«ԶՈՐԱՎԱՐԸ» ԿԶԱՐԳԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հ. Հ. ՀՀ բանակի պահեստի փոխգնդապետ, Դոնի կազակական զորքերի գեներալ-մայոր, ռազմական պատմաբան Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Զորավար» հիմնադրամ, որի առաքելությունը հայ ժողովրդի ռազմական մտածողությունը ներկայացնելն է: Կառույցն ունի իր կանոնադրությունն ու զինանշանը եւ շուտով կսկսի առավել ակտիվ գործունեություն ծավալել: Հիմնադրամի անդամները չեն ցանկանում, որ «Զորավարը» համարվի հերթական հասարակական կազմակերպություններից մեկը: Առաջադրված նպատակներն են այլ: Թեպետ հիմնադրամը դեռ իր գործունեությունը չի սկսել, սակայն նվիրատվություններով կարողացել է որոշակի գումար հավաքել: «Զորավար»-ի միջոցներով կտպագրվեն հայ զորավարների մասին գրքեր հայերեն եւ անգլերեն լեզուներով: Բացի գրքեր հրատարակելուցՙ հիմնադրամում ցանկանում են նախ «Զորավար» թանգարան ստեղծել, արշավներ կազմակերպել դեպի զինվորականների ծննդավայրեր: Առաջին մեծ միջոցառումը նախատեսված է սեպտեմբերին. բարեգործական համերգից հավաքված գումարը կտրամադրվի «1000 հայ գեներալներ եւ զորականներ» գրքի անգլերեն տարբերակի հրատարակմանը: Բացի հայ ժողովրդի ռազմական մտածողությունը ներկայացնելուցՙ հիմնադրամը ձեռնամուխ կլինի բանակի սպաների եւ զինվորականների սոցիալական որոշակի խնդիրներ լուծմանը: Կլինեն անվանական օժանդակություններ: Այն, ինչ այսօր բարձրայնում են ազատամարտիկները, հնարավոր չի լինի լուծել մասնավոր կազմակերպության օժանդակությամբ: «Դա պետությանը վերաբերող հարց է», ասաց Պետրոսյանըՙ հավելելով, որ իրենք էլ անվանական օժանդակություն կցուցաբերեն ազատամարտիկներին: |