնում (նույն` ՎՊ նախագահի բերած օրինակով իսկ, ըստ Բադեյանի, էլեկտրալարը կարող է հարյուր դրամից սկսած արժենալ):

Նիկոլ Փաշինյանը , ինչպես միշտ, անձնավորված տժժոցի կողմնակից էր, եւ ինչպես ՎՊ նախագահին էր հարցրել նրա կառուցած առանձնատան ֆինանսական միջոցների ծագման մասին, փոխվարչապետին էլ հարց ուղղեց «Տոյոտա-Երեւան» ընկերության վերաբերյալ, որի մի մասի սեփականատերը, ըստ Փաշինյանի, փոխվարչապետն է, իսկ կառավարական գնումներով այդ ընկերությունը «ատկատի» հնարավորություն է ստանում: Փոխվարչապետը ժխտեց այդ ընկերության հետ իր կապը:

Իսկ թե կառավարությունը համեմատե՞լ է նախորդ երկու տարիների չարաշահումները, դրանք պակասե՞լ, թե՞ ավելացել են` Արմեն Գեւորգյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այս հարցը դեռ պատասխան չունեցավ` նախորդ հինգշաբթի օրվա քննարկումից հետո վարչապետի հանձնարականները կամփոփեն, այդպիսի տեղեկությունները եւս հրապարակային կդառնան:

Դե իսկ պատգամավորների ելույթները, անկախ ընդդիմադիր եւ իշխանական լինելուց, տաք էին, չնայած շեշտադրումներն էին տարբեր: Սակայն շատերը հիշեցնում էին նախագահ Սարգսյանի հայտնի ելույթը հայտնի խորհրդակցությունում` «ատկատների» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին անհանգստացնում էր, որ ՎՊ հաշվետվության մեջ խախտումները որակված էին համակարգային եւ ընդհանրական, իսկ փոխվարչապետի կարծիքն ուրիշ էր: Վերջինս դեմ չէր բացահայտումների` քրեաիրավական բնույթի հետեւանքներին, եթե դրանց համար հիմք կա, բայց մեկ դեպքով, ըստ նրա, ամբողջ համակարգը ոչնչացնել չի կարելի: Իսկ բացահայտումների դեպքերն, իհարկե, կառավարության հստակ վերաբերմունքին պետք է արժանանան: Հովհաննես Մարգարյանն առաջարկում էր, որ ՎՊ-ի` գործերը դատախազություն ուղարկելուց հետո դատախազությունը հաղորդում տա դրանց վերաբերյալ:

ՀՀԿ-ից Գագիկ Մինասյանի կարծիքովՙ ՎՊ հաշվետվություն ներկայացնելու ֆորմատով կառավարության հետ արդյունավետ համագործակցություն իրականացնել հնարավոր չէ, ՀԱԿ-ական Գագիկ Ջհանգիրյանը բյուջե «փայ մտնելու» վիճակն հանդուրժել այլեւս անհնար էր դիտում, հակառակ պարագայում` «մենք էլ ենք դառնում այս թալանի հանդուժող ու մասնակից»:

Ըստ Արտաշես Գեղամյանի ` ՀՀԿ-ն վստահ է իր ուժերի վրա եւ բոլոր թերությունների մասին ինքն է ասում: Սամվել Նիկոյանը կարծում էր, որ մասնագիտական գնահատականներից քաղաքական ենթատեքստի անցավ քննարկումը, այդ առումով բավական բացասական էմոցիա մնաց: Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը տարանջատեց` շինարարությունը քաղաքաշինության նախարարությունը չէ, բայց եւ` պատասխանատու են ոլորտի համար: Եվ նշեց, թե խորքային վերլուծություններ չկան «ատկատները» շինոլորտում ծնող պատճառների մասին, խախտումները միայն հետեւանք են` պրոֆեսիոնալների պակասի, թերի վերահսկողության: Եվ բերեց օրինակ, թե ինչպես է մի մարդ ստուգել 150 կազմակերպություն: Նա նշեց վիճակը շտկելու ուղղությամբ արդեն ձեռնարկված միջոցառումների մասին` 550 լիցենզիա է կասեցվել, շինարարության արժեքը հաշվարկող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել եւ այլն:

Այսօր դեռեւս կարտահայտվեն պատգամավորներից շատերը, եւ թեժության պակաս այս շոգ-կրակին Ազգային ժողովում չի զգացվի` ուղիղ եւ փոխաբերական իմաստներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ