RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013



ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2013-06-17 23:39:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1157, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ ադրբեջանական մամուլում ուշագրավ տեղեկություն տարածվեց, որ այդ երկրի եվրոպական մի շարք դեսպանատների «գործունեությունը վերահսկում եւ ուղղորդում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի տեղակալ Էլխան Սուլեյմանովը»:

Ի պատասխան հանդես եկավ ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաեւը, որը նման տեղեկատվությունը գնահատեց «աբսուրդային» եւ հավելեց. «Դեսպաններին նշանակում է նախագահը, իսկ նրանց աշխատանքները կոորդինացնում է արտգործնախարարությունը» (տես http://haqqin.az/news/6764):

Ավելի ուշ նույն լրատվամիջոցի համար պարզաբանումներով հանդես եկավ Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաեւը: Վերջինիս հայացքովՙ «Եթե այդ բոլոր դեսպանատներն անեին կեսը, ինչ անում է Սուլեյմանովը` բարձրացնելով ղարաբաղյան խնդիրը, ապա շատ բան մեր օգտին կլիներ»:

Պատգամավորի ասածից հետեւում է, որ եվրոպական երկրներում ադրբեջանական դեսպանատները Լեռնային Ղարաբաղի հարցում միասին վերցրած չեն անում Սուլեյմանովի արածի անգամ կեսը: Այլ կերպ ասած` մատնված են անգործության: Իսկ, ինչպես հավաստել է ԱԳՆ խոսնակը, «դեսպաններին նշանակում է նախագահը»:

Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ադրբեջանական դեսպանատները նախագահ Իլհամ Ալիեւից ստացել են անգործությա՞ն հրահանգ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ «կոորդինացնո՞ւմ է այդ անգործությունը»: Հարցադրումը սեւ հումորի ժանրից չէ: Քանի որ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաեւը բաց տեքստով հայտարարել է, որ «ցավոք, մի շարք դեսպանատներ զանազան մեխանիզմներ են գործի դնում, որպեսզի խոչընդոտեն նրա (Էլխան Սուլեյմանովի-Վ. Ա.) գործունեությանը»:

Եթե եվրոպական երկրներում ադրբեջանական մի շարք դեսպանատներ իրոք զանազան մեխանիզմներ են գործի դնում, որպեսզի խոչընդոտեն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի գործունեությանը, եթե այդ դեսպանատների աշխատանքները կոորդինացնում է ԱԳՆ-ն, եթե վերջինս էլ իր հերթին ուղղակիորեն ենթարկվում է Իլհամ Ալիեւին, նշանակում է, որ Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաեւը սեփական երկրի նախագահին ներկայացնում է չափազանց ծանր մեղադրանք:

Հնարավոր էՙ Ֆազիլ Մուստաֆաեւը չի հասկացել, որ Իլհամ Ալիեւին մեղադրում է պետական դավաճանության մեջ: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի օգտին ծավալված գործունեության խոչընդոտումը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն: Իսկ անպատկերացնելի է, որ մի շարք դեսպանատներ կարող են նման գործունեություն իրականացնել ինքնագլուխ:

Մամուլի հրապարակումների համաձայն, Սուլեյմանովը Եվրոպայում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» հիմնական կազմակերպիչն է: Եվ եթե այդ հարցում ադրբեջանական դեսպանատները սկսել են նրան խորչընդոտել, ապա թերեւս այն պատճառով, որ իշխող ընտանիքի կերակրացանկը դրանից չտուժի:

Կամ էլ Իլհամ Ալիեւը հասկացել է, որ եվրոպացիներն «անշնորհակալ» մարդիկ են, խավիարը վայելում, բայց ոչ ԼՂ հարցում են իրեն օգնում, ոչ էլ, մանավանդ, Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներն են մոռացության տալիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ