ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել Բելգիահայ գաղութի համար հունիսի 14-ը կարեւոր եւ նշանակալից էր: Երկարատեւ շինարարական աշխատանքներից հետո վերջապես Բրյուսելի Jette թաղամասում շահագործման հանձնվեց hայ մշակութային կենտրոնի շենքը: Արարողության բացման խոսքը վերապահված էր Բրյուսելի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանին: «Մշակութային կենտրոնը հայ գաղութի խորհրդանիշն է եւ հանդիսանում է յուրաքանչյուր հայի տունը: Կենտրոնի բացումը բնորոշում է օտար ափերում հայ ժողովրդի անկոտրում կամքը, հայկական մշակույթը պահպանելու, զարգացնելու, ինչպես նաեւ գալիք սերունդներին փոխանցելու հեռանկարները», համոզմունք հայտնեց վարդապետը: Բելգիահայ համայնքն ունի տարիների երկար պատմություն: Պատմական տարբեր իրադարձությունների հետեւանքով տարեց տարի աճել է հայերի արտագաղթը դեպի այս երկիր: Բելգիայում հայ սփյուռքի հիմնական կորիզը Թուրքիայից գաղթած հայերն էին, որոնք հետագայում համալրվել են նաեւ լիբանահայերով, սիրիահայերով, պարսկահայերով, իսկ վերջին 10-15 տարիներինՙ նաեւ հայաստանահայերով: Պաշտոնական տվյալներով երեսուն հազար հայ է բնակվում այստեղ, թեպետ այդ թվաքանակն օրեցօր փոխվում է դեպի ստվարացում: Շատերի համոզմամբ մի տեսակ անբացատրելի անջրպետ, պառակտվածություն է նկատվում Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքից եկած հայերի միջեւ, ուստիեւ ներկաները հուսով են, որ կենտրոնը կդառնա նախ եւ առաջ միասնության, համերաշխության օջախ, ինչը կնպաստի մեղմացնելու ու հետագայում վերացնելու տիրող փոխադարձ անվստահության մթնոլորտը: Կենտրոնի տնօրեն Կարեն Թադեւոսյանի խոսքերով, այստեղ կգործեն հայկական դպրոց, երգի, պարի, թատրոնի խմբակներ, կկազմակերպվեն լայնածավալ միջոցառումներ: Հիմնական շեշտը դրվելու է երիտասարդների վրա: Նրանցից շատերն իհարկե խոսում են հայերեն, սակայն գրել-կարդալ չգիտեն: Կենտրոնի առաջնային խնդիրը հայոց լեզվի ուսուցումն է եւ նոր սերնդին հայեցի դաստիարակելն է: Առանձնակի ուշադրություն կդարձվեն եւ հնարավորություններ կընձեռնվեն երիտասարդական կազմակերպություններին եւ բոլոր նրանց, ովքեր հանդես կգան նոր ծրագրերով եւ առաջարկություններով: Զգալի էր բելգիահայ համայնքի պատասխանատու Միշել Մահմուրյանի հուզմունքը: Մեր առանձնազրույցի ընթացքում նա նշեց, որ ուրախությանը զուգընթաց ունի նաեւ մտահոգություն, քանի որ, ըստ նրա, հաջողության գրավականը կլինի այն, որ նախատեսված ծրագրերը կարողանան կյանքի կոչել եւ նպատակին ծառայեցնել: Մշակութային կենտրոնը դարձնել հայերի հավաքատեղ, ուր ամեն մի հայ իրեն զգա ինչպես իր տանը: 2004-2008 ժամանակահատվածում հայերը շատ պասիվ էին, կարծես թե դեպրեսիա էին ապրում, եւ մտավախություն կար, որ համայնքը չի գոյատեւի: Բայց վերջին երկու տարում հատկապես ուսանողներն առավել ակտիվացել են, մասնակցում են համայնքի կյանքին, կազմակերպում են կոնֆերանսներ: Երիտասարդները նոր ուժ եւ թարմություն են հաղորդում, ինչը վկայում է, որ համայնքն էլ ավելի կամրապնդվի եւ կհարատեւի: Ըստ պրն Մահմուրյանի, սահմանափակումներ չեն լինելու, բոլորին անխտիր հնարավորություն կտրվեն ներկայացնել իրենց առաջարկություններն ու ներդրումները, ինչպես նաեւ կընդառաջեն իրականացնելու իրենց իսկ կողմից ներկայացված մտահղացումները: Սեր, հանդիպում, ջերմություն, երիտասարդություն, արվեստ, մշակույթ, համերաշխություն, բարեկամություն, այս կարգախոսներն են ներդաշնակելու 2013-2014թթ. մշակութային կենտրոնի գործունեությունը, համոզմունք հայտնեց կենտրոնի մշակութային հարցերի տնօրեն Կարոլին Սաֆարյանը: Երեկոն համեմվեց հայկական ուտեստներով: Մթնոլորտն այնքան անմիջական եւ տրամադրող էր, որ մոռացության էր մատնվել հայրենիքի հեռավորությունն ու օտարության զգացումը, ինչը ակամա հիշեցնում էր մեր մեծ գրող Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Աշխարհում եթե երկու հայ միայն մնան, դարձյալ Հայաստան կկառուցեն»: |